Ազդ անցյալից

«Մասիս»-ը Դեթրոյթում․ «Ազգային արժեքներ»

1894-95թթ. Մի մեծ դատավարություն սկսվեց Ամերիկայում: Տատրեան ազգանունով Կեսարացի մի բժիշկ ամերիկյան կառավարության կողմից ստանում է հիվանդների ապաքինման համար  անչափ օգտակար մածուն արտադրելու և վաճառելու մենաշնորհը: Շուտով Տատրեանը պատրաստում է մածունի և ձկան յուղի խառնուրդից մի նոր սննդատեսակ-հավելում, կոչում այն Mazol:

Մածունի շնորհիվ այս մարդը մեծ կարողություն է դիզում: Մեկ այլ կեսարացի՝ ոմն Եաղուպեան՝ տեսնելով մածունի հաղթարշավը, որոշում է ինքն էլ արտադրել: Հեղինակային իրավունքի հարցով գործը հասնում է դատարան: Քիմիագետները, ազգագրագետները, նույնիսկ աստվածաբանները խառնվում են գործին: Վերջապես ամերիկյան արդարադատությունը կայացնում է վճիռը: Որոշվում է մածունի պատրաստման և վաճառքի մենաշնորհի համար «…քանի մը նահանգներ Եաղուպեանին յատկացուին, քանի մը նահանգներ ալ Տատրեանին»: Տարիներ տևած այս դատավարությունը  թերթերի սյունակագիրների սիրելի նյութն էր:

Եվ այսպես՝ տեղափոխվում ենք Ամերիկյան մայրցամաք՝ Դեթրոյթ: Այս քաղաքի հայակական համայնքը հարուստ պատմություն ունի, որ սկզբնավորվել է ցեղասպանություններից էլ առաջ՝ հիմնականում բողոքական միսոնարներու միջոցավ: Այսօր թերթելու ենք 1927-28 թթ. «Մասիս» պարբերականի համարները:

«Քրայսլեր» ավտոմոբիլների վաճառքով զբաղվող  Թորոսեան մոթոր կորպարացիան ծանուցում է հայ և հույն գնորդներին.

Torossian Motor sales INC Chrysler ՛՛50” “60,’70, “80” 8690 Twelfth st. corner Blaine, Detroit. Tel. Empire 0952

Մասնաւոր ծառայութիւն Հայէն Հայուն, ինչո՞ւ դիմել օտարին:Հայերու և յոյներու համար մասնաւոր ներկայացուցիչ Ա.Սէլեան:  

Դեթրոյթում ավտոմոբիլներ ունեցողների թիվը ավելի ու ավելի է մեծանում: Զուգահեռաբար ավելանում է վթարների քանակը. Ապահովագրական ընկերությունները ուշի ուշով հետևում են վիճակագրությանը:

Հայ մանկանց ապահովագրիչ. Տիթրոյթի մէջ տարուան ընթացքին բազմաթիւ մանուկներ կը մեռնին ինքնաշարժի արկածներու շատութեան պատճառով: Ալ չըսենք զանազան հիւանդութիւններով մեռնող մանուկներու թիւը, որ ամէն ծնողի յայտնի է: Ապահովագրէ՛ քու փոքրիկիդ կեանքը, շաբաթական մէկ քանի սէնթի վճարումով միայն: Փոքրիկներու կեանք ապահովագրող՝ Ջոն Հանքոք mutual life ins. Co Boston, միակ հայ ներկայացուցիչ Մ. Ժամկոչեան:

Աւետիս Պ. Սէլեանը, որ  Նիւ Եօրքի կեանքի ապահովագրաթյան ընկերության Դեթրոյթի  գործակալն էր, ևս ծանուցում է իր ծառայությունների մասին: «Մասիս»-ի գովազդային սյունակներում բավական ակտիվ են նաև անշարժ գույքի գործակալները:

Օգտուեցէք մեծ պատեհութենէն քանի դեռ ուշ չէ: Վաճառում Քարօլ  լեյքի գետիններուն անակնկալօրէն աժան գներով: Արդէն իսկ սպառելու վրայ է, փութացէք առիթէն օգտուիլ: Մեծագոյն և շատ աժան վաճառում, բոլոր մէկ եւ աննախընթաց գնով: Պայման- ընդհանուր գին 175.00 տոլար: Կանխավճար 25.00 տոլար, ամսավճարը 10.00 տոլար: Այս հողամասերը 1921-ին ծախուած են 500.000 էն միմչև 700.000 տոլարի: Քէշիշեան Keshishian realty.  

Ծախու տուն. Պզտիկ տաուն մը վճարելով տէր եղիր 6 սենեակնոց ու լաւ բաղնիքով տան մը, որուն 2 սենեակը վարձու տալով կրնաք վճարել մնացածը: Հայ ներկարար. Տուներ կը ներկեմ, պատերու թուղթ կը փակցնեմ և կը զարդարեմ: Մաքուր ու ճաշակաւոր գործ, դիւրամատչելի պայմաններով: Գահրիման Սիմոնեան:   

Դե իսկ տունը նորոգելով, արժե կահույքն էլ թարմացնել:

Ֆըրնիչըրի միակ հայ խանութ Տիթրոյթի մէջ.Կը ծախենք կը նորոգենք ամէն տեսակ կարասիներ դիւրամատչելի գներով: Օտարին դիմելէ առաջ մեզի դիմեցէք ու գոհ պիտի մնաք: Ձեր հին ֆըրնիչըրները նորի հետ կը փոխենք: Սեփականատէր Աւետիքեան եւ Թովմասեան:

 Հայ ելեկտրագէտ Վահան Քէօսէեանը ևս պատրաստ է օգտակար լինել իր հայրենակիցներին և՝ ոչ միայն: Իսկ Յակոբ Տիլկերեան անունով դեթրոյթցի հայը ծանուցում է՝«Սինկէր կարի մեքենաներ , աւլելու մեքենաներ եւ լուացքի մեքենաներ..: Կը ծախեմ և կը նորոգեմ: Ունիմ նաև լաւ վիճակի մը մէջ գործածուած մեքենաներ կանխիկ կամ ապառիկ: Իմ ծախած մեքենաներնէն եթէ դժգոհ մնաք, Ձեր դրամը ետ կը վերադարցնեմ:  

Տիթրոյթի միակ հայ փորագրիչը. Տպագրութեան համար զինկի, պղնձի վրայ կը փորագրենք ամէն ձեւի նկարներ ու արթիստական գործեր, որոնք նուրբ են եւ բնական: Արագ սպասարկութիւն եւ մատչելի գին: Հայերու համար 25 տոկոս զեղչ: Դիմել՝ Քէտլէք ֆօթօ ինկըրէյվինկ քըմփանի ներկայացուցիչ տիար Է. Շահէն , վարիչ Ս. Շահէն:

1927թ.Դեթրոյթի հայերը «չաման, պամիա փախլայ, պանիր հայկական, հունական, բուլղարական, բաստըրմա սխտորով, սև պիպէր, քիմիոն, աղացած եւ լման սումախ, խունկ, ծիրանի չիր, արեւելեան եւ տեղական նպարեղինաց բազում այլ տեսականի ձեռք են բերել Մարուքէ Նահիկեանի «Նոր Հայաստան նպարատուն»-ից:

Այժմ Ծանուցումներ 1 տողով.  

  • Հայ փաստաբան Րաֆի ՏէրեանՄիչիկընի մէջ առաջին անգամ հաստատուած հայ փաստաբան:
  • Հայ սափրիչ Օննիկ Արամեան: Տասնեակ տարիներու փորձառութիւն: Կւ հայթայթէ նաև ամենազադու և արագաբոյժ մաճուռըլի  դեղ:
  • Ծախու տուն՝ Perry փողոց, թիւ 1375 –պէտք է ծախուի կանխիկով: Գն՛ա եւ  տես:Դիմել՝ Մալարեան:
  • Թայրի հայ վաճառական: Կրէնտ tire Co  Համբար Խորասանճեան:

 

Մանկական երեկոյթ եւ պարահանդէս Տիթրոյթի հայ օրիորդաց միութեան կողմէ: Շաբաթ երեկոյեան ժամը 7:30-ին, Ռամկավար ազատական սրահ Վուդվարդ պողոտա: Գին տոմսակի 50 սէնթ:

Հայերը Դեթրոյթում հիմնել էին անգամ «Հայկական մեռելաթաղի ընկերութիւն 13830 Hamilton Blvd, Detroit»:

Դեթրոյթի «Մասիս» թերթը տեղեկացնում է, որ 1927թ. Սեպտեմբերի 11-ին, կիրակի օրը, Խաչվերաց տոնին «Եպիսկոպոսաց մեծ եկեղեցիի մէջ» կտրվի Սուրբ Պատարագ՝ թեմի «հոգեւոր հովիւ Գերաշնորհ Տէր Վահրամ Ծայրագոյն վարդապէտ Նազարէթեանի» կողմից և «Եկմալեան քառաձայն պատարագը առաջին անգամ ըլլալով կ՛երգուի Տիթրոյթի մէջ, քառասուն երկսեռ անհատներէ բաղկացած երգչախումբի մը կողմէ՝ ղեկավարութեամբ եկեղեցւոյ նորընտիր երաժիշտ-դպրապետ և տաղանդաւոր երաժիշտ ու հեղինակ Կոմիտաս Վարդապետի կարողագոյն սաներէն Տիար Յարութիւն Էքիզեանի, որ հոգաբարձութեան հրաուէրով ստանձնած է եկեղեցւոյս դպրապետութեան պաշտոնը և յարատեւ աշխատութեամբ պատրաստած է ներկայ երկսեռ խումբը»:

Ապա՝ կտրվի «Հոգեհանգստեան պաշտամունք Ազգային մեծ հերոս եւ հայ ժողովուրդին անձնուէր պաշտպան եւ պաշտելի զաւկին Զօրավար Անդրանիկի հոգւոյն ի յիշատակ»:

Այս  համազգային սգահանդէսին ներկայ գտնուելու համար հրաւիրուած են Հայ Աւետարանական եկեղեցին եւ Ազգային բոլոր կազմակերպութիւնները:Գաղութիս ու շրջակայքի ամբողջ հայութիւնը, նուիրական պարտականութիւն նկատելու է ներկայ ըլլալու հոգեհանգստեան այս յուզիչ պաշտման, յարգած ըլլալու համար Ազգիս ամենամեծ զաւկին՝ պաշտելի հերոսին խնկելի յիշատակը:

«Մասիս»-ից իմանում ենք, որ «Քէշիշեան տպարանին մէջ կը պատրաստուին ամէն կարգի տպագրական գործեր. Յայտարարութիւններ, հարսանեկան հրաւիրագրեր, մահազդներ, քարտեր, առեւտրական թուղթեր եւ այլն, և այլն: Աժան-մաքուր-արագ: Տպարանի բաժնեկից եւ ընդհանուր վարիչ Աբիկ Գալֆաեան»:

Փարոս գրատուն ֆօնօկրաֆ եւ րէքըրտ. Մեր գրքերու գործը նոյն թափով կը շարունակուի: Կը պահենք ամէն տեսակ գրքեր եւ րէքըրտներ: Վաճառատունս բաց է ամէն օր ժամը 9- էն 9-ը: Միակ սեփականատէր Սարգիս Սարգիսեան:

Այսքանը Դեթրոյթի «Մասիս» թերթի գովազդների և ծանուցումների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button