ՌեպորտաժներՔաղաքական

Ի՞նչ նպատակով է Վաշինգտոնը նոր աջակցություն պատրաստում Երևանի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ձայների 217 կողմ, 209 դեմ հարաբերակցությամբ ընդունվել է 2027 ֆինանսական տարվա ազգային անվտանգության նախագիծը, որը ներառում է նաև Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունն այլ երկրներին։ Փաստաթղթով անվտանգային աջակցության ակնկալիք ունի նաև Հայաստանը։ Ամերիկայի հայկական խորհուրդը ողջունել է օրինագծի ընդունումը և կոչ արել Սենատին փաստաթղթի վերջնական տարբերակում պահպանելու Հայաստանի վերաբերյալ ընդունված դրույթները։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հայաստանի անվտանգության աջակցության ընդլայնմանը։ Այս դիրքորոշումը տեղ է գտել է 2027 ֆինանսական տարվա «Ազգային անվտանգության, պետքարտուղարության և հարակից ծրագրերի ֆինանսավորման մասին» օրինագծում։

Կոնգրեսականներն ընդգծել են անվտանգության կարևորությունը յուրաքանչյուրի համար։ Օրինագծին կից զեկույցում նշվում է, որ Հարավային Կովկասի երկրներին հատկացվող միջոցները պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղության, կայունության, գործակցության և ԱՄՆ ռազմավարական շահերի առաջմղմանը։

Փաստաթղթով առաջարկվում է ավելացնել Հայաստանի համար Միջազգային ռազմական կրթության և պատրաստության, ինչպես նաև Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման ծրագրերի ֆինանսավորումը։

Հայաստանին առնչվող հինգ առաջարկ է ներկայացվել։ Կոնգրեսական Դարրել Իսսան առաջարկել է պատժամիջոցներ նախատեսել Ադրբեջանի պաշտոնյաների, կազմակերպությունների և ֆինանսական ցանցերի համար, եթե թշնամական գործողություններ ձեռնարկվեն Հայաստանի դեմ, միաժամանակ առաջարկել է աջակցել խաղաղության գործընթացին։ Նմանատիպ առաջարկով հանդես է եկել նաև կոնգրեսական Գեյբ Ամոն․

«Սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, եթե պաշտպանության նախարարը չհաստատի, որ Ադրբեջանը կատարել է որոշակի պայմաններ՝ ներառյալ զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի ճանաչումը և հայկական մշակութային ժառանգության վայրերի պաշտպանության պարտավորության ստանձնումը»։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես առաջարկել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործի իր բոլոր գործիքները՝ ազատելու Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Գրեթե նույն պահանջներով առաջարկ ձևակերպել է նաև կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ հավելելով հայկական մշակութային ժառանգության վայրերի պաշտպանության երաշխավորումը։

Ամերիկայի հայկական խորհուրդը ողջունել է օրինագծի ընդունումը՝ ընդգծելով, որ այն վկայում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ կարևորության ճանաչման մասին և կարող է նպաստել անվտանգության ոլորտում գործակցության խորացմանը։ Կոնգրեսից հետո նախագիծը ներկայացվելու է ԱՄՆ Սենատի քննարկմանը։ Ամերիկայի հայկական խորհուրդը կոչ է արել Սենատին փաստաթղթի վերջնական տարբերակում պահպանելու Հայաստանի վերաբերյալ ընդունված դրույթները։

Վերջին տարիներին Վաշինգտոնը Երևանին տրամադրել է ավելի քան 20 մլն դոլարի անվտանգային աջակցություն կիբեռանվտանգության, սահմանային վերահսկողության և էներգետիկայի ոլորտներում։ Ստորագրվել է նաև «Համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիա»–ն, որը նախատեսում է աջակցություն ռազմական բարեփոխումներին, սպառազինություն ձեռք բերելու հնարավորություններ և ամենամյա համատեղ զորավարժություններ։ Հայ–ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին հասել են ռազմավարական նոր մակարդակի՝ ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը․

«Վերջին երեք տարիների ընթացքում հայ–ամերիկյան հարաբերությունները զարգանում են աննախադեպ տեմպով։ Մենք, ըստ էության, երեք տարի առաջ սկսեցինք ռազմավարական երկխոսության մակարդակից, որը ամենացածր մակարդակն է գործընկերության։ Կարելի է ասել՝ հարաբերությունները հասցրեցինք ռազմավարական գործընկերության, որից հետո ստորագրեցինք երեք հռչակագիր երեք կարևոր ուղղություններով։ Իսկ հիմա այդ հարաբերությունները հասցրեցինք համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ես նայեցի Միացյալ Նահանգներում հարաբերությունների աստիճանակարգման մեջ հաջորդ աստիճանը հարաբերությունների արդեն MNNA-ն է։ Խոսքը ֆորմալ դաշնակցային հարաբերությունների մասին է»։  

Մասնագետների գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը պարզ հիմնավորում ունի՝ անդրկասպյան հաղորդուղիների ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով․

«Միջին միջանցքի կամ տրանսկասպյան հաղորդուղների գաղափարը Վաշինգտոնում շատ մեծ շրջանակ փորձագետների, քաղաքական գործիչների, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պատկերացման մեջ Եվրասիայի ապագայում շատ մեծ տեղ է զբաղեցնում։ Քաջ հայտնի է, որ այդ տրանսկասպյան հաղորդուղիների դեպի արևմուտք գնալու հնարավոր ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով, էլ չասենք, որ դրա այլընտրանքը, որ պետք է անցնի Վրաստանով, այս պահին Վաշինգտոնում առանձնապես մեծ պոպուլյարություն չունի»։

Ամերիկյան աջակցության ծավալից և ուղղություններից անկախ՝ Հայաստանի անվտանգային միջավայրը ձևավորվում է նաև TRIPP ծրագրով, որն այս փուլում համարվում է Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը։

Կարդացեք նաև

Back to top button