
TRIPP ծրագիրը կյանքի կոչելու հերթական և գլխավոր քայլերից մեկն է արվել։ Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռավար կերպով ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ բաղկացած 11 հոդվածից, որոնք կարգավորում են կողմերի միջև բոլոր փոխհարաբերությունները՝ տեխնիկական դրույթներ, վեճերի կարգավորում, հարկում, մաքսային հսկողություն և սահմանային անվտանգություն։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելուց հետո։ Փաստաթուղթը կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի կամ կարճ՝ TRIPP ծրագրի համաձայնագիրը հունիսի 1–ին առաջինը Վաշինգտոնում ստորագրեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փաստաթուղթն ուղարկվեց Հայաստան և հունիսի 4-ին Երևանում երկրորդ ու վերջին ստորագրությունը դրեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Փոխվստահության ամրագրումը արվեց սոցցանցում՝ ուղիղ հեռարձակմամբ․
«Ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIPP–ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ–Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։
Կողմերը պարտավորվել են հնարավորին չափ սեղմ ժամկետում ավարտել իրավական քայլերը, որ համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի արդեն հունիս-հուլիսին՝ մինչև խորհրդարանների ամառային արձակուրդները: Վավերացումից հետո իրավական հիմք կստեղծվի համատեղ «TRIPP Development Company»-ի պաշտոնական գրանցման և 2026 թ. երկրորդ կեսին բուն շինարարական աշխատանքների սկզբի համար:
Այս ուղղությամբ հստակ քայլեր արդեն արվում են։ Ենթակառուցվածքների նախագծման միջազգային ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությունից արդեն երեք անգամ այցելել են Հայաստան։ Վերջին այցը հունիսի 2–ին էր։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ընդգծում է, որ AECOM-ն ԱՄՆ պետքարտուղարության հետ ողջ աշխարհում է նախագծեր կյանքի կոչում։ Ընկերության ներկայացուցիչն ընդգծում է, որ TRIPP նախագծին աջակցում են երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում իրենց ինժեներական փորձառությունը կիրառելով։ Երկաթուղային ենթակառուցվածքը միակ ուղղությունը չէ, որում AECOM-ը ստանձնում է տեխնիկատնտեսական գնահատումներն ու նախագծման հիմնական աշխատանքները
Հաջորդ փուլը ենթադրում է տեղանքի ուսումնասիրություն և անելիքի հստակեցում։
TRIPP-ով նախատեսվում է Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի տարածքով անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ հաղորդակցություն։ Այն ներառելու է ենթակառուցվածքների մի քանի տեսակ։
Երկաթուղային ցանցով նախատեսվում է վերագործարկել Մեղրիի երկաթուղին՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և ինտեգրելով Հայաստանը Տրանս-Կասպյան, այլ կերպ ասած՝ «Միջին միջանցք» միջազգային առևտրային երթուղուն։ Բարձրակարգ տրանսպորտային ուղիներով կապահովվեն բեռնափոխադրումները։
Նախատեսվում է նաև նոր նավթամուղների և գազամուղների անցկացում, էլեկտրահաղորդման գծերի անցկացում, օպտիկամանրաթելային կաբելների տեղադրում։
Օրեր առաջ՝ մայիսի 26–ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կարճատև այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր․
«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ և այնուհետև կտեսնենք գետնի վրա որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Չափանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի, պարբերական զարգացումները»։
TRIPP ծրագրի հայ–ամերիկյան պայմանագիրը օր առաջ ստորագրելու կողմնակից վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը խիստ կարևորում է ծրագրի նշանակությունը։
«TRIPP–ը դարձնում է Հայաստանը գլոբալ աշխարհաքաղաքական առանցքային երկիր տարածաշրջանում, որը արդեն իր դիրքով լինելու է բոլոր հիմնական արևմուտք–արևելք ճանապարհների վրա։ Բերելով այստեղ նաև խոշոր տերությունների շահերը՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության, այդ ճանապարհների մասով մենք դառնում ենք, ըստ էության, աշխարհաքաղաքական կշիռ ունեցող մի պետություն, որի հետ արդեն շատերը հաշվի են նստելու ինչ–ինչ ներգրավում ունենալու ակնկալիքով, գոնե տրանսպորտային ուղիները օգտագործելու։ Որևէ արտատարածաշրջանային միջանցք, հազար անգամ ասվել է, չկա։ Դա լինելու է Հայաստանի սուվերեն ենթակայության տակ գործող ճանապարհ։ Ընդամենը տեխնիկական սպասարկում են իրականացնելու Միացյալ Նահանգները, շահույթն էլ, ըստ ներդրումների, համապատասխանաբար։ Քանի որ ներդրումների մեծ մասն անելու է Միացյալ Նահանգները, բնականաբար, շահույթն էլ ստանալու է ինքը, բայց մեր հիմնական շահույթը նույնիսկ նյութական չի լինելու այնքան, որքան լինելու է քաղաքական, որովհետև, ամրագրելով մեր կշիռը, մենք ՀՀ մյուս մեր տարածքները կարող ենք զարգացնել»։
Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններում դրական դինամիկա նկատելով՝ Խուրշուդյանը կանխատեսում է նաև ճանապարհների բացումը Իրանի ներգրավվածությամբ, ինչով, ըստ նրա, ամբողջությամբ կյանքի կկոչվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայ–ռուսական խորացող լարվածության առումով էլ ստորագրված համաձայնագիրը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ, կարծում է Խուրշուդյանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում օրերս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։
Ըստ Ռուբիոյի՝ հակամարտությունը ավարտվել է փոխըմբռնման և խաղաղության նոր համաձայնագրով՝ TRIPP ծրագրի ստորագրմամբ, ինչը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների, մասնավորապես, Հայաստանի համար՝ հարգելով ինքնիշխանությունը։
Ըստ ՀՀ վարչապետի և Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունների՝ TRIPP նախագծի գործնական փուլը և բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված են այս տարվա երկրորդ կեսին: Էլեկտրահաղորդման գծերի անցկացումը համարվում է ամենաարագ իրագործելին և արվելիք առաջինը։
Վաշինգտոնի, Երևանի և Բաքվի ընդհանուր տեսլականն է TRIPP-ով նախատեսված հիմնական երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցությունն ապահոված լինել մինչև 2028 թվականը, ինչը համընկնում է ԱՄՆ նախագահ Թրամփի նախագահության շրջանի հետ:
Տեսականորեն Տրանս-Կասպյան միջազգային առևտրային երթուղու կարևորագույն հանգույցներից մեկը դառնալ հավակնող TRIPP ծրագրից ուղղակիորեն կամ անուղղակիորեն կկարողանա օգտվել առնվազն 10 երկիր:




