Գերդաստաններ

Բժշկությունից` մեծ բեմարվեստ. Արուս Գուլանյան. «Գերդաստաններ»

Արուս Գուլանյանը ՀՀ վաստակավոր արտիստ է, «Նազենի փռադաքշն» մշակութային- հասարակական կազմակերպության նախագահ, անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Կոմիտաս» մեդալակիր, 2022 թվականի «Տարվա Հայուհի»։

Սևանա լճի շուրջը սփռված գյուղերից մեկում՝ Ծովագյուղում, ապրում էր մի շատ երգասեր ընտանիք, որի ներկայությունը խնջույքներում ու ժողովրդական տոնահանդեսներին ցանկալի էր և շատ կարևոր, քանի որ ընտանիքի անդամները լավ ձայն ունեին, շատ հուզիչ էին երգում իրենց նախնիներից ժառանգած Մշո ազգագրական երգերը։ Հրաչիկ Գուլանյանն ու Արփենիկ Գրիգորյանն էին այս արվեստասեր, բայց սովորական աշխատավորի կյանքով ապրող մարդիկ, որոնք ունեին չորս դուստր և երկու որդի՝ Ծովինարը, Դավիթը, Արփենիկը, Արուսը, Աննան  և Խաչատուրը։ Արուսը շատ կայտառ էր, համարձակ։ Երբ խնդրեին, կերգեր, չէր ամաչում։ Տանը հայրիկի ձայնասկավառակներից միշտ հնչում էր Շարա Տալյանի, Վաղարշակ Սահակյանի և այլոց երգեր՝ պատմում է Արուսը։

Երեք տարեկան էր Արուսը, երբ նստում էր տան բակի աստիճանների վրա ու երգում Կաքավիկը, հիացնում անցորդներին։ Գյուղում այդ տարիներին դաշնամուր չկար, սակայն մի օր ինչ-որ մեկը մանդոլին էր գյուղ բերել։ Արուսը թախանձագին խնդրեց հորը գնել այդ գործիքը։ Հայրը կատարեց նրա խնդրանքը։ Աղջկա ուրախությանը չափ ու սահման չկար։

Մի օր Գուլանյաններին հյուր էր եկել իրենց ազգակիցներից մեկը՝ Ամալյա մորաքույրը, որը Բաքվից տեղափոխվել էր Երևան մշտական բնակության։ Նա աղջկան բերեց իր հետ Երևան, որ Երևանում սովորի։ Սա, անշուշտ, ճակատագրական եղավ աղջկա համար։

Այս տարիներին էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն, որը երգելիս տեսել էր Արուսին և սիրահարվել։ Սակայն ամուսնությունից հետո դժվարին, ինչ-որ տեղ նաև գաղտնի ճանապարհ անցավ ապագա երգչուհին, քանի որ սկեսուրն արգելում էր  հարսին երգել։ Սակայն ամուսինը՝ Հրաչյան, որը գնահատում էր  գեղեցիկը, մորից թաքուն տանում էր կնոջը երգելու։

1992 թվականն էր։ Արուսին նկատեց Թովմաս Պողոսյանը։ Երիտասարդ երգչուհին ընդունվեց Սայաթ-Նովա աշուղական երգի պետական անսամբլ, իսկ քիչ անց ստեղծեց զինվորական երաժշտախումբ։ Աղջկա մեջ, կարծես, արթնացել էր Մշո աշխարհի հերոսական ոգին։

Անցան տարիներ և Արուս Գուլանյանը դարձավ երեք երեխաների մայր, որոնց  բոլորի մեջ էլ խոսում էին երաժշտական գեները, երգում էին հենց դպրոցական նստարանից։ Մայրն անմիջապես Սամվելին տարավ Սայաթ-Նովա երաժշտական դպրոց՝ շվիի դասարան, Արմինեն խելագարի պես սիրում էր դաշնամուրը, Լուսինեն ընտրեց քանոնը։ Երգչուհու երեխաները ոչ միայն հիանալի երգում էին ու նվագում, այլև համեստ էին, համբերատար, լսող ու գործունյա։

Արմինեն դարձավ շնորհալի երգչուհի Սայաթ-Նովա աշուղական անսամբլում։ Նա  իր անցած ճանապարհին մոր՝ Արուս Գուլանյանի, և Թովմաս Պողոսյանի անմնացորդ նվիրումն է գնահատում։ Այսօր նրան շատերն են ճանաչում, նա էլ է շրջում այն քաղաքներով, որտեղ տարիներ առաջ մայրն էր երգում։ «Կռունկ գնա մըր էրգիր» երգի հեղինակն է Արմինեն։

Այսօր Արուսը Գերմանիայում է ապրում ՝ սիրելի ամուսնու առողջական խնդիրների պատճառով։ Ափսոսում է, որ իր գերմանացի հարևաններին խանգարում է բարձր, հնչեղ ձայնը, սակայն նա երբեմն հիացնում է, երբ հրավիրված է լինում տարբեր մշակութային միջոցառումների, որտեղ ներկա են լինում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։

Թովմաս Պողոսյանն Արուսի մասին ասում է․ «Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, անապական է մեր լեռնային աղբյուրների նման։ Արուսը դարձավ այն գեղեցիկ մարգարտաշարի հերթական մարգարիտը, որը սկսվում էր Շողիկ Մկրտչյանով, Արաքսյա Գյուրզադյանով, Լուսիկ Քոշյանով և այսօր էլ Արուս Գուլանյանով»։

Back to top button