Ազդ անցյալից

«Հորիզոն»-ի Թիֆլիսը կամ Թիֆլիսի «Հորիզոն»-ը. «Ազդ անցյալից»

20-րդ դարի 10-ականներին արևելահայ մամուլի կարևոր պարբերականներից մեկը «Հորիզոն»-ն էր, որ իր ծնունդը արձանագրեց 1909 և  հրատարակվեց մինչև 1918թվականը:

Ի՞նչ է ծանուցվում և գովազդվում«Հորիզոն»-ի էջերին:

Իրանի շահի, Ամերիկայի նախագահի, Ստալինի նախընտրած զովացուցիչ ըմպելիքները մեկ անուն ունեին՝ Լագիձե: Թիֆլիսի Ռուսթավելի պողոտայի ամենից հաճախակի այցելվող հասցեն «Լագիձեի ջրեր» ըմպելարանն է, որի ներքին հարդարանքը գրեթե փոփոխության չի ենթարկվել 1906-ի բացման  օրվանից  մինչ հիմա: Ասում են, թե Միտրոֆան Լագիձեն լիմոնադների բաղադրատոմսերը կրում էր «իր լեզվի վրա»:

1913 թ. Վիեննայում զովացուցիչների միջազգային առաջին ցուցահանդեսում ստանում է մեծ ոսկե մեդալ: Հենց այդ տարվա «Հորիզոն»-ի համարներում էլ հայտնվում են «Լագիձե»-ի գովազդները:

Առաջարկում են առողջարար որպէս ամենալաւ թարմացող խմելիք ամենալաւ համով և հոտով: Մրգեղէնից արհեստական հանքային և բուժից ջրեր Մ.Լագիձէ եւ ընկերութիւն: Ջրերը պատրաստւում են մրգեղէնի անարատ հիւթերից, թանձրոյթից և ամենաընտիր հատապտուղների մրգահիւթերից, զտած և եփւած ջրով, քիմիապէս մաքուր նիւթերից մասնագէտի հսկողութեան տակ: …խնդրում ենք գործածողներին ուշադրութիւն դարձնել մեր էտիկէտների մարկային և խցանի դրոշմին. Լագիձէ:

«Հորիզոն»-ում հանդիպում ենք նաև շոկոլադի արքա Աբրիկոսովի սուրճի և Էյնեմի շոկոլադի գովազդները.

Աբրիկոսովի ընկերություն՝ համեղ բուրավետ սուրճի տեսակներ՝ մոկկո և լիբանանյան՝ կստանաք ամենուրեք:

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո պարֆյումեր Հենրիխ Բրոկարի ստեղծած «Կայսրուհու սիրելի բույրը» անուշայուղը վերանվանվեց  «Կրասնայա Մոսկվա»-ի:  Ռուսական կայսրությունը պարտական է այս ֆրանսիացուն  ոչ միայն հաճելի բույրեր, այլև առողջապահական և հիգիենայի բազմաթիվ նյութեր արտադրելու համար:

Բրօկար և ընկերութիւն Մոսկւայում. Առողջապահական Շոգիացնող սրւակ-Օզօն-    Էյկալիպտօլ-Ֆօրմօլ .Առողջապահան շոգիացնող սրակը (флаконь-испаритель) պարունակում է խիստ հաճելի և թարմացնող մի  հեղուկ, որ խառնուրդ է անուշահոտ և միաժամանակ շատ ախտահանիչ նիւթերից: Բաղադրիչ նիւթերից են ի միջի այլոց Ֆօրմոլ և Էլկալիպտօլ, որոնց ախտահանիչ յատկութիւնները բոլորին յայտի են, կան նաև բալզամային ուրիշ նիւթեր, որոնցից  առաջ է գալիս Օզոնը: Այսպիսով՝ Առողջապահական շոգիացնող սրւակը ոչնչացնում Է գարշարհոտութիւնը և միաժամանակ ախտահանում ամեն մի շէնք, որտեղ որ դրած լինի: Ուստի և նա անհրաժեշտ է հիւանդի սենեակի և այնպիսի շէնքերի համար, որտեղ օդափոխութիւնը դժւար է, դպրոցների, զանազան ատեանների և առհասարակ այնտեղ , որտեղ մեծ թւով մարդիկ են ժողովւում:Նա յաջողութեամբ գործադրւում է նաև ծխախոտի հոտի և միջատների դէմ: Հրահանգ՝ Սրւակը բանալով պիտի պատրոյգ դնել մէջը որպէսզի հեղուկը կարողանայ բարձրանալ և շոգիանալ:

1900 թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում «Կազիմի մետամորֆոզա» քսուքը պեպենների դեմ ստացավ ոսկե մեդալ: Իսկ 1913թ. կատարելագործված «Մետամորֆոզայի» գովազդը հայտնվեց «Հորիզոն»-ի էջերին:

Աշխարհահռչակ Կրեմ Կազիմի մետամորֆօզա.Ամբողջ աշխարհի կանանց կողմից ընդունւած: Անվիճելի արմատականապէս վերջացնում է պզուկները, լաքաները,այրւածքները, կնճիռները և երեսի միւս դեֆեկտները:

Փարիզյան նորաձևությունը պարտադրում է ինքն իրեն «Հորիզոն»-ի ընթերցողներին՝ «Բօներ» ժամացույցներ:

Փարիզի վերջին նորութիւն. Ներկայումս Ֆրանսիայում մօդա է ընդհանուրի համար կրել միայն «Բօներ» ժամացոյց կապոյտ պողպատից (և ոչ սև ): Ֆասոնը վերջին ձևի բոլորովին տափակ, արծաթ մանէթանոցի հաստութեան, ֆանտաստիկ  ցիֆերբլատով, լարումը՝ րէմոնտուար 40 ժամը մի անգամ, ընթացքը 15 քարի վրայ… Մենք ստանձնել ենք ներկայացուցչութիւնը  կատարելագործւած գրպանի ժամացոյցի համար, արտօնագրուած Շւեյցարիայում…Ֆիրմայի ապրանքը տարածելու նպատակով ուղարկւում է ամեն մի ժամացոյցի հետ ձրի փարիզեան գեղեցիկ և մօդային երկփեղկ շղթայ, իսկական ամերիկեան չսևացող նոր ոսկուց, բրելոկով և զամշէ քսակով ժամացոյցի համար:

Թիֆլիսի ցուցամոլ կանանց համար վաճառականներն անգամ Աֆրիկայից էին ապրանք ներկրում:

Աֆրիկյան ջայլամի փետուրներ հատը 1 րուբ. 50 կոպ: Ջայլամի փետուր երկարութիւն՝ 40 սանտիմ, աւելի լաւ տեսակի 50 սանտիմ երկար, արժէ 2ր. 25կ.: «Էքստրա» տեսակինը 3 րուբլի: Գունաւոր, սև և սպիտակ: Մեր փետուրները կարելի է գործածել 10 տարի, և կարելի է մի գլխարկից փոխել միւսը և միշտ պաշտպանում են իրենց գեղեցկութիւնը…

Երբեմն գովազդատուները երևակայության  արտառոց թռիչներ են ունենում: Ահավասիկ՝ Վորոնցովի արձանի մօտ Հօթել Վերսալի չափածո գովազդը «Հորիզոն»-ի 1909թ. համարներից մեկում:

— Գալդ բարի, ճամփորդ եղբայր,

Ինչու այսչափ դու ուշացար

Փափուկ մահիճ, մաքուր սեղան

Պատրաստ է միշտ քեզի համար

Մեր նօմերի օդը հով է,

Մուտքն էլ գողից ապահով է

Իսկ մաքրութի՞ւնն, էլ ի՞նչ ասեմ:

Խօմ մեր ծառան գիտե՞ս ով է:

 -Բաղլինջ, մոծակ, ոջիլ ու լու՝

 -Ի՞նչ խոսքեր են այդ ասելու…

Ուր որ գնաս, լիքն են դրանք,

Մեզ մօտ՝ հնար չունեն գալու:

Բեռդ դիր ցած, ճամփորդ եղբայր,

Հանգստացիր, էլ ման մի գա.

Օրթաճալուց մինչև վակզալ

 Դու չես գտնիլ «Հօտել Վերսալ»

Վորոնցովի արձանի մօտ:

Ամերիկայի հետ հեռահաղորդակցութական կապեր են հաստատվում:

Շտապ հեռագիր դէպ Ամերիկա (հարստութեան ճանապարհ): Ամենակարճ և յարմարագոյն ճանապարհ դէպ հիւսիսային և հարաւային Ամերիկա: Շատ էժան գնով: Ամեն միջոցով կարելի է գնալ աշխարհի ամեն կողմ: Ուղարկեցէք կանխավճար 10 րուբլի, առանց ուշացնելու կուղարկենք Ձեզ շիֆկարտ: Պահանջւում է շատ բանւոր Կանադայի երկաթուղագծի վրայ: Թղթակցել ռուսերէն:

Կինոդիտման նոր հնարավորություն թիֆլիսցիների համար՝ Էլէքտրօ- բիօսկօպ:

Էլէքտրականութեամբ լուսաւորւած իսկական կենդանի պանորամա ունենալ ցանկացողներին յանձնարարում ենք «ԱՐԵՒ» էլէքտրօ-բիօսկօպը, որ  պայծառ էլէքտրական լոյսի մէջ իւրաքանչիւր պատկեր ցոյց է տալիս շատ մեծ դիրքով՝ բնական, կենդանի, պլաստիկ պանարամայի նման: Ամբողջ ապարատը մետաղից է՝ ծածկւած կոկորդիլոսի արհեստական մաշկով: Էլէքտրօ-բիօսկօպի գինը էլէքտրական ամրողջ կառուցածքով և 3 սերիա հետաքրքիր պատկերներով՝ միայն 2 ր.30կ.: Կան 100 սերիա պատկերներ սկսած մանկականից մինչև ամենապիկանտները: Գինը 3 սերիան 60 կ., 6 սերիան 1ր., 12 սերիան 1ր. 75կ.: Ճանապարհածախսը 40կ:

1915թ.երկրորդ կեսին «Հորիզոն»-ի համարներում հայտնվում են   հայտարարություններ ցեղասպանությունից մազապուրծ գաղթական որբուկների օժանդակության մասին:

«Կոչ հայ օրիորդներին.Ներկայ դրութիւնը ստիպում է մեզ ի մի խմբւել ընդհանուր ոյժերով գործելու: Հայ Օրիորդների Կոմիտէն իր սուղ միջոցներով բացել է արդէն ապաստարան-որբանոց գաղթական երեխաների համար: Գործը սկուած է, բայց պահանջում է մեծ աջակցութիւն թէ բարոյական և թէ նիւթական: Մենք համոզւած ենք, որ հասարակութեան և օրիորդների լայն խաւերում մեր կոչը անպայման կը գտնի արձագանք:Հայ Օրիորդների Կոմիտէ»:

Եվ վերջում, մի տարօրինակ ծանուցում հիպնոզի վարպետ Հարություն  Շեքերջյանից:

Հիպնոսիզմի և մարդկային մտքի քաջագործութեան գործնական հոգեբանութեան կուրսերը Յարութիւն Շեքերջեանի. Տալիս եմ փորձնական դասեր, դարմանում եմ զանազան հիւանդութիւններ, իստերիա, ստամոքսային ներւային ցաւ, նեւրաստինիա, հարբեցողութիւն, ծխել, ծոյլ աշակերտուհիներին աշխատասիրութիւն ներշնչել եւն: Ընդունելութիւն առաւօտեան ժամը 11-1-ը: Բեբութեան փող 56: Շ. Շեքերջեան

  Այսքանը Թիֆլիզի «Հորիզոն»-ի  ծանուցումների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button