ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դպրոցից պետք է պատկերացնել, թե զենքն ինչ է․ մայիսիննյան հրաձգության մրցույթ

Երիտասարդների աչքերը փայլում են։ Սեղանին դրված մրցնակային 6 գավաթները ոգևորում են մասնակիցներին, բայց ԴՕՍԱԱՖ-ի տնօրեն Էդիկ Հակոբյանը հիշեցնում է՝ օվա գլխավոր մրցանակը նոր ռազմական գիտելիքներն ու հմտություններն են։ Պատանիները մրցելու են երեք ուղղությամբ՝ հրաձգություն, նռնակի նետում, զենքի քանդում-հավաքում։ Մինչ այդ՝ կարևոր օրվա ու լեգենդար Կոմանդոսի մասին։

«Մեր հաղթանակից հետո Կոմանդոսը աշխատում էր ՊՆ-ում, բայց հետո նպատակահարմար համարվեց, որ Արկադի Իվանիչը ղեկավարի ԴՕՍԱԱՖ-ը, և 2000 թվականի դեկտեմբերի 18-ից նա ընտրվեց որպես նախագահ, և այդ ընթացքում մենք ավելի շատ ռազմահայրենասիրական աշխատանքերի վրա ուշադրություն դարձրինք, որովհետև եթե մի քիչ բացթողում էր լինում, ինքը մեզ դիտողություն էր անում։ Երբ լուսահոգի Արկադի Իվանիչը արդեն չկար, ինձ ընտրեցին, ես հիմա ամեն մի քայլ կատարելիս հիշում եմ Արդադիի Իվանիչի դիրքորոշումը, նրա պլանները, թե ոնց պիտի կատարվի, և աշխատում եմ մոտավորապես նման ձևով շարունակել մեր աշխատանքը»։ 

ԴՕՍԱԱՖ-ը ստեղծվեց 1951 թվականին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ՝ որպես  բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն: Խորհրդային միության փլուզումից հետո հետխորհրդային բոլոր երեկրները ժառանգեցին ընկերության կանոնադրությունն ու դրա հիմքով շարունակում են նպաստել ռազմահայրենասիրական ոլորտներին՝ ասում է Էդիիկ Հակոբյանը։

«Այսօր մեր համար առաջին խնդիրը ռազմահայրենասիրական աշխատանքներն են դպրոցում, ցանկացած 14-ը լրացած պատանի կամ աղջիկ կարող է մասնակցել մեր միջոցառումներին, ինչպես հիմա»։

Այս անգամ մրցում են Երևանի հանրակրթական ու ռազմահայրենասիրական դպրոցների պատանիները։ Նախորդ մրցույթի ակտիվությունը հաշվի առնելով՝ կազմակերպիչներն ավելացրել են մեդալների, գովասանագրերի թիվը, որոշել են նաև՝ կպարգևատրվի այն աղջիկը, որն իրեն լավագույնս կդրսևորի՝ անկախ թիմային արդյունքներից։ Հակոբյանն ասում է՝ մեծացել է աղջիկների ու ընդհանրապես երիտասարդների հետաքրքրվածությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո։

14-ամյա ապագա բժիշկ Միլենա Ենգիբարյանը սպասում է կրակելու իր հերթին։ Առաջին փորձը չէ, նաև հունվարին է մասնակցել, ասում է՝ լավ է կրակել, բայց գերազանց արդյունք չի ունեցել։ Հիմա հաղթելու հստակ ցանկությամբ է այստեղ։ Համոզված է, որ Հայոց պատմության անցած ու ներկա էջերը պետք է ուսումնասիրել՝ անկախ մասնագիտությունից։

«Սիրում եմ Հայոց պատմությունը, մեր բանակը, ուսումնասիրում եմ ու ավելի եմ խորանում էդ ամենի մեջ։ Երբ հասկանում ենք Հայաստանի էս իրավիճակը՝ տարածքային և այլն իրավիճակները, ցանկանում ենք ավելի ուժեղ լինել, որ մեր թշնամիները մեզնից վախենան, դրա համար պետք է տիրապետենք էս ամենին, դառնալու եմ բժիշկ, բայց որպես հոբբի զբաղվում ենք սրանով»։ 

Մասնակիցների շարքում է նաև ապագա հատուկջոկատային Արամ Ղուլյանը։ Հունվարին բանակ կզորակոչվի։ Մինչ այդ «Ապագա զինվոր» դպրոցում սովորում է ադրբեջաներեն, մարտարվեստ, կրակային պատրաստություն։ Մասնագիտության մասին հարցին միանշանակ է պատասխանում՝ սկզբում կծառայի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, հետո կդառնա պայմանագրային զինծառայող։ Հրաձգարան մտնելուց առաջ լսում ենք Ալեքսանդր Մելիք-Ստեփանովի՝ լավ կրակելու մի քանի գործնական խորհուրդները․

«Մարդը պետք պատկերացնի, թե  զենքը ինչ բան է և փամփուշտը ինչ բան է, դրանից հետո գալիս է մասնագիտականը, կարևորը ուշադրությունը ինչում լինի, որ կոթը դրվի ուսի էն մասին, որտեղ մկան չկա, մաքուր ձևով թիրախի մեջ տեսնի հայերեն փոքրատառ «ա» տառը, նշանոցը և նշանհատիկը, և ձգանը հանգիստ սեղմելով, եթե զգում եք, որ ձեր աչքը մշուշ ա կապել, այսինքն՝ փոքրատառ «ա» տառը լավ չեք տեսնում, կանգնացնում եք կրակը,  փակում եք աչքը մի քանի վայրկյան, բացում եք,  նորից կրակում եք, գաղտնիքը դրա մեջ է»։ 

Թիմային մրցանակները 6-ն էին, բայց պարգևատրվեցին նաև էնտուզիաստները։ Այսպիսի հանդիպումները կարևոր են ոգի, պատմություն ու գիտելիք փոխանցելու համար, եթե ներկաների գոնե կեսը ձգտի դառնալ այնպիսին, ինչպիսին հայոց լեգենդար հերոս Կոմանդոսն էր, մենք կհաջողենք՝ եզրափակում է Էդիկ Հակոբյանը։

Back to top button