
«Այս վսեմ կերպարը»՝ այսպես է Սուրբ Պողոս VI Պապը բնութագրել կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ. Աղաջանյանին նրա մահվան օրը՝ 1971 թվականի մայիսի 19-ին, Հռոմում։ Նա ավելի հռոմեացի էր, քան Հռոմում ծնված մեկը։ Բարձր մշակութային գիտելիքներ ուներ և բազմալեզու հոգևորական էր, որը Քրիստոսի ավետարանը տարածեց աշխարհի հեռավոր անկյուններում։

Որպես կարդինալ՝ նա անձամբ մեծ ջանքեր գործադրեց հայ ժողովրդի և Հայաստանի Կաթողիկե համայնքների համար՝ լինելով լավ հովիվ, նա ջանք չխնայեց ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերին և հոգևորական դասին համախմբելու համար։ Կարդինալ Աղաջանյանի կարգախոսն էր՝ «Արդարություն և խաղաղություն»։
Ղազարոս Աղաջանյանի ծնողները 1830-ական թվականներին Էրզրումից գաղթել են Ջավախք և բնակություն հաստատել Ախլցխայում, ուր հաստատվել էին նաև այլ մտավորական ընտանիքներ։
Իսկուհին և Հարությունը խորը հավատքի տեր մարդիկ էին, պատկանում էին տարածաշրջանի հայերի կաթողիկե փոքրամասնությանը։ Իսկուհին փոքրիկ Ղազարոսի մեջ այնքան ամրապնդեց ավետարանի հանդեպ հավատը, որ տղան սկսեց հաճախել Թիֆլիսի աստվածաբանական ճեմարանը, որը պատկանում էր տեղի ռուս Ուղղափառ եկեղեցու թեմին։ Այնտեղ նկատեցին տղայի ընդունակությունները, նրա անսահման բարձր իմացությունը և սկսեցին օգնել, որ նա մեկնի Հռոմ, ուր պետք է ընդունվեր Հավատքի տարածման ժողովին պատկանող Ուրբանյան վարժարանը։
Այս պատմությունը շարունակում է պատմական գիտությունների դոկտոր Աննա Աղաջանյանը, որը բնակվում է Հռոմում և այսօր ուսումնասիրում է Կարդինալ Աղաջանյանի գործունեության պատմությունը՝ նոր բացահայտումներ անելով։ Նա նշում է, որ Ղազարոս Աղաջանյանը համարվում է 20-րդ դարի կեսերի ամենալուսամիտ ու լայնախոհ հոգևորականներից մեկը։

Կարդինալ Աղաջանյանը, բազմաթիվ լեզուների գիտակ էր, որը նրան հնարավորություն տվեց ճամփորդել աշխարհով մեկ՝ իրականացնելով ավետարանական քարոզչություն։
2022 թվականին Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Ռաֆայել Պետրոս 21–րդ Մինասյանի նախաձեռնությամբ, սկսվեց Կարդինալ Աղաջանյանի սրբադասման գործընթացը, որն անցնում է տարբեր փուլերով։
Այս լուրն իմանալով՝ Ղազարոս Աղաջանյանի հորեղբոր թոռը՝ Կառա Աղաջանյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում, կապ հաստատեց Հայ Կաթողիկե եկեղեցու հետ և հայտնեց իր աջակցությունը։ Նա համաձայնեց կապ հաստատել նաև մեզ հետ։
Կարդինալ Աղաջանյանը երկու անգամ առաջադրվել է Հռոմի Պապի պաշտոնում, սակայն չի ընտրվել։ Չնայած, որ նա շատ սիրված էր իտալական հասարակության կողմից և ուներ բոլոր արժանիքները։ Նրա չընտրվելու պատճառների վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։
Հնարավոր է՝ աշխարհը դեռ պատրաստ չէր ոչ իտալացի Պապ ունենալուն կամ պատճառը եկեղեցական ու քաղաքական ներքին խոհանոցի մեջ էր։ Այս բոլոր հարցերը ներկայումս ուսումնասիրվում են։
«Երանի անոնց, որ Աղաջանյանի նման հայ են։ Հարկ է, որ մենք, անոր եղբայրները ըլլանք և մնանք արժանի նույն երանության, որպեսզի ինք երկինքեն տա իր օրհնությունը մեր ժողովուրդին վրա»,- Ներսես Սեթյան։




