Ազդ անցյալից

Պոլսի Բիւթանիան Ատաբազարի Բիւթանիայի մրցակից. «Ազդ Անցյալից»

1912-1913թթ. Պոլսում արտոնատեր Գրիգոր Գայեանը սկսում է հրատարակվել «Բիւթանիա» թերթը:

Մինչ այդ 1910-1912  «Բիւթանիա» անունով թերթ հրատարակում էր Իզմիտում, ապա Ադաբազարում՝   Սիմոն Սարգիսեանի  տնօրինությամբ:   Այսօր  Պոլսի «Բիւթանիա»-ի օրն է:

Ձմեռը կը մօտենայ , ինչպէս նաեւ գէշ օդերը. ցուրտին դէմ՝ մուշտակներ, վերարկուներ, անթափանց վրանոցներ, ձմեռային քօսթիւմներ, անձրեւանոցներ, կալօշներ: Չափաւոր գիներով Թիրինկ ՂԱԼԱԹԻԱ, ԵՂԱՆԱԿԻ ՆՈՒԷՐ՝ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԿԱԼՕՇՆԵՐ

«Բիւթանիա»-ի նորաձևությանը վերաբերող գովազդների շարքում հանդիպում է Արամ Գույումճեան անունով մի վաճառական:

Ամէն տեսակ մուշտակներ. եւրոպական վերջին նորաձեւութիւնք,գիներ անմրցելի, մեծաքանակ եւ փոքրաքանակ վաճառում Արամ Գույումճեամ, Սթամպօլ:

Թերթի աշնանային  համարներում, ինչպես և թե՛ արևելահայ և թե՛ արևմտահայ մամուլում ռուս-ամերիկյան կրկնակոշիկների գովազդները գուցեև ամենից հաճախ հանդիպողն են:

 Հայթայթիչ Ն. Վ. Ռուսիոյ կայսեր Ս. Պեթրսպուրկի ռուսական կալօշներ թրէուկօլնիք (եռանկիւն) ռուսեան–ամէրիքան- ինտիան րիւպէր քօմփաննի:  

1912թ. ապրիլի 14 Ատլանտյան օվկիոնոսում  Սաութեմփթոն-Նյու-Յորք  երթուղին սպասարկող «Տիտանիկ»  շոգենավը սրասույզ եղավ՝ իր հետ օվկիանոսի հատակ տանելով  մոտ 1500 մարդու:      Տիտանիկի անձնակազմը Մաքրոնի անթել հեռագրի միջոցով կարողացավ տեղեկացնել ցամաքին կատարվածի մասին:

Բոլոնիացի  սինյոր Մաքրոնը 20 տարեկան էր, երբ  լրջորեն ուսումնասիրեց Հենրիխ Հերցի գյուտը, դրա հիման վրա ստեղծեց իր նորարարությունը և 1896-ին այն  պատենտավորեց:  Կոստանդնուպոլիս-Նյու Յորք  շոգենավային  երթուղին ևս հագեցած էր  Մաքրոնի անթել հեռագրով:

Աւստրօ-ամերիքան շոգենաւային գիծ Պոլսի եւ  Նիւ-Եօրքի միջեւ. Պոլսէն Նիւ-Եօրք ճամբորդութեան տեւողութիւնը  16 օր: Շոգենաւները ելեքտրականութիւնով լուսաւորուած են, ունին Մարքօնի անթել հեռագրական  կապակցութիւն, զոյգ պտուտակ: Մեծ դիւրութիւն կ՛ընծայուի հայ ճամբորդներու: Սքանչելի սնունդ, երկաթէ մահճակալ, ձրի հիւանդանոց, բժշկական խնամք:Մեկնումի թուականը հասկնալու համար դիմել Ընդհանուր գործակալութիեան:

«Բիւթանիա» թերթը իր համարներում հասարակությանը տեղեկացնում  էր նաև Անատօլուի օսմանեան երկաթուղու կառախումբերու ժամանակացոյցը  դեպի Քէօթահեա , Էնկիւրի, Գոնիա, Ատաբազար  և այլն:  

Հատկապես  ծովային, երկաթգծային փոխադրումների ակտիվացման շրջանում և «Տիտանիկ»-ի կործանումից հետո ապահովագրական ծառայությունների գործը վերելք ապրեց:

Ալլէանցա –կեանքի ապահովագրական ընկերութիւն. Ժէնովա

Ֆրանսական, իտալական, հելլենական եւ սպանիական կառավարութիւններուն անմիջական հակակշռին տակ  եւ կ՛ընդունի օսմանեան դատարանի որոշումները: Միմիայն կեանքի ճիւղ:Դրամագլուխ եւ պահեստի գումար 50.000.000 ֆրանք:Ընկերութիւնը բազմաթիւ պանքաներէ կազմուած է, իր չափաւոր սակացոյցը և պարզ ու մեկին պայմանները Ալլէանսի մինչև այսօր ունեցած հսկայաքայլ  յառաջադիմութեան գաղտնիքը եղած են: Ամէն տեսակ կեանքի ապահովագրութիւն, ի դէպ մահու և ի դէպ կենդանութեան: Մասնաւոր և օգտակար պայմաններ: Ընկերութեան  դրամատունն է Պանք Օթոման: Ընդհանուր գործակալութիւն Սեւ ծովու եւ ներքին գաւառաց Թէլֆէեան եղբայրներ, Սամսուն:Տնօրեն Արիօն Սթավրիտիս:

Հանրահայտ Հալլե լամպերի վաճառատան նոր տեսականու  մասին՝ 1912 թ. «Բիւթանիա»-ի համարներում.

Հալլէյ  լանբերի հայկական վաճառատուն: Գիտական ամենավերջին կատարելագործութիւններով լամբարներ: 250 էն մինչև 1500 մոմի լոյս բոմբով և առանց բոմբի խնայողական, տոկուն, դիւրին գործածելի: Գին անմրցելի կերպով աժան: Վճարումներու մեծ դիւրութիւններ: Աննախընթաց ընդունելութիւն գտած են լսարաններէ, ակումբներէ, թատրոններէ, դպրոցներէ, ընթերցասրահներէ և վաճառատներէ:Եվրոպական և տեղական բազմաթիւ հաստատութիւններ մեր լամբաները գործածելով, չափազանց գոհ մնացած են:Միակ կեդրոնատեղի Ղալաթիա, Պանք Օթոման փողոց: Լ.Հինդլեան և Կ. Տիրհէմճեան վաճառատուն:

     

Ոմն Մկրտիչ Ֆրէնկեան «Բիւթանիա»-ի գովազդային սյունակներում պարբերաբար հիշեցնում էր իր մասին:

Գրպանի ելեքտրական լամբարի ամենալաւ բիլերը: Ելեկտրականութեան և թէլէֆօնի վերաբերեալ զանազան առարկաներու և մասնաւորապէս գրպանի ելեկտրական լամբաներու, պաթըռիներու և բամբուլներու  ճոխ մթերք մը խիստ նպաստաւոր  գիներով միշտ պատրաստ կը գտնուի: Դիմել անձամբ կամ  նամակաւ օսմանեան արտօնեալ  մեծ զինավաճառ Մկրտիչ Ֆրէնկեանի:  

Ամէն տեսակ զէնք, որսի հրացան, փամփուշտ կը ծախուին երշխաւորեալ եւ անմրցելի գիներով: Դիմել անձամբ կամ  նամակաւ օսմանեան արտօնեալ մեծ զինավաճառ Մկրտիչ Ֆրէնկեանի:    

Մասաչուսեթսում 1845-ին հիմնադրված «Մագ-Տուկալ եղբարք» ընկերության դեղերը «Բիւթանիա» թերթն առաջարկում է «երկրագործներուն եւ անասնաբոյծներուն»:

 «Մագ –Տուկալ եղբարք» դեղերը բացարձակապէս անթոյն և անվնաս կենդանիներուն մորթերուն վրայ, բուրդին և մազերուն մէջ գտնուող բոլոր միջատները, միքրոպները, ասոնց ձուերը կը սպաննէ, կ՛ազնուացնէ և կ՛ առատցնէ բուրդը: Անշուշտ կը փափաքիք Ձեր կենդանիներուն ոջիլները, լուերը, քոսին (ույուղ)  միքրոպը, աէն տեսակ մակաբոյծները սպաննել: Աւելցնել բուրդը քսան առ հարիւր. Ազնուացնել եւ փայլեցնել  բուրդը, սպաննել կենդանիին աղիքներուն մէջ գոյացած մակաբոյծնեը:

Գործածեցէ՛ք «Մագ -Տուկալ եղբարք» դեղերը: Դիմեցէ՛ք, առանց տնտնալու, ո՛ն Թերզեան եղբարց, Սթամպօլ: Գաւառներու համար կը փնտռուին ուղղամիտ գործակալներ:  

Դե, իսկ «Փատուայի համալսարանէն  վկայեալ  Տօքթէօր Ա. Միմիտեան մասնագէտ աչքի, ականջի, քթի եւ կոկորդի,մասնագէտ ֆրանսական Սէն-Պէնուա հիւանդանոցին: Հիւանդ կ՛ընդունի ամէն օր 9-12 և 1-4 իր դարմանատունը: Աղքատները ձրիաբար կը դարմանէ ամէն օր մինչեւ ցորեկ: Դարմանատուն, Բերա, Ղալաթիա սէրայ, նախկին քլինիք Տօքթօր Էսմէրեանի»:  

Պոլսում հրատարակվող «Բիւթանիա» թերթը  1912-ին ավարտին՝ կաղանդի օրերին  իբրև «Մտքի եւ սրտի նուէր» առաջարկում է Սիամանթօյի երկերի ժողովածուն:

Մտքի եւ սրտի նուէր –Սիամանթօի «Ամբողջական գործը».Այս մեծադիր և գեղակերտ հատորին մէջ ամփոփուած են հեղինակէն չորս գիրքեր՝ Դիւցազնօրէն, Հոգեւարքի եւ Յոյսի ջահեր, Կարմիր լուրեր եւ Հայրենի հրաւէր:Հայ երիտասարդութեան համար էն ոգեւորիչ նուէրը զոր կարելի է ընել Նոր Տարիի առթիւ: Թուրքիոյ համար զեղչուած գին 27 ղրուշ:Դիմել բոլոր գրավաճառներուն եւ մեր մօտ. Առաջամարտ՝ Ժիրայրին:   

Իսկ Փանոս Թերլեմեզյանի ղեկավարությամբ  նկարչական դպրոցը  դռները կբացի արդեն 1913-ի Հունվարի 8-ից: «Փափաքողները դիմելու են Բանկալթիէ մեծ փողոց 83:

Այսքանը Պոլսի «Բիւթանիա» թերթի ծանուցումների մասին: Հաջորդ անգամ կլինենք Ատաբազարի «Բիւթանիայի» խմբագրությունում:

Շնորհակալություն  աշխարհի ամեն անկյունում  Հայ տպարաններ և  մամուլ  հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button