ԿարևորՀասարակություն

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։

Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆոռնիայում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը, և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆոռնիայում՝ «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆոռնիայի համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։

Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։

Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը, ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։

Back to top button