Ազդ անցյալից

Սեբաստիայի կարոտը Նյու Յորքի «Ալիս» թերթի էջերին. «Ազդ անցյալից»

1920-1935թթ. Նյու Յորքում  խմբագրապետ  Մեսրոպ Պաճագեանի ղեկավարությամբ հրատարակվում  է սեբաստացիների «Ալիս» պարբերականը, որը Սեբաստիո վերաշինության միության պաշտոնաթերթն էր: Իսկ 1933-35-ին հրատարակվում է նաև  «Այգ» երիտասարդական միության պաշտոնաթերթը:

Այսօր թերթելու ենք ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ում հաստատված սեբաստացիների հայրենակցական միության «Ալիս»- թերթը, որ  Սեբաստիայով հոսող 1355 կմ երկարությամբ Սև ծով թափվող գեղեցիկ գետի անունով է: Ինչպես էին ապրում սեբաստացիները, ինչպես էին ոտքի կանգնում հեռավոր Ամերիկայում  և ինչպես էին նախաձեռնում  և աջակցում Խորհրդային Հայաստանի մեջ Նոր Սեբաստիա հիմնելու գաղափարին: Եվ ինչ հայտարաություններ և գովազդներ էին զետեղում թերթի էջերին:

 

Հրապարակային մեծ ժողով Սեբաստացիներու .Հայաստանի մէջ Նոր Սեբաստիոյ կառուցման առթիւ, Սեբաստիոյ Վերաշինութեան Միութեան Նւի Եօրքի Արանց եւ Կանանց մասնաճիւղերն միասնաբար հրապարակային մեծ ժողով մը   պիտի սարքեն, Հոկտեմբեր 7, 1928-ի Կիրակի  կէսօրէն վերջ ժամը 3-ին Պրայնթ Հօլի մէջ (Bryant Hall) 723-6-th Avenue, 41 և 42-րդ փողոցներուն մէջտեղ:    

Սիրով կը հրաւիրենք Նիւ Եորքի եւ շրջակայքի Սեբաստացի մեր բոլոր հայրենակիցներն անխտիր, որպէսզի բարեհաճին գալ  ներկայ գտնուելու եւ վայելելու գեղարուեստական եւ հոգեկան հաճոյալի ժամանց մը: Մանրամասնութիւններ առանձին յայտագրով:

     Կարգադրիչ յանձնախումբ Սեպ. 23, 1928

 «Սեբաստիոյ Վերաշինութեան Միութիւնը» ըստ ավանդույթի հոբելյանական հանդեսներ կազմակերպում էր ամեն տարի:  

 Շքեղ պարահանդէս եւ խնջոյք Սեպաստիոյ Վերաշինութեան Միութեան Նիւ Եօրքի կանանց, արանց մասնաճիւղերու եւ «ԱՅԳ» Սեբաստիոյ Երիտասարդաց Միութեան կողմէ:  Տեղի պիտի ունենայ Նոյեմբեր 17, 1929 կիրակի կէսօրէ վերջ ժամը 2.30-էն մինչեւ 12:

Ազգային կրթական-հասարակական գործերը սեբաստացիների ազգային ինքնության պահպանման և հոգեկան բավարարության համար էին: Նաև շատ սեբաստացիներ  բավական առաջացել էին գործարարության բնագավառում:

          Համբաշեան  կահոյք Նիւ  Եօրք, 17-րդ փողոցի մօտ.

 Մեր վաճառատան մէջ պիտի գտնէք տնական կարասիներու ճոխ մթերք մը: Պայմանները մատչելի: Կանխիկ կամ ապառիկ: Օտարի երթալէ առաջ կամ վերջը անգամ մը մեզ փորձեցէք: Պատեհութենէն օգտուեցէք:Համբաշեանէն ֆըրնիչըր գնելու առաւելութիւնն է գիներու չափաւորութիւնն ու վստահելիութիւնը: Վաճառատունը բաց է առաւօտեան ժամը 9-էն մինչեւ իրիկուան ժամը 9-ը:

Գոհարեղէնի միակ հաստատութիւնը. Ուր կրնաք Ձեր իւրաքանչիւր սէնթը ետ ստանալ, եթէ գոհ չէք մնացած Ձեր գնումներէն:Մեր քսանեւմէկ տարուայ հաստատութիւնը ապացոյց մըն է մեր ուղղամտութեան: Դիմեցէք մեզի Գոհարեղէնի, ադամանդեղէնի եւ կամ  նուէր  տալիք որեւէ անձնական կամ տան առարկաներու համար եւ մենք կերաշխաւորենք ձեզ գոհ թողուլ ամէն կերպով:

Փարոս անմրցելի րէքըրտներ Victor և Colombia օրթօֆօնիք ֆօնօկրաֆներ.

     Կը վաճառենք փոքրիկ շաբաթավճարով: Րէքըրտներու ամենաճոխ մթերքը ունինք: Կը վաճառենք մեծաքանակ եւ փոքրաքանակ: Մեծաքանակի համար ամէն հայաշատ քաղաքներու մէջ խանութպաններ կուզուին, որոնց կուտանք մասնաւոր զեղչ:Նաեւ արտասահման կը ղրկենք մեծաքանակ- էքսբօրթի գնով: Պահանջեցէք մեր րէքըրտներու ցուցակները  երգերու  բառերով , որոնք ձրի կը ղրկենք:

Տեղեկացվում է  նաև, որ այցելելով խանութ, կարելի է օգտվել ակնաբույժի ծառայությունից և նորաձև ու հարմար ակնոց ապսպրել: 1930թ. համարներից մեկն էլ գովազդում է 5-րդ ավենյուի վրա գտնվող հայտնի Latham հյուրանոցում բացված հայ-ամերիկյան «Դարի ռեստորանը» և հրավիրում հաճելի ժամանցի:

 Նիւ Եօրքի վերջին նորութիւնը. Առաջնակարգ հայկական եւ ամերիկեան ճաշարան Նիւ Եօրքի  ծանօթ հօթէլ  Լէթհըմ –ին մէջ (Hotel Latham) CENTUARY RESTAURANT  5-րդ ավենիւի մօտ:

Ամերիկայի մէջ առաջին անգամ ըլլալով՝ այսօրինակ հոյակապ ճաշարանի մը բացումը մեծ ընդունելութեան արժանացաւ: Հայ ճաշարանի մը սովորական գները: Ընդարձակ , օդասուն ճաշասրահներ: Բարեկիրթ սպասարկութիւն: Առանձին բարեկամի հետ կամ ընտանեօք ճաշելու համար իտէալ ժամադրավայր մը: Փարթիներու, հարսանիքներու եւ ընտանեկան հաւաքոյթներու համար մասնաւոր սրահներ:

Եթէ այսօրինակ գեղեցիկ հայկական ճաշարան մը իր բացառիկ յարմարութիւններով Ամերիկայի մէջ որեւիցէ տեղ տեսած եք, այնքան համեղ կերակուրներով-ձեր ճաշագինը մի՛ վճարէք:

 «Ալիս»-ի գովազդային սյունակներից իմանում ենք, որ Նյու Յորքում սուրճի, թեյի և ընկուզեղենի լավագույն խանութներից մեկը պատկանում է Պարսամեան եղբայրներին:

              Սուրճ եւ թէյ մեծաքանակ եւ փոքրաքանակ. կը խորովենք եւ կ՛աղանք

Ամէն օր թարմ հայկական եւ ամերիկեան սուրճ: Պոլսէն ներածած ենք պիստակ, նուշ եւ այլ նուշեղէններ: Հեռաւոր տեղերէ ապսպրանքներ սիրով կ՛ընդունինք: Գները խիստ չափաւոր, փորձեցէք եւ գոհ պիտի մնաք: Barsamian brothers  New York city

        Կարճ ծանուցումներ մեկ սյունակով: 

        «Սեբաստիա» ճաշարանը.

 Նորաբաց այս ճաշարանին մէջ, փորձառու խոհարարի ձեռքով կը պատրաստենք աժան գիներով ճոխ եւ համեղ  կերակուրներ, նամանաւանդ Սեբաստիոյ համեղ եւ համբաւաւոր «Շիշ –Քէպապ»-ը: Երբ Թհըրտ Էվընիւին մօտ՝ Իսթ 27-րդ փողոցը գաք, հրամմեցէք մեր մաքուր ճաշարանը եւ գոհ պիտի մնաք:  Տնօրէն՝ Հաճի Մաղաքեան (Սեբաստացի):

                                                                                            ***

       The Garfield houseՀայկական ամառանոց

Յարգելի Հայրենակիցներ, առաջին տարին ըլլալով պատեհութիւնը կ՛ունենամ իմ հայրենակիցներուս եւ բարեկամներուս քաջալերանքը ակընկալել եւ յայտարարել  որ, այս տարի իմ ձեռքս անցած է Կարֆիլտ հաուզ ամառանոցը: Կը մնայ Ձեզ գալ եւ վայելել սոյն տեղը, որ ամէն բան փոխուած պիտի տեսնէք: Տնօրեն Լեւոն Սանոսեան:Գիները չափաւոր են ամէնուն համար:

                                                                         ***

Գասպար եւ Կութիլա «Հայ մեռելաթաղ» 489 First Avenue, New York (Իսթ 28-րդ փողոցի մօտ). Գիշեր եւ ցորեկ բաց է: Յուղարկաւորութեան ծախքերը 125 Տօլար կամ աւելի : Ծաղքի քանակը առանց նկատի ունենալ  իւրաքանչիւր յուղարկաւորութեան տխուր պարագայի մասնաւոր ուշադրութիւն եւ յարգանք կը մատուցանենք: Մեր տեղին մէջ ննջեցեալը պահելու ծառայութեան համար վճարում չի կայ:

                                                                           ***

Ararat florist Flowers for all occasions Նիւ Եօրքի հայ ծաղկավաճառը (Զօթեան եղբայրներ). Դիմեցէք եւ գոհ պիտի մնաք:  Թէլէֆոնով օրտըրներ խնամքով կը պատրաստենք եւ տիլիվըր կ՛ընենք Նիւ Եօրքի եւ արուարձաններու ամէն կողմերը: Phone 4-2992 41-27 Queens Blvd. Long Island City: Wedding& Graduation bouquets, funeral designs.

 Այսքանը Նյու Յորքի Սեբաստանցիների հայրենակցական միության «Ալիս» թերթի ծանուցումների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button