
«Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը» պատրաստվում է մայիսյան հերոսամարտերի ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոներին: Այդ կապակցությամբ մարզերում կկազմակերպվեն շրջիկ ցուցադրություններ: Մինչ այդ թանգարանում բացվել է ժամանակավոր երեք ցուցահանդես, որոնցից մեկը նվիրված է Շարլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին և կրում է «Շառլ Ազնավուրի նախնյաց մշակութային ժառանգությունը» խորագիրը:
«Հաղթական մայիս» այս խորագիրն է կրելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված «Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» ցուցադրությունը, որն այս տարի դուրս է գալու Սարդարապատից ու շրջելու է Հայաստանով: Բայց մինչ այդ, կազմակերպչական աշխատանքները շարունակվում են՝ մանրամասնում է թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը:
«Մայիսը մեր երկրի համար շատ կարևոր ամիս է, մենք համարում ենք հաղթանակների մայիս, դրա համար այս տարի որոշել ենք տեղեկատվական թերթիկ պատրաստել «Հաղթական մայիս» վերնագրով: Մենք հատուկ ուշադրություն կդարձնենք 1918թ. մայիսյան հերոսամարտերին: Որոշել ենք իրականացնել նաև շրջիկ ցուցահանդես, արդեն նախապատրաստել ենք նյութեր, որոնք, կարծես, մեր ցուցադրության փոքրիկ մոդելը լինի՝ տպագրական տարբերակով»:
Շրջիկ ցուցահանդեսը կներկայացնեն հանրապետության բոլոր մարզերում: Մայիսյան հերոսամարտերին ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված հիմնական ցուցադրությունները համալրվելու են նոր տեղեկատվությամբ: Բացվել է Սարդարապատի հուշահամալիրի քանդակագործներից Արա Հարությունյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդեսը:
«Մենք հիմնական ցուցադրության սկզբում, որպես Ռաֆայել Իսրայելյանի ցուցադրական համալիրի շարունակություն, ներկայացրել ենք Արա Հարությունյանի գործունեությունը: Նա հուշահամալիրի քանդակագործներից մեկն է և մեր «Մուսա լեռան» հուշարձանի հեղինակը: Դա մշտական ցուցադրություն է լինելու»:
Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում այժմ ներկայացված է ժամանակվոր երեք ցուցահանդես, որտեղ ֆոնդային պահոցներից դուրս են բերվել նոր ցուցանմուշներն ու ներկայացրել այցելուներին: Դրանք հայկական ավանդական զարդեր են, խորհրդահայ վարպետների աշխատանքներ, որոնք ձեռք են բերել 1970-80-ական թվականներին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը:Մեծ շանսոնյեին նվիրված ցուցահանդեսը կրում է «Շառլ Ազնավուրի նախնյաց մշակութային ժառանգությունը» խորագիրը, որտեղ ցուցադրվել է Ախալցխայի մշակույթը:
«Շառլ Ազնավուրի հայրը ախալցխայում է ծնվել, նախնիները Կարնո աշխարհից են, և դրա համար մենք մեր հավաքածուներից հանել ենք արտեֆակտեր, որոնք ուղղակիորեն ներկայացնում են Ախալցխան: Շատ հետաքրքիր է բնակարանի ներքին տեսքը, գեղարվեստական գործվածքի տարբեր ճյուղերը, սպասքը, արխիվային լուսանկարները, որոնք ներկայացնում են Ախալցխայի մշակույթի տարբեր շերտերը»:
Ցուցադրությունում կարևորել են Շառլի ծնողների զբաղմունքը բնորոշող գործիքները՝ թառն ու կարի մեքենան: Հայրը՝ Միքայելը, բացի երգելուց, նաև լավ երաժիշտ է եղել, իսկ մայրը, արվեստին զուգահեռ՝ լավ դերձակուհի: Ցուցադրությունում հատուկ ուշադրություն են դարձրել տարազին։
«Սա Ազնավուր հիմնադրամից ենք բերել: Պատում կա, լեգենդ, որ այս տարազը պատկանել է Շառլ Ազնավուրի հորական տատիկին: Եթե նույնիսկ դա լեգենդ է, ապա նրա տատիկը հաստատ, եթե ոչ սա, ապա նմանատիպ թավշյա զգեստ է հագել՝ ամբողջը ոսկե թելով հարդարված»:
Վերջին տարիներին հայկական տարազը մուտք է գործել մեր կենցաղ, որոնց զարդանախշերը հաճախ քննարկման առարկա են դառնում: Այդ նպատակով «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում Սարդարապատի թանգարանում կկազմակերպեն հայկական տարազին նվիրված դասախոսություններ:
«Մենք տեսնում ենք, թե ինչքան մեծ հետաքրքրություն կա հայկական տարազի նկատմամբ, որպես ազգային ինքնության կարևորագույն դրսևորում: Մենք այս տարի որոշել ենք ժամը 12-ին և 14-ին կազմակերպել ինտերակտիվ դասախոսություններ, այսինքն՝ կլինեն շնորհանդեսներ, քննարկումներ և զրույց-դասախոսություն հայկական տարազի վերաբերյալ»:
Վերականգնված տարազներով այցելուները կարող են լուսանկարվել՝ ասում է Սվետլանա Պողոսյանը:
«Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում» Ֆոնդային պահոցներից հանել ու հանրահռչակում են հայկական ավանդական արծաթյա ու ոսկյա զարդեր, աքսեսուարներ, պայուսկաներ: Հնագիտգության մասում ցուցադրել են բրոնզեդարյան վերականգնված գոտիներ, շարքը տարվա ընթացքում կհամալրվի այնպիսի նմուշներով, որոնք երբեք չեն ցուցադրվել:















