Ազդ անցյալից

Ծովի անունով թերթը՝ «Մարմարա». «Ազդ անցյալից»

Այսօր Հայաստանից դուրս տպագրվող ամենահայտնի և կարևոր թերթերից մեկը Կոստանդնուպոլսում հրատարակվող «Մարմարա»-ն: Թերթի ծնունդը համարվում է 1940 հոկտեմբերը, իսկ հիմնադիր երախտավորները Սուրէն Շամլյան և Զօպեան ընտանիքները են: Այսօր թերթը խմբագրում է Ռոպէր Հատտէճեանը:

Բայց «Մարմարա» անունով պարբերական հայ մշակույթի նույն այս քաղաքում հրատարակվել է դեռևս 1924 թվականից մինչև 1926-ը և ծանուցել կարևոր բաների մասին:

Եվ այսպես՝ «Մարմարա»-ի միջոցով «Ռուսել» ֆիրման գովազդում է առողջապահական և գեղագիտական նպատակի ծառայող իր արտադրանքը:

Ռուսէլ գուլպաներ որոնք շինուած են երակների այտուցներու բժշկման համար, ունին կատարեալ առաձգականութիւն և կանոնաւոր ճնշում: Ձեզ պիտի տան ապահով քալուածք մը եւ պիտի ամօքեն ձեր ցաւերը: Պատրաստ և չափով: Քաթալօկը ձրի: Գինը սկսած 1.75 ոսկիէն:

Ռուսէլ գօտի. Ձեր մարմինը կը նրբացնէ և կը շտկէ: Իր մասնաւոր թրիքոյով կը պայքարի թանձրամսութեան դէմ: Ինքնաշարժ կերպով մասաժ կ՛ընէ:Ձրի քաթալօկ: Գինը 4 ոսկիէն սկսեալ: Կեղծերէն զգուշանալու համար դիմեցէք ուղղակի մեր մասնաճիւղին՝ Պոլիս, Բերա, Թիւնէլի հրապարակ:

Ռուսէլ գօտի.Մասնաւոր տոկունութիւն եւ առաձգականութիւն. ան կը կերտէ նուրբ հասակ մը եւ շնորհալի զիստեր: Մօտէլներ խիստ վայելուչ, նիհարցնող և առողջապահիկ: Գիները սկսեալ 4 ոսկիէն:

1920-ականներին ամբողջ աշխարհում հայտնի լողազգեստներ   և Տուր դէ Ֆրանսի մասնակիցների համար մարզաշապիկներ արտադրողը, իր  առաձգական կտորից պատրաստված սեղմիրանները գովազդում էր «Մարմարա»-ի էջերին.

Ա. Լ՛էթուալ . էլասթիֆ և «ամէկրիսանթ» Մէյօ  Maillot սէնթիւռներ A. Claverie, Paris. Ամբողջ աշխարհի ամէնէն համբաւաւոր մարքան: Լիւքս քօրսէներու վերջին մօտէլներ, պատրաստ և չափու վրայ: Սեղմիրաններու  յատուկ պիոյքներու ճոխ տեսակներ: Թուրքիոյ միակ ներկայացուցիչ Յովակիմեան եղբարք 437 Բերա: Զգուշացէք կեղծերէն:

Եթե սրտի վշտեր ունեք, հոգեկան տվայտանքերի մեջ եք, ալժիրցի հռչակավոր բախտ բաժանողը սպասում է Ձեզ Բերա, Մաժէսթիք սինէմային դիմաց, կարդում ենք 1926թ. «Մարմարա»-ի էջերին:

Հռչակաւոր հաճի Կալիպ էֆենդիի խորհուրդներուն դիմեցէք: Միակն է որ թաքուն ուժը ունի ձեզի մատնանշելու թէ ինչպէս կարելի է յաջողիլ ամէն բանի մէջ և ձեր գէշ վիճակը բարւոքել: Կը գուշակէ ապագան, կը կռահէ գաղտնիքները, դժբախտ ընտանիքներու մէջ հանդարտութիւն և երջանկութիւն բերելու գերբնական ուժը ունի: Մարմնական և հոգեկան հիւանդութիւնները կը բուժէ, սրտի վշտեր ունեցող էրիկ մարդիկը և կիները կը հանդարտեցնէ: Նոյնպէս կը հանդարտեցնէ բոլոր անոնք որ ճակատագրօրէն կը տառապին և գէշ բախտի ենթարկուած են: Նոյնպէս հանդարտութիւն կը պարգեւէ բոլոր այն յուսահատ անձերուն, որոնց կեանքը անտանելի բեռ մըն է: Առողջութիւնը, երջանկութիւնը և բախտը կ՛ապահովէ ամէն անոնց որոնք չեն կրնար իրագործել իրենց փափաքները:Ալժերացի հռչակաւոր բրոֆէսէօր Կալիպ էֆենդին անհետացածներուն գաղտնիքը կը պարզէ և այդ մասին տեղեկութիւն կը հաղորդէ ձեզի: Յարգոյ այցելուները մէկ անգամ եթէ դիմեն իր խորհուրդներուն, այն ատեն պիտի համոզուին թէ ճշմարտութիւնն է որ կըսէ ան: Բերա, Մաժէսթիք սինէմային դիմաց:

Դե, եթե բախտի տեղը ցույց տվող  հաճի Կալիպ էֆենդիի խորհուրդները չօգնեն,  թունդ խմիչքը կա ու կա «Մարմարա»-ի գովազդային սյունակներում:

 Շիրակ օղի. Միակ ըմպելին որ անարատ է եւ ամէնալաւ քէյֆը կուտայ: Փնտռեցէք ամէն տեղ մի միայն գոց շիշերով: Օխայով ծախուածները ուր որ ալ ըլլան, խարդախ են:Հասցէ Ղալաթիա, Սուրբ Լուսաւորիչ եկեղեցիին ետև , Յ. Թավուքճեան ևՆ. Զահրէճեան:

«Ապը հայաթ» կենաց ջուր, զուտ խաղողէ պատրաստուած անարատ օղի. «Իգնատ Աղային ոգին կը սաւառնի»: Տօնական օրերը կը մօտենան, պետք է բարձրացնել տրամադրութիւնները, սաւառնիլ Իգնատ աղայի նման: Խմեցէք ուրեմն, որքան կրնաք, որովհետև «Ապւ հայաթ» միայն զուարթութիւն և առողջութիւն կը պարգեւէ ձեզի: «Ապը Հայաթ» անմրցելի է իր տեսակի մէջ և կը պատրաստուի գիտական ամենավերջին դրութեամբ, թորանոցով և մասնագետի ձեռքով: Հասցէ Բանկալթի Ա.Սահակեան, Ս. Մանուէլեան:

Պահանջվում է ընդամենը կուլ տալ հանրահայը Բայեր դեղագործական ընկերության ասպիրինը՝  ազատվելու գլխացավից և մրսածությունից:

Գործի մտածումներս զիս շատ մտահոգութիւններու կ՛առաջնորդէն որոնց կը հետեւէր յաճախ անհանդուրժէլի գլխու ցաւ: Սակայն շնորհիւ կնոջս, որ ինծի յանձնարարեց գործածել «Պայէր» Ասբիրինի քօմբրիմէները այս բոլոր ցաւերս անհետացան: Ճշմարիտ «Պայէր» Ասբիրինի քօմբրիմէները կը  ճանչուին իրենց կարմիր պանտրօլէն:

1920-ին Սիրակուզայի Մերըլ Սոուլ ընկերությունը լայնորեն առաջարկում էր  ՔԼԻՄ փոշի կաթը  թե՛ որպես մանկական սնունդ, թե որպես հրաշալի միջոց հրուշակեղենի արտադրության համար: Նրան  «Մարմարա»-ի էջերին կրնկակոխ հետևում էր  Գլաքսո ֆիրման:

Ձեր երեխաները սնուցանեցէք ՔԼԻՄ-ով , որ ամբողջ աշխարհի առաջնակարգ արտադրութիւնն է իբր փոշիացած կաթ: Ուշադրութիւն. ՔԼԻՄ-ը գործածելու համար միայն պարզ ջուր պէտք է , զորս պէտք է լեցնել կաթ պատրաստելու համար: Կը ծախուի ամէն տեղ:

Glaxo գործածուած է հինգ արքունիքներու տղաքը մեծցնելու համար, որովհետեւ գոյութիւն ունեցող լաւագույն սնունդն է: Եթէ գաղափար մը չունիք իր մասին, տիկին, փորձեցէք և դուք իսկ անձամբ համոզում գոյացուցէք նամակով մը ձրի նմոյշ մը ուզելով:

 

250 ղրուշ և  Ամանորյա  ճոխ ընթրիքը  պարահանդեսով՝ հրաժեշտ տալու 1924թվին և դիմավորելու 1925-ը: Առաջարկ «Մարմարա»-ի էջերին:

Շէհէրազատ  աշխարհիկ մեծ ճաշարան. 77 Բերա, մեծ փողոց Սինէմա Էթուալի քով: Ամէն օր ժամը 5-ին մաթինէ-քօնսէռ, ժամը 10-ին մտերմական երեկոյթներ, գեղարուեստական մեծ յայտագիր: Ճաշ-3 պնակ կերակուր և սուրճ-1 ոսկի:Կը խնդրուի նախապէս վերապահել սեղանները Նոր տարիոյ զարթօնքին համար Շէհէրազատի առաջին պարահանդէս: Ճոխ ընթրիք 250ղրուշ:

1926«Մարմարա»-ն տնտեսուհիներին մի հրաշալի առաջարկ ուներ՝ կերակուրների բաղադրատոմսերի հավաքածու:

«Մեր Խոհանոցը». Կը սորվեցնէ պատրաստել արեւելեան և արեւմտեան բազմատեսակ կերակուրներ, անուշեղէններ ևն, ևն: Հայ և օտար ընտիր հեղինակութիւններէ և բազմափորձ խոհարար վարպետներէ հաւաքեց Սիմոն Գաբամաճեան: Պրակ պրակ պիտի հրատարակուի ամէն մէկը ընտիր թուղթով 7.5 ղրուշ: Դիմել՝ Կ. Պոլիս, Չաքմաքճըլար թիւ 50, Գաբամաճեան գրատուն:

Կուզե՞ք մի լավ ուրախանալ, այնքան ծիծաղել, որ թիկնաթոռից վայր ընկնեք: Ուրեմն՝  հրամեցեք Սինէ Ալքազար:

Կը խնդացնէ , խնդացնելէն կը ճաթեցնէ. Այն աստիճան որ չպիտի կրնաք մնալ ձեր թիկնաթոռին վրայ և արգիլել զձեզ իյնալէ ձեր քով նստողին վրայ, երբ տեսնէք կովկասեան տարօրինակ և հռչակաւոր կատակերգուները՝ Զիկօթօ-Շարլօ Տէտէքթիֆ Զիքօթօ ֆիլմին մէջ և Շարլօն թշվառութեան մէջ: Իբր յաւելուած՝ վառիէթէներու շքեղ յայտագիր: Ներկայացումը կը սկսի այսօրուընէ: Մեծ երեկոյթով մը Սինէ Ալքազարի մէջ:

Հոլիվուդյան «Ալեքսանդր Համիլթոն» մասոնական օթյակի անդամ  Հարոլդ Լլոյդը, որի «Հոգ մի՛ ըներ» համր ֆիլմի գովազդը կարդում ենք  1926թ. «Մարմարա»-ի էջերին, Չարլի Չապլինի և Բասթր Քիթոնի հետ միասին կինոյի ամենահայտնի արտիստներից էր: 1913-1947 թթ.  ավելի քան 200 համր և հնչուն ծիծաղաշարժ ֆիլմեր էկրան բարձրացան նրա մասնակցությամբ: Ահա Պոլիսը ևս կարող էր վայելել մեծ կատակերգակի խաղը Սինէ-Օփէրա-ի մեջ:

Ահաւասիկ եմ…Անունս ծանօթ է ձեզի, պարապ տեղը չէ որ Հարօլտ Լօյտ կը կոչուիմ: Ամէն ատեն, ճիշդ ժամանակին կը հասնիմ, իսկ այս անգամ կուգամ աղաղակելու համար թէ կեանքի մէջ պէտք չէ հոգ ընել: Իմ ամենավերջին կատակերգութիւնս՝ «Հոգ մի ՛ ըներ» որ վեց մասէ կը բաղկանայ, 14 Յունուար-չորեքշաբթի օրէն սկսեալ Սինէ-Օփէրա-ի մէջ այս խոսքերս պիտի հաստատէ:

Այսպիսին էին 1924-26թթ. Պոլսում հրատարակվող «Մարմարա»-ի ծանուցումները:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ  հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button