Ազդ անցյալից

Երվանդ Օտեանի «Սև կատու»-ն և «Մանանայ»-ը. Պոլսական երգիծական մամուլի ծանուցումները․ «Ազդ անցյալից»

1912-1913թթ. Երվանդ Օտյանը Պոլսում հրատարակում է «Սև կատու» գրական-երգիծական շաբաթաթերը, որի 1-ին համարի առաջնորդողում կարդում ենք.

«…Սեւ կատու» չպիտի վարանի հալածելու բոլոր անոնք–մեծ ու պզտիկ  մուկեր-որոնք հանրային կեանքի մէջ երեւան կուգան  իբրև անուղղայ  խաչագողեր, անձնամոլ փառասէրներ, շահասէր ու խաբեբայ գործիչներ: Սեւ կատոն պիտի բզկտէ այդպիսիներուն դիմնակն ու ծպտազգեստը և զանոնք իրենց մերկութեան բովանդակ խաղքութեան մէջ պիտի ներկայացնէ հանրութեան դատաստանին: Այս է «Սեւ կատու»-ին նպատակը, ուղղութիւնն ու դաւանանքը»:

Բայց «մեծ ու պզտիկ մուկեր» հալածելուց զատ, թերթը գոյատևումը ապահովելու համար կարիք ուներ ծանուցումների և գովազդների: Եվ հիմնականում դրանք մշակութային ծանուցումներ էին:

       Արձակ երգեր հեղ. Օր. Մաննիկ Պէրպէրեան.

Շատ գեղեցիկ տպագրութեամբ այս ընտիր հատորը սպառելու մօտ է: Կը վաճառուի Պոլսոյ բոլոր գրավաճառատներուն քով: Կեդրոնատեղին «Արծիւ» գրավաճառանոց,Պոլիս: Բերայի մէջ կը գտնուի՝ «Ազատութեան մատենադարանի» Վայս գրատունը և Մեծ փողոց թիւ 402-ի մօտ: Գին 4 ղրուշ:

 

Սիամանթօի ամբողջական գործը պէտք է ունենալ: Գին 27 ղրուշ:

*****

Օրուան հէքիաթը Աղա Նազար. Աւետիք Իսահակեանի

  • Աղա Նազար, Աղա Նազար
  • Որ մէկ զարկով ջարդէ հազար:
  • Դիմել Արծիւ ժողովրդական գրավաճառանոց: Գին 60 փարա:  

Թերթն ընթերցողներին հիշեցնում է նաև «Բժիշկ» առողջապահական ամսաթերթի մասին՝ ապահովագրելով մարդկանց իրազեկումը հիվանդությունների վերաբերյալ:

Իսկ կյանքի և հրդեհի դեպքում  ապահովագրությունը առաջարկվում է վստահել ֆրանսիական «Իւնիօն» ընկերությանը:

«Իւնիօն» հրդեհի եւ կենաց ապահովագրական ընկերութիւն հիմնեալ ի Բարիզ 1828-1829: Ֆրանսական տէրութեան հակակշիռին ենթակայ: …Թուրքիոյ մէջ ընկերութեան դրամատունն է Օսմանեան կայսերական պանքան:

«Սև կատու»-ից իմանում ենք Պոլսում հիմնաված առաջին հայ դրամատան՝ օսմանեան առեւտրային  ընկերության մասին, որի դրամագլուխը  կազմել է 100000 օսմանեան ոսկի:

Հայկական սոյն դրամական հաստատութիւնը կ՛ընէ փոխատութիւններ, առեւտրական տոմսերու, մուրհակներու, փոխանակագիրներու, բաժնեթուղթերու, պարտաթուղթերու, ապրանքներու և բեռնագիրերու վրայ: Կուտա չէքեր, վարկագիրներ, փոխանակագիրներ և հեռագրական վճարումների հրամաններ՝ ինչպէս Թուրքիոյ, նոյնպէս աշխարհիս բոլոր մասերու վրայ: Կը գնէ և կը ծախէ ամէն տեսակ բաժնեթղթեր և պարտաթուղթեր թէ մեր և թէ բոլոր օտար հրապարակներու վրայ, ինչպէս և օտար դրամներ: ..Կ՛ընդունի դրամական աւանդներ, նպաստաւոր պայմաններով: Դրամատունս հաստատած է առեւտրական տեղեկութիւններու համար լաւագոյն կերպով կազմակերպուած սպասարկութիւն: 

Խնայողական սնտուկ. Խնայողութիւնը մեր համայնքին մէջ քաջալերելու համար կ՛ընդունի 25 ղրուշէն սկսելով գումարներ:

Գրական-երգիծական այս թերթը, որի պատվավոր հեղինակներն էին Արամ Անտոնեանը, Վահան Թէքէեանը, Միքայել Կիւրչեանը և ուրիշներ, իր սուր խայթոցները ստորագրում էր «Ածան հաւ», «էտելվեյս», «Ախմախ», «Միաու» և զվարճալի այլ մականուններով, որոնք բավական էին ծիծաղ առաջացնելու համար, ինչպես որ ««Կաուլ»-ի 3 կաթիլը բաւական էր փայլեցնելու ամենէն աղտոտ պղինձները»:

«Կաուլ» 3 կաթիլ բաւական են փայլեցնելու ամենէն աղտոտ պղինձները: Փնտռեցէք ամէն կողմ. Պաշտօնապէս ընդունուած ծովային նախարարութենէն:

Մեծ ու փոքր մկներ որսացող «Սև կատու» զավեշտաթերթից հետո, 1913-14թթ. Երվանդ Օտյանը ձեռնարկեց «Մանանայ»  երգիծական շաբաթաթերթի հրատարակումը, որի ծանուցումների մեծ մասը կրկին կրթամշակութային բովանդակության են.

Ամէն հայ անհատի եւ ամէն կրթական հաստատութեանց անհրաժեշտ ընդարձակ քարտես օսմանեան պետութեան, եօթը գոյն: Կը պարունակէ Փոքր-Ասիա, Հայաստան, Ասորիք, Միջագետք, Արաբկիր, Կաւկասիա, Հիւսիսային Եգիպտոս, ինչպէս նաև Հնոյն Հայաստանի մէկ քարտեսը՝ ըստ սեպայի արձանագրութեանց:

Քարտեսին մաս կը կազմէ գրքոյկ մը որ կը պարունակէ վիճակագրական, վարչական ու ազգաբնակչական կարևոր ծանօթութիւններ: Ծրագրեց Ա. Պիպեռճեան, գծագրեց Զ. Փափազեան: Ուշադրութեան արժանի է հայրենի պատմական ու նուիրական վայրերու ու սրբավայրերու անունները որոնք և ոչ մէկ քարտեսի վրայ կարելի է գտնել: Գին՝ թղթեայ 10, լաթապատ 15, սալոնի համար շրջանակով 25 ղրուշ:

*****

«Կարդացէ՛ք խնդացէք, կարդացէ՛խայտացէք, ցնծալով միայն  2 ղրուշ գնելով՝ Հաճի Աղաին արկածները: Հեղինակութիւն Ամիրենցի»,-1914թ. համարներից մեկու հորդորում է «Մանանայ»-ն: Բայց նաև զգուշացնում, որ շատ զավեշտալի այս գիրքը կարող է այսպես ասած «ծիծաղից մեռնելու» պատճառ դառնալ.

Համով հոտով «Մանանայ»ի ընթերցողներուն ջերմապէս կը  յանձնարարուի կարդալ սոյն քրքջալի համով հոտով գրքոյկը. Բայց չըլլայ որ ճաթիք.Կեդրոնատեղի՝ «Եփրատ գործակալութիւն:

Երվանդ Օտյանը իր իսկ հիմանդրած թերթի էջերին գովազդում էր նաև սեփական ստեղծագործությունները, նաև հատվածաբար տպագրում որոշները:

Ամենէն օգտակար հրատարակութիւնները՝«Ապտիւլ Համիտ եւ Շէրլօք Հօլմս». Յայտնի երգիծաբան Ե. Օտեանի ամենէն հետաքրքիր գործերէն մին: Ա.Բ.և Գ. Հատոր 18 ղրուշ: «Բերայի Հովարտաները»-Պոլսական կեանքէ ամենէն նորագոյն վէպը, լոյս տեսաւ երկրորդ տպագրութեամբ: Գին 4 ղրուշ:

Թերթը գովազդում էր նաև Սմբատ Բյուրատի «Եըլտըզի պօմպան»՝ գին 16 ղրուշ:

«Մանանայ»-ի էջերին 1913թ. հայտնվեց Նեպտուն լիմոնադների գովազդը: Իբրև «Հայկական ձեռնարկ», գովազդում   մանրամասնորեն ներկայացվում է ըմպելիքի բոլոր առավելությունները:

Նեպտունի լիմօնատները պատրաստուած զուտ պտղային նիւթերով, մաքուր շաքարով և բիւրեղացած կազով, անմրցելի տեսակ մը կը ներկայացնեն ոչ միայն Պոլսոյ, այլ և ամբողջ Թիւրքիոյի մէջ:Դժուարամարսներու համար միակ յանձնարարելի ըմպելիքն է, որ իր հաճելիութեան հետ կը միացնէ արագ մարսողական զօրութիւն մը:Հակաալքոլականներու համար ընտիր ըմպելիք մէ ամեն առթիւ գործածելի և զօրաւոր միջոց մը իրենց գաղափարներուն զօրավիգ ունենալու:

Ալքոլականներն ալ անսպասելի ախորջ մը պիտի զգան, մասնաւորապէս գինիին խառնելով Նեպտունի փրփրալի լիմոնատները: Հիւրմեծարութեան, երեկոյթներու, տօնախմբութիւններու և հարսանիքներու համար դիւրամատչելի և յարմարագոյն ըմպելին է: Ով որ բաղդ ունեցած է ծանօթանալու Նեպտունի լիմօնատներուն, ամառ ձմեռ իրեն սիրելի ըմպելիքը դարձուցած է զանոնք: Սիֆոններու մէջ այս անգամ յաջողուած է մտցնել պտղային լիմօնատները, մասնաւորապէս տուներու համար շատ խնայողական է 5 բաժակի պարունակութիւնը 50 փարայի, որով հասարակութիւնը դիւրութիւն պիտի ունենայ շատ աժան գնով վայելել այդ հրաշալի  լիմօնատները: Նեպտունի վարչութիւնը յանձն կ՛առնէ տուները յանձնել եղած ապսպրանքները: Հասցէ՝ Շիշլի, Քէշիշ փողոց  6:

Այսքանը, Երվանդ Օտյանի հրատարակած, Մանանայ» եւ «Սեւ կատու» երգիծական թերթերի գովազդների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button