
Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո հայ ձկնաբույծները փորձում են նոր ուղիներով կազմակերպել արտահանումը, նաև՝ դեպի եվրոպական շուկա։ Սակայն ֆինանսական խնդիրները, տեխնիկական ծանր պահանջներն ու մրցակցությունը նրանց համար լուրջ մարտահրավերներ են։ Այս խնդիրները քննարկելու նպատակով կառավարության շենքի դիմաց ակցիա կազմակերպած տնտեսվարողները պահանջել են փոխվարչապետի հետ հանդիպում։ Կառավարությունն այս թեմայով քանիցս հայտարարել է՝ ԵՄ արտահանման համար անհրաժեշտ հիմքեր են փորձում ստեղծել։
Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք ձկնաբույծներ կառավարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Եվրոպական շուկան անհասանելի են համարում, ոլորտը՝ լուրջ հարվածի տակ, ուստի խնդրում և ակնկալում են կառավարության հրատապ աջակցությունը։ Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանին մտահոգում է, որ վարկերը կուտակվում են, իսկ մի շարք տնտեսվարողներ փակվելու եզրին են։
«Իրենք չեն ասում՝ մեզ ձրի փող տվեք։ Ասում են՝ մեզ աջակցություն տվեք, հարցը կլուծվի, պետության տված գումարները հետ կվերադարձնենք։ Այստեղ ոչ մեկ անհատույց գումարի համար չի եկել»։
Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող շուրջ 100 տնտեսվարողից արտահանում ունի միայն 10-ը, և հենց նրանք էլ խնդիրների առաջ են կանգնել։ Արարատի մարզի իր ձկնաբուծարանում Հայկ Հովհաննիսյանը մոտ 40 տոննա ձուկ ունի։ Ասում է՝ նույնիսկ ռուսական շուկայում եվրոպացի արտադրողների հետ մրցակցել չեն կարողացել, իսկ հիմա ավելի անիրատեսական է համարում եվրոպական շուկա մտնելը։

«Մինչև ՌԴ-ի սանկցիաները եվրոպական շուկան մեզ մրցակից է եղել․մենք չենք կարողացել եվրոպական ձկնարտադրողների հետ մրցակցել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե մենք ՌԴ-ում չենք կարողացել իրենց հետ մրցակցել, ո՞նց կարող ենք Եվրոպայում մրցակցել»։
Մեկ այլ ձկնաբուծական ընկերության հիմնադիր Ռաֆայել Պողոսյանը կարծում է, որ նոր շուկաներ մտնելու համար նախևառաջ կառավարության մակարդակով մարքեթինգային լուրջ աշխատանք է պետք։ Եվրոպացի սպառողը պետք է ճանաչի հայկական իշխանը, իսկ շուկաների փոփոխությունը երկար ժամանակ է պահանջում։
«Ենթադրենք, ես 20 տարի է՝ բոքսով եմ զբաղվում, այսօր արթնացել եմ, ինձ ասում են՝ եղբա՛յր, դու էլ բոքսով չես զբաղվելու, արի՛, գնա ֆուտբոլ խաղա։ Կարո՞ղ եմ միանգամից անցնել ֆուտբոլի։ Գործիքակազմ և շուկայի ուսումնասիրություն պետք է լինի։ Լոգիստիկ ուղիները պիտի գտնենք։ Սկսած վարորդներից մինչև վերջին ստացողը՝ դրանք բոլորն էլ խնդրահարույց հարցեր են»։
Ռուսաստանի կողմից մայիսի 13-ից գործող սահմանափակումների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քանիցս պարզաբանել է, որ կառավարությունն անհրաժեշտ կարգավորումներ է տալիս, որ հայկական ընկերությունները կարողանան սառեցված ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ։
«Այսինքն՝ մենք ամբողջությամբ վերցրել ենք Եվրոպական միությունում գործող համակարգը և հարմարեցրել այն հայկական իրականությանը։ Այս որոշումների ընդունմամբ վերոնշյալ ընկերությունները հնարավորություն կստանան սկսել ու ձկան և ձկնամթերքի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Դա կնպաստի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, կնվազեցնի կախվածությունը մեկ շուկայից, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգության ընդհանուր մակարդակը»։
Նախարարը փոխանցել է, որ արդեն հինգ ընկերություն հետաքրքրված է Եվրոպա արտահանմամբ և սպասում է կոնկրետ որոշումների։ Դրանք փորձում են ներդնել ԵՄ ստանդարտները, օրինակ՝ եվրոպական երկրներից կեր ներմուծել՝ բացառելու հորմոնացված կերերով ձկների կերակրումը, ինչը եվրոպական շուկայում ամենամեծ խնդիրներից է համարվում։
Հայաստանում ներդրվում է ձկան և ձկնամթերքի արտահանման լիովին թվայնացված ընթացակարգ։ Եվրոպական շուկա մուտքի համար ձկնաբուծական ընկերությունները պետք է գրանցվեն ԵՄ առևտրի վերահսկման համակարգում՝ ըստ սահմանված կարգի։ Գրանցումն անում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը․ էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի ստուգումներից հետո տվյալները փոխանցվում են Եվրոպական միության տեղեկատվական համակարգ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը մանրամասնում է․

«Այս պահի դրությամբ մեկ հոգի դիմել է, բայց քիչ առաջ զրուցում էի մեր սահմանային վերահսկողության բաժնի հետ։ Կարծես թե մի քանի ձկնամթերք արտադրողներ և արտահանողներ էլ այս պահին դիմումներ են լրացնում»։
ՍԱՏՄ-ն ձկնամթերք արտադրողների համար նաև իրազեկման միջոցառումներ է կազմակերպում․ հուլիսի 24-ին առցանց կներկայացնի արտահանման թույլտվություն ստանալու, դիմումների ներկայացման, համակարգում գրանցվելու, առողջության սերտիֆիկատի ձևավորման և տնտեսավարողների պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ։
Թեև փաստաթղթաշրջանառությունը թվայնացվում է, սակայն ապրանքի հետագծելիության համակարգը դեռ ամբողջական չէ՝ կառավարության նիստում նշել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շեշտելով, որ հենց սա է մտահոգում բեռնափոխադրողներին։ ԵՄ պահանջն է, որ հնարավոր լինի վերահսկել ապրանքի շարժը ողջ ճանապարհին՝ մինչև եվրոպական սահման հասնելը։ Կապարակնքման հարցը ևս դեռ լուծված չէ, ինչն արտահանման ևս մեկ խոչընդոտ է։
«Իսկ այս պարագայում, բնականաբար, և՛ բիզնեսի, և՛ բեռնափոխադրողների համար անորոշությունը մեծանում է։ Իսկ այդ անորոշությունը ծախս է։ Որովհետև մեկ ժամ ավել սահմանին կանգնելը, երկու ժամ ավել եվրոպական երկրում երթևեկելը՝ դրանք ծախսեր են, որոնք գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը»։
Փոխվարչապետի խոսքով՝ հայկական ապրանքը եվրոպական օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելը միայն առաջին քայլն է, իսկ իրական մարտահրավերը այդ պահանջների արդյունավետ կիրառումն է։ Կառավարությունում ասում են՝ արդեն մշակվում է նոր մեխանիզմ, որը կներդրվի ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգերում։




