Ազդ անցյալից

Լայնեզր գլխարկներից մինչև ծոպավոր ֆեսեր․ հայկական թերթերի «գլխարկային» գովազդները․ «Ազդ անցյալից»

Ում մտքով կանցներ, որ 17-18 դարերում լայնեզր գլխարկները ոչ այնքան նորաձևության ճիչ էին, որքան, կոյուղաջրերից մարդկանց ապահովագրող հարմարանքներ: Այսօր կպատմենք հայկական մամուլում գլխարկների գովազդների մասին:

Դանօվսկի փողոցում, Թիֆլիզի Առևտրական Բանկի վերև, Միրզոեվի տան մէջ նոր բացւած զանազան տեսակ շլեապաների մագազինում ստացուեցան ՓԱՐԻԶԻՑ մեծ քանակութիւն ամառային շլեապաների և գլխարկների: Շլեապաներ՝ ցիլինդը, յարդեաց, զանազան տեսակ և գոյնի՝ պարուսինի, ալպակի և ապրեշումի, թէ երեխանց և թէ մարդկերանց համա: Ստացուեցան նմանապէս մարդկերանց համար զանազան  տեսակ գեղեցիկ և լաւ հովանոցներ (զոնտիկներ) և գալուստիկներ: Կանանց համար ստացւեցան կորսետներ, թեւանոցներ (րուկավչիկի), կրծկալներ (մանիշկի), փողապատներ, (գալուստիկ) վերջապէս կանանց տուալետի մանրամասների բոլոր սեպհականութիւններ: Անուշահոտութիւնների (պարֆիւմրի) բոլոր տեսակները կան: Վերոյիշեալ բոլոր ապրանքները ծախվում են շատ էժան գնով:Քահանաների համար ստացւել են առանձին տեսակ շլյապաներ մինչև 3 րուրբլի գնով: 

Թիֆլիսեցի գլխարկավաճառ  Գուլասպովի խանութի գովազդը կարդում ենք «Մշակ»-ի համարներում, «ՍՏԱՑՎԱ՜Ծ ԵՆ ՎԵՐՋԻՆ ՁԵՒԵՐԻ ՏՂԱՄԱՐԴԿԵՐԱՆՑ, ԿԱՆԱՆՑ ԵՒ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ գլխարկներ   ԶԱՐԴԱՐԱՆՔՈՎ և առանց զարդարանքի»:

Վաճառականն առաջարկում է նաև «ամեն տեսակ զարդեր կանանց գլխարկների համար, ծաղիկներ, ժապաւէններ,ստրաուսի փետուրներ բոլոր գոյների, թաւիշ, քօղեր, ստեկլիարուս ֆունտերով և այլն», ինչպես  նաև «գիմնազիստների համազգեստի գլխարկներ 80 կ. և աւելի բարձր» գնով:

Լայնեզր գլխարկների պատմությունը բավական արտառոց է: Պարզվում է, 17-18 դարերում դրանք ծառայել են իբրև վահան, շենքերի պատուհաններից փողոց դատարկվող գիշերանոթների պարունակության համար: Եվ դրանց գարշահոտը մեղմելու համար, կանայք ստիված էին գլխարկները զարդարել ծաղիկներով ,իսկ փողոցում  մեկին  հանդիպելիս, նրբագեղ շարժումով   ետ գցել  թիկունքին և  նոր միայն խոնարհվել, որպեսզի գարշահոտը առանձնապես չզգացվի:   Իսկ մենք կարծում էինք, թե լայնեզր՝ զարդարուն գլխարկները նորաձևության արքաների գեղարվեստական մտքի փայլատակումն են:

Կարապետ Նորատունկեան վաճառատուն ֆեսի եւ թօհաֆիէի

Կ. Պոլիս, Պահճէ –Գափու, Համիտիէ ճատտէ, շաքարավաճառ Հաճի Պէքիր աղայի խանութի դիմացի կողմը թիւ 54.

Ընտիր ֆէսեր ամեն տեսակէն, պէզիկի եւ այլ խաղի թղթեր եւ մարքեթ: Ճաշակաւոր քռաւաթներ, թաշկինակ, գուլպայ, հոտաւէտ նիւթեր, պօրթմօնէ, հովանոց, գաւազան եւ այլն:Ճաշակաւոր  ընտիր ապրանքներ չափաւոր գիներով:  

Կարապետ Նորատունկեանի ֆեսի և գալանտերիայի վաճառատան գովազդը Պոլսի «Հայրենիք»-ում է, իսկ «Բիւզանդիոն»-ը գովազդում է ֆեսճի Հովսէփ Թիւլպէնչեանի ապրանքը.

Ֆէսճի Յովսէփ Թիւլպէնճեան որ երկար տարիներէ ի վեր կ՛վայելէ հասարակութեան վստահութիւնն ի գիւտութիւ իր յաճախորդաց Ենի Ճամիի նամակատան դիմացն օսմանեան բանքայի մասնաճիւղին քով թիւ 6 պզտիկ խանութին մէջ ի վաճառ հանած է Եւրոպայի ամէն կարգի գործարանաց ֆէսերն եւ անոնց ծոպերն հետեւեալ վերջին գներով. Ֆիրթի գործարանին՝ Ա Տեսակ -11,5, Բ տեսակ -10,Նոր տեսակ -9, օսմանլը Ա տեսակ -10,Բ տեսակ- 8 եւ սուլթանիէ — 5,5 ղրուշ..:   

Ֆեսի կարևոր բաղկացուցիչը ծոպն է, փյուսկյուլը կամ սաչախը: Եղիա Գալֆայանը Պոլսի միակ հայ մասնագտեն էր, եթե վստահենք «Հայրենիք» թերթին:

  Միակ հայ սաչախճի Եղիա Գալֆաեան, Կալաթա

Եղիա էֆենտի Գալֆաեան, որ արհեստի մէջ միակ հայն է եւ իբր այն մեծ համբաւ շահած է, պատիւ ունի ծանուցանել հասարակութեան թէ պատրաստ է տուներու, եկեղեցիներու եւ դագաղներու համար ամեն տեսակ սաչախներ, քորտօններ պատրաստել խիստ ընտիր նիւթերով եւ համեմատ աժան գներով, որոնց հետ չեն կըրնար մրցիլ ուրիշ վաճառատուները: Յանձնարարութիւնք կը կատարուին կատարեալ խնամքով եւ փութով: Կը հրաւիրուին պէտք ունեցողները ուրիշ վաճառատուն մը դիմելէ առաջ անգամ մը փորձել Գալֆաեան վաճառատունը, որ սովորական գներէն հարիւրին 15-20 կը զեղչէ, երբ յաճախորդները ուղղակի դիմեն իրենց առանց թաբիսիէի կամ եորկանճիի ընկերակցութեան:

Ի՞նչ նշանակություն ուներ գլխարկը հայկական տարազում: Պատմում է ազգագրագետ, դիզայներ-ոճաբան Վահե Քոթանյանը:

Հայկական տարազում գլխավոր դեր էր զբաղեցնում հատկապես գլխարկը, որովհետև այն ոչ միայն գլուխը ծածկելու խնդիր էր լուծում, այլ նաև ուներ ծիսաբանական հատկություն և ով որ կրում էր այդ գլխարկը պահպանության խնդիր էր լուծում: Այս խնդրի յուրահատուկ լուծման տարբերակներից մեկն է օրինակ՝ Ալեքսանդրապոլում կիրառվող տղամարդու գլխարկը, շապխը, որը անմիջականորեն կապվում էր տղամարդու պատվի հետ: Տղամարդիկ գլխարկը գլխից հանում էին 3 պատրվակով. 1-ինը ՝ եկեղեցի մտնելիս, հոգեհանգստի ժամանակ՝ հարգելով մահացածին և երբ որ խմած էին լինում: Տղամարդիկ, երբ լավ խմում էին և պետք է տուն վերադառնային, 2 ֆայտոն էին կանչում: Տղամարդը իր գլխարկը՝ պատիվը դնում էր առաջին ֆայտոնի մեջ, որը պետք է ավելի շուտ տուն հասներ:

Հիմնական կիրառվողները արախչի-փափախներն էին: Արախչիները հիմնականում ձեռագործ, ասեղնագործ կտորային հիմքով նաև թաղիքագործ տարբերակով էին պատրաստված, իսկ փափախները հիմնականում կենդանու մորթուց էին, բարձր կովկասյան տիպին պատկանող գլխարկների շարք էր, որը կրկին ցուցիչ էր, որովհետև երբ ասում էին «փափախդ հանիր, լաչակ կապիր», նշանակում էր տղամարդկությունը վիրավորող ցուցիչ էր: Կանացի գլխահարդարանքները ավելի բարդ են: Տարբեր շրջաններում տարբեր գլխարկներ են օգտագործվել: Կա Բարձր Հայքյան ֆաս կամ ֆես փյուսկյուլ կոչվածը, որ ծոպավոր գլխարկ էր մահուդե և թաղիքագործ վերին հատվածով կարմիր կենտրոնից ձգվող ոսկեթել ասեղնագործությամբ և մետաքսյա ծոպավոր հիմնականում մանուշակագույն կամ կապույտ  փնջիկ էր, որը դերակատարում ուներ որպես ծամթելի կիրառություն, մեկ փնջանի տարբերակով, բացի այդ պահպանում էր վարդ -թանթանայի չմաշվելու գաղափարը: 

Գործարան հովանոցի Ժօրժ էֆթիմիատի, Կ. Պոլիս, Պահճէ- Գաբու թիւ 1,Էօմէր էֆէնտի խանի դէմ.

Սոյն գործարանի մէջ կը պատրաստուին ամէն տեսակ հովանոցներ մետաքսեայ, բրդէ եւ զանազան կերպասներով թէ արանց, թէ կանանց եւ թէ տղայոց համար: Օրական պատրաստութիւն 300-է աւելի հովանոցներու: Այս գործարանի արտադրութիւնք թէ ճաշակի եւ թէ դիմացկունութեան կողմանէ գերազանց են ուրիշ ամէն ապրանքներէ, նոյն իսկ եւրոպական արտադրութիւններէն թէ լաւ եւ թէ գիներու կողմանէ  40,5 աւելի աժան ըլլալով: Մեծ մթերք ամէն տեսակ հովանոցներու, մեծաքանակ եւ փոքրաքանակ վաճառման համար, որոշեալ գներով, նոյնպէս հովանոցի զանազան տեսակ կերպասներ:Գաւառական յանձնարարութեանց համար ճոխ մթերք ամառուան հովանոցներու:Ամէն տեսակ նորոգութիւնք:

1830-ին Լոնդոնում Ջեյմս Սմիթ անունով մեկը բացեց հովանոցի առաջին խանութ, որ գործում է մինչ օրս՝ James Smith & Sons. Տարեկան վաճառում են միլիոնից ավել հովանոց: Իսկ 1902թ. Զմյուռնիայից Յակոբ Պօստանճեանը Բիւզանդիոնի էջերին տեղեկացնում է  հովանոցի իր «էքլէր» գործարանի  արտադրանքի մասին:

Կարեւոր ազդ

Քսան տարիներէ ի վեր Իզմիր հաստատուած հովանոցի գործարան «Էքլէր» անուամբ փոխադած էի Շիշէճիլեր: Արուեստագիտական վերջին կատարելագործութեամբ և առաջնակարգ վարպետի մը հսկողութեան ներքև գործարանս կ՛արտադրէ զանազան տեսակ ամենանուրբ և ճաշակաւոր հովանոցներ: Տեսակի ազնութեան և այլ բազմակողմանի յատկութեանց մասին եւրոպական ամենամեծ գործարաններու ապրանաց դէմ մրցելու առաւելութեանց կ՛միացնէ գիներու գերազանց  աժանութիւն: Ամէն միջոցներ կ՛տնօրինուին ի դիւրութիւն գաւառական յաճախորդաց: Մեծաքանակ վաճառմանց համար տարբեր պայմաններ: Գրութիւնք և յանձնարարութիւնք պէտք է ուղղուին առ Յակոբ Պօսթանճեան, Շիշէճիլէր, Իզմի:

        Պոլսեցի Միհրդատն էլ  ի՛ր առաջարկն ուներ գնորդներին:

Միհրդատ հանրածանօթ հովանոցավաճառն Ղալաթիոյ կ՛ծախէ ճաշակաւոր եւ հաստատուն հովանոցներ՝ մետաքսէ և բրդէ: Կը խնդրէ որ ծանօթք եւ բարեկամ, եթե հովանոցի պէտք ունենան, իրեն դիմեն: Պատրաստ է գոհ ընել զիրենք թէ ապրանքի լաւութեամբ և թէ աժանութեամբ: Հովանոցներու հին կերպասներն ալ կ՛փոխէ: Ղալաթիա կամուրջին դէմ՝ Գոմիսիոն խանի անկիւնը:

Այսքանը հայկական մամուլում գլխարկների և հովանոցների գովազդների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button