Ազդ անցյալից

Ֆրեզնոյի «Նոր կեանք»-ը․ «Ազդ անցյալից»

Ֆրեզնոյաբնակ Պերճ Բլբուլյանը Ֆրեզնոյի հայ համայնքի մասին պատմող գրքում նշում է, որ առաջին հայը, որ ոտք է դրել այդ կողմերում ոմն կարինցի Մարտիրոս Յանուկյան է, որ «նոր մարդ» զգալով՝ ինքզինքը կոչել է Ֆրենք Նորմարդ: Դա 1874թ.-ն էր: 1885-ին իր ընտանիքի անդամներին ևս Ֆրեզնո բերելով, հիմնում է հեծանիվի խանութ, ապա՝ լծվում կենդանիների մորթիներից խրտվիլակներ պատրաստելու գործին:

Այսօր թերթելու ենք 1915-1920թթ. խմբագրապետ Հայկակ Էկինեանի հրատարակած Ֆրեզնոյի «Նոր կեանք» շաբաթաթերթի էջերը հետաքրքիր ծանուցումներ և գովազդներ գտնելու համար:

      Հ.Օ.Մ. սայքլըրի Ֆաուլըր, Քալիֆօրնիա.

Կը ծախենք Րիօ և Տօրթ օթոմոպիլներ: Վիւլքանազ և Պայսիքլ նորոգել մեր մասնագիտութիւնն է: Կը ծախենք  նաև Քօքօմօ, Աճաք և Լի թայ: Կ՛երաշխաւորենք 5000 մայլը: Մեր թելէֆօնը՝ 188 , Օչի եղբայրներ:

«Նոր կեանք» պարբերականի գովազդային սյունակներում լեցուն են ավտոմեքենաների, անիվների, շարժիչների և կուտակիչների գովազդներ:  

      Kissel custom built six

Մօթօրինկի իրական հաճոյքը վայելելու համար պէտք է ունենաս Քիսըլ քար-ը: Իր մեքենաներուն ընտիր շինուածքովը, նստարաններուն խնամքով պատրաստութիւնները ձեր ճամփորդութիւնը ձեզի Բաթլըր քարի մը մէջ ըլլալու տպաւորութիւնը կը թողու: Խնդիր չէ թէ ինչ ճամբայ է՝ նոյն հանգստութիւնը պիտի վայելէք: Իսկական հանգստութիւն մը կը պատճառէ երբ Քարը կարգը մը անախորժ աղմուկներէ զուրկ է: Մեզի հետ ունիք Պրն. Սողիկեանը որ իր փորձառութիւնները ձեզի պիտի տրամադրէ: Մենք ձեզի ծառայելու պատրաստ ենք: The Maxwell հաճոյքի քար մը, իր շինուածքով եւ գեղեցկութեամբ, որչափ որ հաճոյքի քար մը կը կոչուի նոյնքան ալ Պիզնէսի քար մ՛է:

      City Vulcanizing Co. Լիպըրթի մարքէթին դիմաց

Ամսուան եղանակին շատ աւելի պէտք ունիք վօլքընայզինկի և նոր թայրերու: Կուտէըր և Քօրտ թայրերը ամենայն վստահութեամբ կը յանձնարարենք և նոյնպէս հրապարակի վրայ գտնուող բոլոր ուրիշ թայրեր կրնանք տալ ձեզ: Եթէ թայրի և վօլքանայզինկի պէտք ունիք, մենք ձեզ կրնանք շահեցնել թէ որակի և թէ գնի տեսակէտէն՝ շնորհիվ մեր ունեցած անցեալ փորձառութեան:Սիթի Վօլքընայզինկ ընկութիւն. Դիմէ օթոմոպիլիդ պէտքերու համար Պալըքեան-Ալէքսանեան:

Ամենավստահելի թայըրը: Զօրաւոր եւ լաւագոյն թայրեր: Եթէ աշխարհի նշանաւոր օթօմօպիլ նստողը Միսթըր Պարնի Օլտֆիլտ կը գոհանայ, վստահ եղէք թէ դուք ալ գոհ պիտի մնաք, փորձեցէք:

Անվադողերի գովազդում հիշատակվում է ավտոմրցարշավի վարորդ հռչակավոր Բարնի Օլդֆիլդը: Սկսելով հեծանիվ վարելու մրցումներից, 1905-ին Բարնին նստեց մեքենայի ղեկին: Ժամում 60 մղոն  կամ 96 կմ/ժ  արագությամբ նա սլանում էր շրջանաձև ճանապարհով: «Անիվներս իմ միակ ապահովագրությունն են», -սիրում էր կրկնել արագության սիրահարը:

Միլլըրի թայըրները 500.000 մայլի փորձին մէջ. գործակալ Աւագեան Սայքլըրի, 1913 Ճերի փողոց

Օթօմօպիլ ունեցողներու համար. Չորս տարուայ փորձ: Չորս տարուան մէջ կէս միլիոն մայլէ աւելի թայր գործածելէ վերջ գտան թէ տասնը հինգ մեծ ընկերութեանց Թայըրներուն մէջ ՄԻԼԼԸՐԸ ԱՄԵՆԱԼԱՒՆ Է: Իւրաքանչիւր թայրին գացած մայլին թիւերը խնամքով պահուած են ու տեսնուած է որ ամեն անգամ Միլլըր պիթ ըրած է: Մենք Միլլըր թայըրներու արտօնուած ներկայացուցիչներն ենք: Եկէք եւ տեսէք այս երկար դիմացող Թայըրները:

Ֆրեզնոյի ագարակատերերի, այգեգործների համար այնքան կարևոր գյուղտեխնիկայի  և կցորդիչների գովազդները ևս «Նոր կեանք»-ի էջերին են:

      Frank Lyman Fresno, California, 1218 Van Ness Ave.

Ձեր գործերուն համար ինթըրնէշընըլ Թրըքը կայ, որ կարող է ձեր ամեն պէտքերուն գոհացում տալ: Ապահովեցէք ձեզի համար հատ մը, քանի ուշ չէ: Utility trailers. Կը ծախենք նաև այս թրէյլըրներ որոնք կրնաք ոևէ քարի ետեւը կապել ու ասով ձեր փոխադրութեան ծախքը թեթեւացնել: 8-16 ձիու զօրութիւն ունեցող Քէրիսին թրէքթըրներ դաշտի և ճամբու վրայ գործածելու համար ամենաընտիր պողպատով: Ագարակապաններու համար ամենալաւագուն Թրէքթըրը:

Հեծանիվ նորոգող արհեստավորները «Նոր կեանք» թերթի միջոցով հրավիրում էին աւրուած հեծանիվ ունեցողներին, նորոգել տալու իրենց հեծանիվները՝ խոստանալով՝ «Փըրֆէքթ գործ ընել»:

«Ասիկա Ձեր խանութն է: Կը ծախենք, կը նորոգենք պայսիքըլներ. չափաւոր գներ: Գործերը կերաշխաւորենք»:

 

Տէյթըն եւ Էբիլ պայսիքըլներ. 1303 Այ սթրիդ, Ֆրէզնօ, Քալիֆորնիա, թէլէֆօն 3696

Երբ ձեր պայսիքըլները նորոգել կուտաք, ջանացէք որ լաւ շինուին, բոլոր պայսիքըլները բնական է կ՛աւրուին ու մենք կրնանք Փըրֆէքթ գործ ընել: Կ՛ուզենք որ մեր Պայսիքըլ  նորոգելու գործին մէջ փորձէք, շատ գոհ պիտի մնաք: Ձեր գոհացումը կ՛երաշխաւորենք:Ձեր մէկ փորձը պիտի ապացուցանէ մեր ըսածները:

Գովազդներից իսկապես լավ պատկերացում կարելի է կազմել կյանքի պահանջմունքների, ի հայտ եկող  առօրյա նոր երևույթների մասին:

  Քէմբի համար պէտք եղած վրանը եւ պիտոյքները: Վազանցի երթալը հաճոյք մը կը պատճառէ իսկ Փիքնիքը՝ երազ մը: Խորհէ րոպէ մը. աթոռ մը, սեղան մը, նստարան մը և գեղեցիկ վրան մը, երկու կամ չորս անձի համար, որոնք կրնան ծալլուիլ և օթոյին մէկ անկիւնը դրուիլ:

Պզտիկ աղջիկ մը իսկ կրնայ ամէն բան զետեղել առանց օգնականի: Թեթեւ, փոքր եւ կոկիկ: Լաւագոյն շինուածք և շատ ալ աժան կարտադրուի: Այս շաբաթներուն այս թէնթերը կը ցուցադուին Օր. Մէտըլին և Պարոն Փօլ Շիքակօ ֆըրնիչըր-ի խանութին մէջ, Քըրն և Վէն Նէսի անկիւնը:

 Blue bird եւ այլ լվացքի էլեկրական մեքենաների գովազդները ֆրեզնոյահայության համար:

        Կը լուայ եւ կեռացնէ. Էլէքթրիկ Վօշըր

Չարժե՞ր միթէ հատ մը գնել ու ասով խնայել ձեր տիկնոջ ամբողջ օր մը լաթ լուալու յոգնութիւնը: Վստահ եղեք թէ տիկինը շատ գոհ պիտի մնայ ու միշտ պիտի ըսէ ձեր դրացիներուն թէ դուն իրեն համար շատ կը մտածես: 1217 Ճեյ փողոց, Ֆրէզնօ, թէլէֆօն 3057,Վէլիի մէջ ամենամեծ մթերքը ունինք լուացքի մեքենաներու:

   

20-րդ դարի 10-ականներից սկսած, լվացքի մեքենաների հետ մեկտեղ  գրոմոֆոններն ու ձայնարկիչները սկսեցին տարածում ստանալ: Դրանք ամեն տան կարևոր առարկաներն էին դառնում: Նիշկեան  խանութը հրավիրում է գնումների՝ առաջարկելով նաև Շահմուրադյանի ձայնագրությունները:    

Գնեցէք Ձեր ֆօնօկրաֆները եւ րէքըրտները այն խանութէն որ իր տեսակին մէջ միակն է Ֆրէզնօյի մէջ: Մենք Ֆրէզնօյի միւս խանութներէն չորս անգամ աւելի ապրանք ունինք ու մեր ծախած ապրանքներուն ոևէ տոկոս չենք բարդեր: Նոր Էտիսըն –ադամանդէ ասեղ 120-450 տօլար,Վիքթօր, Վիքթօլա -35-225,Պրընս Սուփրթօն, Շահմուրատեանի և տիկին Փանոսեանի, ինչպէս նաև ուրիշ րէքըրտներ ունինք: Նիշկեան  խանութ, 1046 Այ փողոց, Ֆրէզնօ

Դե, իսկ հագուստի, կոշկեղենի և արդուզարդի գովազդները սովորական էին արդեն:

 Մկրտիչ եւ Ալէքսան Ալճեան եղբայրներ, 1826 Մերիփօզա Ֆրեզնօ, Քալիֆօրնիա. Տիկիններ, Օրիորդներ եւ Պարոններ, Քրիստմըսը կ՛ուգայ, ձեր նուէրները գնեցէք մեր խանութէն: Մեր ունեցածները լաւ են եւ գները չափաւոր: Ոսկեղէն, արժաթեղէն, ադամանդեղէն եւ փղոսկրեայ ամեն տեսակ նուրբ եւ ընտիր զարդեղէններ ունինք: Ժամացոյց եւ շղթայ իրենց տեսակներովը: Ուշադրութիւն պիտի գրաւես եթէ մեր զարդեղէնները կրես:

  նկ.նոր կ. 17 նկ նոր կ. 16

«Նոր կեանք»-ի գովազդային սյունակներում հրավեր էր արվում հանրությանը բաժնետեր դառնալու էկեկտրաֆիկացիայով զբաղվող ընկերության, որը նպաստելու էր էլեկտրական պոմպերի շահագործմանը, որ իր հերթին բնակավայրերը և այգիները ապահովելու էր ջրով :    

Եվ վերջում, մեկ մշակութային ծանուցում. 1919թ. կիրակի Նոյեմբեր 2-ից  «3 օր անընդմէջ,  Լիբըրթի թատրոն«Մեծ հայկական պատկերները «Հոգիներու աճուրդը» Օրօրա Մարտիկանեանի մասնակցութեամբ տառապեալ Հայաստանէն: Սիրով կը հրաւիրուին բոլոր հայերը»:  

Այսքանը, Ֆրեզնօյի «Նոր կեանք» շաբաթաթերի գովազդների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ  հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button