
ԿԸՀ-ն արել է նոր խորհրդարանի ձևավորման վերջին քայլը․ կառույցի նիստում կազմվել է մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը։ 9-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատները բաշխվում են քաղաքական երեք միավորների միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բաժին է հասնում 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին համապատասխանաբար՝ 29 և 12 մանդատ։
Նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորների անունները հայտնի են։ Հաջորդ խորհրդարանի կազմն ընթերցում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, արձանագրությունը վավերացնում են հանձնաժողովի անդամները․
«Այսպիսով, խորհրդարանի նոր կազմը հաստատված է։ Հայտարարում եմ․ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թվականի օգոստոսի երկուսը՝ ժամը 10։00–ն»։

39 թեկնածու չի ցանկացել ստանալ պատգամավորի մանդատ և համապատասխան գրությունով տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ «Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկի դիմում գրել է 27 անձ, «Ուժեղ Հայաստան»-ից՝ 11, իսկ «Հայաստան» դաշինքից՝ 1 գործիչ։ Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, «Ուժեղ Հայաստան»-ում ինքնաբացարկների առաջին մեծ ալիքն էր, երբ միանգամից 105 թեկնածու հայտնեց այդ մտադրության մասին։
Պատգամավոր չեն ցանկացել դառնալ, օրինակ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան»-ից փաստաբան Գոհար Մելոյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, «Քաղաքացիական պայմանագրից» գործադիր իշխանության բոլոր անդամները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։
ԿԸՀ նիստը վերջակետ դրեց նաև տևական քննարկումներին ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցով։ Ընդիմադիրները գնում են խորհրդարան, քանի որ մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Այս ձևակերպումն արել էր Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գլխավորած քաղաքական ուժը նախորդ խորհրդարանի գործունեության 5 տարիների ընթացքում հեղինակել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք խորհրդարանական մեծամասնությունը մերժել է։
Փողոցային պայքարի հնարավորությունից չհրաժարվող «Ուժեղ Հայաստան»-ի «առաջին համար» Նարեկ Կարապետյանը պայքարի արդյունավետության տեսանկյունից կարևորում է խորհրդարանում իրենց ներկայությունը․
«Պրինցիպիալ մի հարց․ վաղը ՀՀ փողոցներում հարյուրավոր մարդիկ են, ո՞վ է այս մարդկանց ճամփելու, ո՞վ է ԱԺ-ում սեղմելու կնոպկեն»։
Արդյո՞ք Նարեկ Կարապետյանը նոր խորհրդարանում կոճակ սեղմելու հնարավորություն կունենա․ այս հարցի պատասխանը տալու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Կարապետյանին մանդատ հանձնելուց ժամեր անց կառույցը քննարկելու է հենց Նարեկ Կարապետյանին առնչվող դատախազության միջնորդությունը։ Մինչև օգոստոսի 2-ը այսպիսի հարցերով ԿԸՀ-ն դեռ զբաղվելու է՝ ասում է Վահանգն Հովակիմյանը․
«Ըստ էության, մինչև օգոստոսի 2-ը եթե արձանագրությունում ընտրված պատգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, դատախազությունը պետք է դիմի ԿԸՀ և համաձայնություն ստանա, այնուհետև քրեական հետապնդումը հարուցի։ Եթե չստանա համաձայնությունը, չի կարող այդ քրեական հետապնդումը հարուցել։ Օգոստոսի 2-ին՝ ժամը 10-ից արդեն, պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար դատախազությունն այլևս պետք է դիմի խորհրդարանին»։

Նախաքննության շահերից ելնելով՝ դատախազությունը Նարեկ Կարապետյանին առնչվող գործից տեղեկություն չի հրապարակում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան առնչվող քրեական երկու վարույթ կա՝ զինվորական ծառայությունից ազատվելու և այլ երկրի քաղաքացիության փաստերով։
Պատգամավորի մանդատ և անձեռնմխելիություն ստանալուց ժամեր առաջ քննչական մարմինը հասցրել է նաև դատարան ուղարկել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանին առչվող գործը։ Փաստաբան և արդեն պատգամավորի կարգավիճակ ստացած Արամ Վարդևանյանը իրավապահների գործողությունների արագությունն այսպես է բացատրում․
«Որ երբ այս նիստը ավարտվի և մեր ձեռքի տակ լինի այլևս արձանագրությունը նրա վերաբերյալ, որ Դավիթ Ղազինյանը պատգամավոր է և չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն` իրենք լիազորություն չունեն։ Այսինքն` գործն արդեն դատարանում է և դատախազը չունի լիազորություն վերացնելու կալանքը»։
Մանդատների բաշխման արձանագրությունը և ինքնաբացարկների դիմումները նաև որոշակի պատկեր են բացահայտում։ Այս առումով հետաքրքիր է հատկապես իշխող քաղաքական ուժի ցուցակը։ Այդպես, օրինակ, Մխիթար Հայրապետյանը չի ունենա ո՛չ մանդատ, ո՛չ էլ նախարարի պաշտոն։ Վարչապետ Փաշինյանը օրերս հաստատել էր, որ Հայրապետյանն ինքն է հրաժարվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում աշխատելու հնարավորությունից, նաև ԿԸՀ է ներկայացրել ինքնաբացարկի դիմում։
Վարչապետը ուղիղ չէր հաստատել նաև իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնը լքելու մտադրությունը, բայց ԿԸՀ-ի հաստատած արձանագրությամբ՝ Հարությունյանը փաստացիորեն վերցնում է պատգամավորի մանդատը։




