
1918-24 թվականներին Կոստանդնուպոլսում սկսվում է հրատարակվել «Ճակատամարտ» թերթը՝ խմբագրապետ Շավարշ Միասքյան: Մինչ «Ճակատամարտ»-ի գործը ստանձնելը, նա, գաղտնի կամ՝ ոչ, աշխատակցել էր տարբեր թերթերի: Բայց Շավարշ Միսաքյանը առավել հայտնի է Փարիզի «Յառաջ»-ով:
Վերադառնանք «Ճակատամարտ»-ին: Այս թերթը 1919-20 թվականներին ունեցել է 2 հավելված՝ «Հայ գիւղատնտեսական միութեան» գյուղատնտեսական հավելվածը և «Հայ ուսուցչական միութեան «օռկան» մանկավարժական հավելվածը: Ծանուցումներով և գովազդներով, անշուշտ, հարուստ էր բուն «Ճակատամարտ»-ը:
Եվ այսպես՝ 1919թ. թերթի համարներում Ռուսլ ֆիրման կանանց և տղամարդկանց համար սկսում է ազատորեն գովազդել մտերմիկ հարաբերությունների անվտանգության համար այդքան կարևոր պահպանակները:
Զգուշացէք՝ Ձեր առողջութիւնը կը վտանգէք եթէ ուրիշ տեղ դիմէք: Չպատռուող մետաքսախառն քաուչուէ առողջապահական առարկաներու համար դիմեցէք մտերիմ յարաբերութեանց առողջապահիկ առարկաներու մասնաւոր եւ միակ վաճառատուն J. Roussel` Բարիզեան տան մասնաճյուղը, Բերա, Թիւնէլի հրապարակ թիւ 10:


Պոլսի մյուս թերթերից՝ մասնավորաբար «Մարմարա»-ից արդեն մեզ ծանոթ Ռուսլ ֆիրմայի առողջապահական և գեղագիտական նշանակության այլևայլ արտադրանքը ներկայացվում է նաև «Ճակատամարտ»-ի ընթերցողներին:
Մեր սքանչելի գօտիները. Սեղմիրանները և առաձգական նեցուկները կը կազմեն ճկուն եւ վայելուչ հասակ մը: Փորձեցէք և շատ գոհ պիտի ըլլաք: Պատկերազարդ քաթալօկը ձրի: Գեղեցիկ գօտիներ 6 ոսկիէն սկսեալ:


Իբրև դեղամիջոց՝ գինի: Պոլսից Վահան Պերպերյանը գիտեր պատրաստման եղանակը և վստահ էր դրա բուժիչ ազդեցությանը:
Մեծ Յաջողութիւն. Անկարող ե՞ս, նիհար ե՞ս, անարիւն ե՞ս, ջղային ե՞ս, գործածէ՛ Տինամօժէն:
Ամենաազդու գինին՝ պատրաստող Վահան Պէրպէրեան: Տինամպժէնը ներկայիս ամենաազդու դեղերու բաղադրութեամբ պատրաստուած և Առողջապահական Տնօրէնութենէն վաւերացուած ուժատու և կազդուրիչ գինի է: Տինամօժէնի մեծ շիշը կը ծախուի 120, իսկ փոքր շիշը 60 դահեկանի: Տինամօժէնը կը գտնուի մեծ դեղարանները: Կեդրոնատեղի է Նուրը Օսմանիյէ, Վահան Պէրպէրեան դեղարանը, թիւ 48:

Խմիչք, սիկառ, ոչ մի սահմանափակում 20-րդ դարի 10-20-ականների գովազդներում:
Vermout, Martini & Rossi Torino-Աշխարհի ամենահռչակաւոր մարգան. միակ մթերատէր Մ. Էրէրա, Ստամպուլ, հեռաձայն Ստամպուլ 185:

Ծխեցէք՝ Կիլիկեան սիկառի թուղթը որուն յատկութիւնները իր տեսակին մէջ ամենէն ապացուցուծն է արդէն՝ աժան, ընտիր եւ առողջապահիկ է: Միքայէլ Եփրեմեան եւ ընկերներ:

Երկխոսություն և չափածո՝ ապրանքներ և ծառայություններ գովազդելու այս եղանակները նաև «Ճակատամարտ»-ի էջերին են: Ահավասիկ այս ոճի 2 նմուշ:
Տղու դիտողութիւն.
-Ինչո՞ւ համար, մեծ հայրիկ, դուն ալ ունիս այնքան աղւոր ակռաներ որքան մայրիկը:
-Կը տեսնես պզտիկս, ամբողջ կեանքիս մէջ Տանթօլ գործածած եմ:
Տանթօլ (հեղուկի, խիւսի, փոշիի, օճառի վիճակին մէջ) ակռայ մաքրիչ մըն է, միանգամայն գերազանցօրէն հականեխական և օժտուած շատ հաճելի անուշահոտութիւնով մը:… Լինտերը կը զօրացնէ: Քիչ օրուան մէջ ակռաներուն աչքի զարնող սպիտակութիւն մը կուտայ: Կը մաքրագործէ բերանի գէշ հոտումը, մասնաւորապէս կը յանձնարարուի ծխողներու: Բերնի մէջ կը թողու թարմ, փափուկ և տեւական զգայնութիւն մը: Տանթօլը կը գտնուի բոլոր կարևոր անուշահոտութեան հաստատութիւններուն և դեղագործներու քով:

Ջայլամի ստամոքս մը.
Ջայլամը- Բայց ջայլամի ստամոքս մը ունի, այս կտրիճը կայճքարն անգամ պիտի մարսէ:
Կապիկը- Զարմանալու բան չկայ, սիրելիս. Չես տեսներ: Շառպօն տը պէլօք կը գործածէ:
Շառպօն տը պէլօք, փոշիի կամ գնդիկի ձեւին տակ, քանի մը օրուան մէջը կը բուժէ ստամոքսի անհանգստութիւնները և աղիքի, աղետապի, փորհարութեան և այլն հիւանդութիւնները: Նոյնիսկ, ամեն տեսակ դարմաններէ չ՛ազդւողներն անգամ: Ստամոքի մէջ յառաջ կը բերէ հաճելի զգայնութիւն մը, ախորժակ կու տայ, կ՛արագացնէ մարսողութիւնը, ճաշէ վերջ ստամոքսի ծանրութեան դէմ գերազանց հակազդող մըն է: Գէշ մարսողութիւնէ յառաջ եկած գլխու ցաւերը, թթութիւնը, յետմղումը և ստամոքսի ու աղիքի ջղային ախտերը: Ընդհանուր մթերանոց Maison Frere 19, rue Jacob Paris:

Իտալական Ֆիաթ մակնիշի մեքենաները, նաև գյուղատնտեսական նշանակության, առաջարկվում էին գնորդներին «Ճակատամարտ»-ի միջոցով:
Գյուղատնտեսակն տրակտոր Ֆիաթ tracteur agricole քարւղով կը գործէ, ժամը 5 արտավար հող կը հերկէ եւ միայն 9 քիլօկրամ քարիւղ կ՛սպառէ: Հայաստանի համար շուտով յանձնելի իտալական հանրածանօթ Ֆիաթ գործարանի օթոմօպիլներ, բեռնակառքեր, երկրագործական եւ այլ մեքենաներ: Հայաստանի ընդհանուր ներկայացուցիչ Ղազարոսեան

Շարժապատկերի գովազդ:
Սինէ Ամֆի 24 նոյեմբեր, կիրակի օրուընէ սկսեալ եկէք տեսնելու Ժօրժ Գարբանթիէ՝ Քէրիօլէի գանձ-ին մէջ:

Ճակատամարտ»-ից իմանում ենք, որ 1922թ. Պոլսում կազմակերպվում է դասընթաց թատերական և կինոարվեստ մտնել ցանկացողների համար: Դասընթացը վարելու համար հրավիրված են հատկապես Մոսկվայից նշանավոր դերասան, կինոօպերատոր, պարուհի և այլն: Դասավանդողների շարքում է նաև 1918թ. Երևանի առաջին զինվորական պարետ, դերասան, հետագայում նաև հռչակավոր դիմահարդար Արշավիր Շահխաթունին:
Սինէմա-տրամաթիկ դպրոց դերասանուհի տիկին Տէի: Մասնակցութեամբ յայտնի պալէթի դերասանուհի տիկին Ե.Կլուկի, Մոսկուայի գեղարուեստական թատրոնի ստուտիայի դերասան պարոն Ա. Շահխաթունիի և սինէմա-լուսանկարիչ (օփերաթէօր) Ն. Սիմեօնօֆի: Աւանդուելիք նիւթեր- …տրամաթիք արուեստ, դիմայարդարում, սինէմայի արուեստ, գործնական պարապմունք և սինէմայի նկարներ, ֆօթօնկարներ: Դասերը կ՛աւանդուին նաև հայերէն և ռուսերէն: Դասընթացքը կը տեւէ 3 ամիս, որմէ յետոյ պիտի ձեռնարկուի սինէմայի պատկերներու նկարումը: Ծանօթութիւն- Իւրաքանչիւր յաճախորդ որ կ՛աւարտէ եռամսեայ դասընթացքը, պարտաւոր է ի վերջոյ նկարուելիք սինէմանկարներու մէջ մասնակցիլ:

Շարունակելով թատերական թեման:
Թատրոն ձմեռնային բթի-շան . Պոլսոյ հայ տրամատիքական ընկերութեան թատերախումբը 27 դեկտ. Այս ցերեկ ուսանողներու եւ որբերու, գիշերը ընդհանուրին պիտի բեմադրէ առաջին ներկայացում «Դատաստան» թատերախաղ 4 արար, հեղինակ՝ Դ. Տէմիրչեան: Որբերու մուտքը ազատ է: Կարեւոր- իբրեւ ուսանող պիտի ընդունուին անոնք որոնք ուսանողական ինքնութեան թուղթը կը ներկայացնեն եւ անոնք որոնք հաւաքաբար վարժարանին տնօրէնութեան վաւերաթղթովը ղրկուած են: Կիրակի ցերեկ ժողովրդի խնդրանօք «Տիւրան-Տիւչան». քրքջալի կատակերգութիւն 3 արար Հեղինակ՝ Ալպէր Վալապրէկ
Կիրակի գիշեր միմիայն մէկ անգամի համար «Պէպէքս»-ֆրանսական կատակերգութիւն 3 արար հեղինակ՝ Մօրիս Հանըքէն:

«Ճակատամարտ»-ի 1920թ. համարներից մեկում կարդում ենք ՝
«Հայ Գուսան» հրատարակութիւն. Կոմիտասեան սաներու 16 մեներգ, 24 խմբերգ 3 հատորի մէջ:

Իսկ 1919-ին «Ճակատամարտ»-ը ծանուցում է օսմանյան կայսրությունում 1913-1916թթ. ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունների՝ մեկ գրքով հրատարակվելու մասին:

Հրապարակ ելաւ համաձայն նախապէս ծանուցուածին. Դեսպան Մորկընթաուի պատմածները. 25 պրակով ամբողջական ստուար հատորը՝ թարգմանութիւն՝ Միքայէլ Շամտանճեանի: Կը գտնուի բոլոի գրավաճառներու եւ ծխավաճառներու քով: Փութացէք ամբողջական կազմեալ հատորը գնել միայն 80 ղրուշ վճարելով:

Այսպիսին էին 1918-24թթ. Պոլսում հրատարակվող «Ճակատամարտ»-ի ծանուցումները:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:




