
19-րդ դարի սկզբում, երբ Ռուսաստանում խոսում էին Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմի մասին, Հայաստանում արտասանում էին Հովհաննես Հովհաննիսյանի «Արտավազդը», երգում նրա խոսքերով ու Կոմիտասի երաժշտությամբ գրված «Ալագյազ բարձր սարին»-ը:
Հովհաննիսյանը ստեղծել է արևելահայ բանաստեղծական նոր դպրոցը, որի շարունակողներն են եղել Թումանյանն ու Իսահակյանը: «Շնորհակալ եմ բանաստեղծության այդ մեծ մոգպետին, իմ կախարդ ուղեցույցին», — գրել է Ավետիք Իսահակյանն իր ճեմարանական ուսուցչի՝ Հովհաննիսյանի մասին:
Էջմիածին քաղաքի կենտրոնում է գտնվում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը՝ իր ընդարձակ այգով, որը լավագույնս պահպանվել է, ոչ միայն իր գյուղատնտես դստեր՝ Եվայի շնորհիվ, այլև թոռան: Նրանք երկար տարիներ ապրել են այս տանը՝ նույնիսկ երբ այն վերածվել է թանգարանի։
Մկրտիչ Հովհաննիսյանը, որի հայրը՝ Վարդանը, հայտնի դերձակ էր, եղել է այս տան տերը։ Մկրտիչը սիրում էր հողի հետ աշխատել, գրագետ էր և ընթերցասեր, իր որդուն էլ էր գրավում նրա ճարտար, գեղեցիկ առոգանությամբ ընթերցանությունը։ Հենց այդ ժամանակվանից փոքրիկ Հովհաննեսի մոտ առաջացավ սերը դեպի գիրքը և ուսումը։
Մկրտիչը երազում էր, որ որդին լավ կրթություն ստանա, մինչդեռ մայրը, լինելով նահապետական ընտանիքի կին, զբաղվում էր միայն տնային գործերով։ Մկրտիչի եղբայրը՝ Հովհաննեսը, գրագետ երիտասարդ էր և ինքնուս, բանաստեղծություններ էր գրում, սակայն կյանքից վաղ հեռացավ:
Մկրտիչը, իր նորածին որդուն կոչեց վաղամեռիկ եղբոր անունով։ Հովհաննեսը սովորում է Վաղարշապատի ծխական դպրոցում: Հայրը, Մկրտիչը, որը ֆինանսական հնարավորություններ գրեթե չուներ, այնուամենայնիվ կարողացավ որդուն Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանողի թեկնածու դարձնել։ Երևանի պրոգիմնազիան ավարտելուց հետո,1877 թվականին, տղան դառնում է Լազարյան ճեմարանի սան։
1884 թվականին Հովհաննիսյանը, ավարտելով Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, ճամփորդում է եվրոպական երկրներով: Վերադառնալով Էջմիածին, սկսում է դասավանդել Գևորգյան ճեմարանում։ Այս տարիներին են ծնվում նրա ռոմանտիկ ու քնարական բանաստեղծությունները՝ հայրենիքի, բնության և այլ թեմաներով, որոնք գրավում են գրական աշխարհի և հանրության ուշադրությունը։
Հետաքրքիր է Հովհաննես Հովհաննիսյանի ամուսնության պատմությունը: Նա և հայտնի նկարիչ Վարդգես Սուրենյանցը սիրահարված էին դաշնակահարուհի Զարուհուն։ Եվ, քանի որ Զարուհին ընտրեց Հովհաննեսին, ընկերների մտերմությունն ինչ-որ տեղ խաթարվեց։ Բանաստեղծն ութ զավակ ուներ, որոնք երաժիշտներ էին, նկարիչներ, գյուղատնտեսներ։


Բանաստեղծի երեխաների կնքահայրը Կոմիտասն էր, որի հետ անչափ մտերիմ հարաբերությունների մեջ էր Հովհաննիսյանը։ Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծություններում միշտ հաղթում է լավատեսությունը, հավատը հաղթանակի նկատմամբ.
Կհալածվինք, կտառապինք մենք երկար,
Բայց և կապրինք-մեռնելու չէ սերմն արդար
Ժամը կգա, կդադարի փոթորիկ,
Եվ հաղթություն կվաստակեն մեր որդիք։




