Ազդ անցյալից

«Աւել»-ի օգնությամբ՝ մաքրելով  զավեշտաթերթի անկյունները. «Ազդ անցյալից»

1908-ին դերասան Վրթանես Քիւչիւքեանը Կահիրեում հիմնադրում, ապա 1914-ին Կոստանդնուպոլիս է տեղափոխում «Աւել» ծաղրաթերթի խմբագրությունը:

Այսօր թերթելու ենք զավեշտաթերթի էջերը ծանուցումներ և գովազդներ փնտրելու նպատակով: Եվ այսպես՝ «Աւել» 1908թ.

             Զինկօկռաֆ Սինան Չալքեան, Գահիրէ.

  Ահա այն միակ գործատեղին, ուր ամերիկեան վերջին կատարելագործեալ դրութեամբ կը պատրաստուին ամեն ապսպրանք, խիստ աժան և խնամքով: Որոնց նմուշները հետզհետէ պիտի երևան «Աւելի»-ի մէջ:

«Աւել»-ը 1908 թ. համարներից մեկում, հավատարիմ զավեշտաթերթ լինելու հանգամանքին, հետաքրքիր խորհուրդ է տալիս նկարիչներին, որոնց աշխատանքային միջոց ներկերը բավական սուղցել էին.

         Զուլում 

Եգիպտոս-Նկարիչները ժողուելով որոշեցին արզուալ մը խմբագրել առեւտրական գործոց նախարարին, իգական սեռի մասկէաշինութեան պատճառաւ՝  ներկերու գինը հարիւրին 78 ու կէս վրայ դրած ըլլալուն համար: Ես նկարիչնրուն տեղը ըլլամ վրձինս կնիկներուն երեսին թաթխելով գործս կը տեսնեմ:

«Աւել»-ի համարներից իմանում ենք, որ Կահիրեում եգիպտական թատրոնի դիմաց ոմն Միհրան Լութֆեան բացել է «Գաֆէ եւ պար «Այտա»»:

Գաֆէ եւ պար «Այտա», Միհրան Լութֆեան, Շարէ Ապտիւլ-Ազիզ, Եգիպտական թատրոնին ճիշդ դիմացը.

Կուզէ՞ք հանգիստ մաքուր զբօսավայր մը ունենալ, դիմեցէ՛ք մեր այս նոր բացած սրճարանը, գոհ պիտի մնաք ամեն կերպով թէ սուրճէն, թէ ըմպելիքներէն, թէ օշարակներէն, և թէ ամեն օր՝ նոր, նոր պատրաստուած բազմատեսակ համադամ մէղէներէն, որ ամեն տեղ չէք կարող գտնել: Կատարեալ մաքրութիւն և վայրկենական սպասարկութիւն, անհրաժեշ պայմաններ են:

«Սինէմաթօկրաֆ Վէնիիս Տէր և տնօրէն Երուանդ Գալուստեան, Պուլաքի նամակատան դիմաց, թրամվայի գիծին վրայ  հրավիրում  է հետաքրքրական ժամանցի՝ կինոդիտման:

 Սինէմաթօկրաֆ Վէնիիս Տէր և տնօրէն Երուանդ Գալուստեան, Պուլաքի նամակատան դիմաց, թրամվայի գիծին վրայ:  Ահա կը ներկայացնենք մեր յարգելի ընթերցողներուն անմեղ զբոսանքի վայր մը, ուր դիմողները՝ ապահով ենք որ լաւ ժամանց մը ունենալէ զատ, աշխարհիս շրջանը ըրած պիտի ըլլան՝ առանց միլիօններ ծախսելու, առանց շոգենաւի կամ շոգեկառքի սպասելու՝ պիտի տեսնեն երկու երեք ժամուան մէջ բոլոր աշխարհը իր հնութիւններով ու նորութիւններով: Եթէ իմ խօսքիս չեք հաւատար՝ կտրեցէք թերթիս մէջէն սոյն մասը՝ որ պիտի ծառայէ իբր մուտքի տոմս, բաց ի Կիրակի եւ տօն օրերէն:

Զավեշտաթերթը  ծանուցում է թատերական ներկայացումների մասին: Ըստ դրանց, իմանում ենք, որ Հակոբ Պարոնյանի թատերգությունները մեծ հետաքրքրություն էին ներկայացնում Կահիրեի հայ համայնքի համար:

        Թատրոն Եգիպտական

28 Մարտ 1909, Կիրակի գիշեր ժամը 9,  ի նպաստ Լսարան-ընթերցատան. Բարեհաճ մասնակցութեամբ տիկին Մառի Պէնլեան-Առաքելեանի: «Պաղտասար աղբար» կատակերգութիւն 3 արար, հեղինակութիւն՝ Յ. Պարոնեանի: Սանթինիի նուագախումբ ընտիր կտորներ պիտի նուագէ: Գիներ՝ Օթեակ Ա. Կարգ 150, Օթեակ Բ կարգ -80, թիկնաթոռ մասնաւոր 25, թիկնաթոռ-20, նստարան 15,  վերնատուն 5 ղրուշ:

Թատրոն Եգիպտական. 1909 Դեկտեմբեր 12, Կիրակի երեկոյ ժամը ճիշդ 9-ին ի նպաստ Աղէքսանդրիոյ հայ նուագածուաց խմբին՝ առաջնորդութեամբ Քիւչիւքեանի, մասնակցութեամբ Յակոբեանի եւ հայ թատերասէր երիտասարդաց, առաջին անգամ ըլլալով պիտի ներկայացուի Մաս Ա. «Մեծապատիւ մուրացկանները»: Կատակերգութիւն երկու արարուած, հեղինակ Յ. Պարոնեան:

Մաս Բ. «Ակամայ խուլը» ՝ խիստ ծիծաղաշարժ զաւեշտ մէկ արար: Այս  անզուգական երեկոյթին աւելի մեծ փայլ մը տալու համար՝ յատկապես Պոլսէն հրաւիրուած է կարող Դերասանուհի Տիկին Սիւզան Յակոբեան, որուն բեմական հմտութիւնը արդէն ծանոթ է Պօլսահայերուն: Աղէքսանդրիոյ Հայ նուագածուաց խումբը ղեկավարութեամբ իրենց հռչակաւոր վարպետին՝ Վինչէնցօ Կուօմօյի, միջնարարներուն պիտի նուագէ հայկական և Եւրոպական ընտիր կտորներ:

 «Աւել»-ը 1909թ. համարներից մեկում գովերգում է  տիկին Կրապետեանի՝ հմուտ դայակի և կանանց օգնականի մասնագիտական առավելությունները՝ չմոռանալով շեշտել նրա շռայլ բարի հոգու մասին:

        Հայ դայեակ տիկին Մ. Կարապետեան.

Հայ ծնողներ, կուզէ՞ք որ ձեր նորածիններուն գլուխները պէլէտիներուն պէս շամամաձեւ չըլլան, կուզէ՞ք որ երկունքի ցաւով շատ չի տառապիք, կուզէ՞ք որ ցաւերնիդ բացատրելու համար նեղութիւն չի քաշէք, կուզէ՞ք որ զաւակնիդ ծնելէ 3-4 օր վերջ ձեր ազգականներուն եւ բարեկամներուն այցելութեան երթաք, կուզէ՞ք որ ձեր սիրելի ամուսնոյն գրպանները չի ծակին եւ  մանկաբարձներուն գրպանները  չի պարարտուին, կուզէ՞ք վերջապէս որ տղաբերքի ամեն պատահարներէն եւ վնասներնէն զերծ  մնաք, դիմեցէք Եգիպտոսի միակ հայ դայակին, որ հարուստէն  առածը կուտայ աղքատին:

Եվ վերջում մի զավեշտալի, բայց դառը փորձից ելնելով արված  հայտարարություն-հորդոր-խնդրանք աղջիկ ունեցող հայ ընտանիքներին.

… Գաւառացի երիտասարդ մը կը ճանչնամ, պարկեշտ ու աշխատասէր, որ երկու տարիէ ի վեր աղջիկ կը փնտռէ Դէոգինէոսի լապտերով. չորս կողմը սալօնի աղջիկներ կերեւային եւ ինք ստիպուեցաւ սպասել  ու սպասել, մինչև որ Աստուած գթաց եւ իրեն պարգեւեց գաւառացի նորեկ աղջկան մը սրբաշնորհ ձեռքը:

Տանտիկիններ ըրէք՝ ամեն բանէ առաջ ձեր աղջիկները, ով խեղճ հայրեր ու մայրեր, եթէ կուզէք որ երիտասարդներս անվերապահ աչքով նայինք ամուսնութեան վրայ:  Ես կը կարծեմ թե «բարք» բառը պէտք է բառարաններուն մէջէն վերացնել եւ անոր տեղ անցնել «կեր, արբ եւ ուրախ լեր», թէպէտեւ մենք կարծես այդ վիճակին  հասած չենք դեռ՝ ուրախ եմ ըսել:

Այսքանը Կահիրեում 1908- ից լույս ընծայված, ապա՝ Կոստանդնուպոլսի փոխադրված «Աւել» զավեշտաթերթի ծանուցումների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

    

Back to top button