
Պատմաբան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը 16-ից ավելի գրքերի և ավելի քան 450 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին։

Հայաստանում նա հիմնել է պատմական ժողովրդագրության դպրոցը, որտեղ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ նրա մոտ պաշտպանել են Արևմտյան Հայաստանի 15 նահանգների վերաբերյալ ատենախոսություններ։
Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից 8-10 կմ հեռավորության վրա է գտնվում Քիլլի գյուղը, որը կոչվում է նաև Մոխրագյուղ։ 1830-ական թվականներին այստեղից շատ հայեր գաղթեցին Ջավախքի տարածաշրջան։
Նրանցից էին Մելքոնյանները, որոնք հաստատվել են Ախալքալակի Չամդուրա գյուղում։ Աշոտ Մելքոնյանի նախնիները ենթադրաբար, ջրաղացպաններ են եղել, քանի որ գաղթելով Ջավախք՝ Ախալքալաքի 40 աղբյուր կոչվող վտակի վրա նրանք մի գեղեցիկ ջրաղաց են կառուցել, որը սպասարկում էր մոտիկ և հեռավոր գյուղերին։
Հարությունը՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանի պապը, գրասեր, ընթերցասեր մարդ էր։ Կարդում էր այդ տարիներին հրատարակված գրեթե բոլոր պատմավեպերը և հորդորում, որ այդ ամենը հաջորդաբար կարդան նաև ընտանիքի մյուս անդամները։ Որդիներից Աղասին, որին Հարությունը կնքել էր Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսի անունով, դարձյալ մեծ սեր ուներ դեպի գրականությունն ու պատմությունը։ Նա, ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, Ախալքալաքում աշխատում էր լրագրության ոլորտում։ Պարբերաբար թղթակցելով «Վրաստան» թերթին, նա դարձավ վաստակավոր լրագրող, որին գնահատում և ճանաչում էին տարածաշրջանում։
Աղասին որդուն մշտապես հորդորում էր հատուկ ուշադրություն դարձնել արևմտահայերենին․ սովորել, կարդալ արևմտահայերենով գրված գրական ստեղծագործություններ։ Գիտնականը սիրով ու երախտագիտությամբ է հիշում հոր խրատական նամակները՝ մինչև օրս լավագույն ուղենիշ ընտրելով նրա «երբեք չփորձես մեծամտանալ» հորդորը։
1977 թվականին, ավարտելով Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցը, Աշոտ Մելքոնյանը ընդունվեց և ավարտեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Պատմաբան-ակադեմիկոս Սուրեն Երեմյանը, նկատելով բանիմաց և հետևողական երիտասարդին, խորհուրդ տվեց զբաղվել պատմագիտության կարևոր՝ «Պատմական ժողովրդագրություն կամ դեմոգրաֆիա» ուղղությամբ։
1989 թվականին Աշոտ Մելքոնյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը «Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակին» թեմայով։
Այս և այլ գիտական աշխատանքներում գիտնականը համոզիչ կերպով ցույց տվեց հայի բնիկ ներկայությունը Հայաստանի այս կամ այն տարածաշրջանում, հայկական արմատները Արևմտյան Հայաստանում, որտեղից հայերին բնաջնջեցին և հայրենազրկեցին։
«Երբեք չմոռանալ Արևմտյան Հայաստանի խնդիրը, պատմությունը լի է անսպասելի անակնկալներով, օրինակ՝ հրեաների հոլոքոստը տեղի է ունեցել հայրենիքից դուրս, բայց նրանք հայրենիք են ստեղծել»,- սա է հայտնի պատմաբանի պատգամը այսօրվա և ապագա սերունդներին։




