Գերդաստաններ

Մանուկ Բեյ․ մեծ բարերարը, հմուտ առևտրականն ու դիվանագետը. «Գերդաստաններ»

Նա մեծ բարերար էր, անվանի դիվանագետ և պետական գործիչ։ Նրա երազանքը Բեսարաբիայի շրջանում Հայաստան ստեղծելն էր, իր ողջ ունեցվածքով գնել տարածքներ ու բնակեցնել այնտեղ հայերով, սակայն վաղաժամ մահը թույլ չտվեց իրագործել այդ ծրագիրը։ Հնչեշտում կառուցած նրա շքեղ ապարանքներից մեկը համարվել է քաղաքի «փոքրիկ Վերսալ»։ Նա  Օսմանյան կայսրության դիվանագիտական բանակցությունների գլխավոր թարգմանիչն էր։ Անչափ կարևոր է իր ներդրումն օսմանյան կայսրության արևմտականացման գործընթացում։  

1744 թվականին Աշտարակի Կարբի գյուղից Միրզայանները մեկնեցին Բուլղարիա և հաստատվեցին Ռուշչուկ բնակավայրում։ Նրանց որդին՝ Մանուկը, 12 տարեկան էր, երբ մեկնեց Յասսա քաղաք՝ առևտրականների մոտ սովորելու շահավետ առևտուր անելու գաղտնիքները, և դեռ շատ երիտասարդ էր, երբ դարձավ Բալկանների ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա դիվանագիտորեն և ըմբռնումով էր մոտենում յուրաքանչյուր երևույթի, նոր իրադարձության և շուտով նկատելի դարձավ իշխանությունների կողմից։ Նա դարձավ պետական խորհրդական և մեծ ներդրում ունեցավ Օսմանյան կայսրության արևմտականացման գործում, դարձավ Օսմանյան Թուրքիայի դիվանագիտական բանակցությունների գլխավոր թարգմանիչը:

Ծառայության անցավ Մուստաֆա Բայրակտար Փաշայի մոտ, դարձավ Բուխարեստի ռուս-թուրքական հաշտության պայմանագրի առանցքային դեմքը:

Մանուկ Բեյը մեծ ներդրում է ունեցել Բեսարաբիայի և՛ տնտեսական, և՛ քաղաքական կյանքում։ Տրամադրել է փոխառություններ, հիմնել մանուֆակտուրաներ։ Նրա անվամբ Ռումինիայում այսօր կա երկու գյուղ, Բուխարեստում՝ փողոց։ Իսկ Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում նա հիմնել է առաջին հայկական դպրոցը։

1804 թվականին անվանի բարերարն այստեղ կառուցել է մի պալատ, որը կոչվում էր «Մանուկի խան»։ Դա իջևանատուն-պանդոկ է, որն այսօր էլ կա և կրում է նրա անունը, որտեղ այցելում են բարձրաստիճան հյուրեր:

Մանուկ Բեյը 1800 թվականի սկզբներին այցելել է Արևելյան Հայաստան, նյութական օգնություն  է ցույց տվել Էջմիածնի կաթողիկոսությանը։ Նա նյութապես օժանդակել է Մուշի և Երուսաղեմի վանքերին։

Մանուկ Բեյը ամուսնացած էր հայազգի իշխանուհի՝ Մարիա Դելյանովայի հետ։ Նրանք ունեցան երկու զավակ՝ Գրիգոր Հովհաննեսը և Մարի Մանուկը։ Նրա թոռնուհիներն էին իտալացի կոմսուհի Ելիզավետա Շենսոնին, գերմանացի բարոնուհի՝ Օլգա Հոցֆելդ –Թրախթեմբերգը, իսկ Օլգայի ծոռը՝ կանադացի ճարտարապետ Փեթեր Ֆոն Քորֆն է։

Մոլդովան մինչ օրս հարգում է այս մեծ գործչի հիշատակը։ Հնչեշտ քաղաքում վերականգնել են Մանուկ Բեյի ապարանքը, այն դարձրել մշակութային կենտրոն։ Եվս մեկ ապարանք նրանք սկսել են վերանորոգել, որը հոր մահից հետո կառուցել է Մանուկ Բեյի որդին։ Այսօր Հնչեշտի ապարանք է  այցելում տարեկան 30 000 հոգի և ամեն անգամ  հիշատակվում է Մանուկ Բեյի անունը, որպես մեծ բարերարի, հմուտ առևտրականի ու դիվանագետի։

Կարդացեք նաև

Back to top button