ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Կիպրոսը նշել է թուրքական օկուպացիայի օրը․ կղզու վերամիավորումը դեռևս անլուծելի խնդիր է ԵՄ-ի համար

Կիպրոսի Հանրապետությունում նշել են երկրի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիայի 52-րդ տարելիցը։ 1974 թվականի հուլիսի 20-ի իրադարձություններին անդրադարձել է Euronews-ը՝ հիշեցնելով, որ ավելի քան կես դար է անցել թուրքական ներխուժումից։ Լրատվամիջոցն ընդգծել է, որ Կիպրոսը մնում է ԵՄ-ի միակ օկուպացված երկիրը։

1974 թվականի հուլիսի 20-ը համարվում է Կիպրոսի ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

52 տարի առաջ՝ այս օրերին, Կիպրոսի տարածքի մոտ 36 %-ը Թուրքիան բռնազավթեց։ Թուրքական օկուպացիան շարունակվում է մինչև օրս։

Կիպրոսի Հանրապետության բոլոր քաղաքներում օդային հարձակման ազդանշաններով են հիշել 1974 թվականի հուլիսի 20-ի իրադարձությունները։

Կիպրոսը և Հունաստանը ավելի քան կես դար առաջ Թուրքիայի կատարած ռազմական գործողությունները կղզում համարում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խախտում։

Կիպրոսի օկուպացիայի տարելիցը նշվել է միջոցառումներով՝ ի հիշատակ 1974 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվածների։ Կիպրոսի և Հունաստանի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները դատապարտել են Թուրքիայի ներխուժումը։

Անկարան պնդում էր, որ իր գործողությունների նպատակը Կիպրոսում սահմանադրական կարգը վերականգնելը և կիպրացի թուրքերին պաշտպանելն է եղել։ Թուրքիան այսօր էլ մերժում է «ներխուժում» ձևակերպումը։

Չնայած միջազգային հանրության դատապարտող կոչերին և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերին, թուրքական ներխուժումը Կիպրոս, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։ Կիպրացի հույներն այդ օրը պատրաստ չէին հետ մղելու թուրքական հարձակումը՝ հիշեցնում է Euronews-ը։

Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը և Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը, բազմիցս քննադատել են օկուպացված տարածքներից հույն բնակչության զանգվածային տեղահանումը։

Տարելիցի կապակցությամբ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․

«Հիսուներկու տարի է անցել 1974 թվականի հուլիսի 20-ի թուրքական ներխուժումից, որը հանգեցրեց Կիպրոսի Հանրապետության տարածքային մասնատմանը և հազարավոր անհետ կորած, տեղահանված մարդկանց շարունակական ողբերգությանը՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Կիպրոսի պետության օկուպացիան այսօր էլ մնում է միջազգային խնդիր՝ ԵՄ-ի և ՄԱԿ-ի համար»։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը նույնպես հայտարարություն է արել այդ կապակցությամբ․ 

«Մեր հերոսները մեզ պարտավորեցնում են օկուպացված Կիպրոսի տարածքները վերամիավորելու, անելու ամեն ինչ թուրքական օկուպացիային վերջ տալու և Հյուսիսային Կիպրոսը ազատագրելու համար»։

Հունաստանն էլ հայտարարում է, որ շարունակում է աջակցել բանակցությունները վերսկսելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերին։

ՄԱԿ ԱԽ–ն բանաձևեր է ընդունել, որոնցով սահմանում է կղզու վերամիավորումը։ Իսկ ԵՄ-ն հայտարարում է, որ Կիպրոսի տարածքի բռնազավթումը դադարեցնելը գերակա խնդիր է մնում միության համար։

Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը նույնպես հայտարարություն է տարածել, որով երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությանը ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Կիպրոսի Հանրապետությունը 52 տարի շարունակում է հանձնառու մնալ խնդրի արդար կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի, միջազգային իրավունքի, ինչպես նաև այն սկզբունքների և արժեքների, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։

Հակառակ միջազգային հանրության ու կազմակերպությունների դիրքորոշմանը և կոչերին՝ Անկարան հայտարարում է, որ Թուրքիան երբեք միայնակ չի թողնի կիպրացի թուրք ժողովրդին իր պայքարում։

Կարդացեք նաև

Back to top button