Ազդ անցյալից

«Հայելի»-ի մեջ նայելով․ «Ազդ անցյալից»

1897-1902թթ. Վառնայում, ապա 1903-04 թթ.  Ալեքսանդրիայում տնօրէն-խմբագիր Տիրան Փափազեանը հրատարակում է «Հայելի» պարբերականը: Թերթի 1900թ. երկու համարներում «Հայելի»-ն ծանուցում  է գահ բարձրացած Իտալիայի վերջին՝ Վիկտոր էմմանուել 3-րդ-ի  և թագուհի Հեղինեի՝ Մոնտենեգրոյի երբեմնի իշխանուհու գահակալության մասին:

Նայենք «Հայելի»-ի մեջ, հետաքրքիր ծանուցումներ գտնելու ակնկալիքով:   

Եվ այսպես․ Կուզէ՞ք բերնի համով ապուխտ և երշիկ ուտել: Դիմեցէ՛ք ի Մուսալլա Տիար Ագրիպաս Մ. Կիւմիւշճեանի նպարավաճառատունը ուր չափաւոր  գիներով կը ծախուին առաջնակարգ մասնագետի մը ձեռքով պատրաստուած այս երկու աղանդեղէնները:

Համադամ կերակուրներ ճաշակելու, ինչպես նաև հարսանյաց և այլ խնջույքներ կազմակերպելու համար հայ երիտասարդը հրավիրում է.

Ճաշարան եւ զբօսարան Տիգրան Թիւֆէնկճեան և ընկերներ. Հաճի Բանաքօին ճիշդ դէմը: Արհեստին մէջ կատարելութեան հասած երիտասարդ հայումը ձեռամբ սարքուած այս հովասուն, մաքուր ու  գեղջական հաստատութիւն ոչ միայն պատիւ  կը կը բերէ  հայ ճաշակին, այլ եւ մեծ խթան մը կըլլայ որ հայ ու օտար փափկակերներ իրենց գարնանային ու ամառնային Ժամադրավայր մը  ընեն զայն զբօսնելու ու ճաշելու: Հարսանեաց և խնճոյքներու սպասներ ալ կը գտնուին, որոնք դիւրամատչելի գիներով վարձու կը տրուին:

Հրաչյա Աճառյանը Վառնան համարում  էր «հայոց մեծագոյն կեդրոն»: Յակոբ Ծերունեան անունով մի հայ այստեղ հիմնում է տպագրական տառերու ձուլարան.

Կը ձուլէ ամեն լեզուէ տպագրական տառեր,մասնաւորաբար Հայերեն եւ Թուրքերեն , Էսպաս, Քատրաթ, Էնթէրլիներ . Գիծ եւ Կարնիւթիւր: Գիները դիւրամատչելի: Հասցե AGOP DZEROUNIAN SOPHIA (BULGARIE:

Վառնայում  է գործել նաև   լուսանկարիչ  Մարթէն Արսլանը և իր մասին ծանուցել «Հայելի»-ում:   

 

Իսկ փորագրիչներ Կարապետ Մուարտեանը եւ Յակոբ Մոսկոֆեանը հաճախորդներին հրավիրում են Ուլիցա Բառուշէվա, թիւ 1339:

Կարապետ Մուրատեան եւ Յակոբ Մոսկոֆեան փորագրիչք, Ուլիցա Բառուշէվա, թիւ 1339, Վառնա. Նրբաճաշակ փորագրութիւններ թէ տոսախի և  թէ մետաղի վրայ, գոթիկ գրերով ամեն լեզուէ այցաքարտեր, ասոնցմէ զատ անձնական և վաճառականական կնիքներ կը պատրաստեն: Յաճախորդք միշտ գոհ կը մնան փորագրութեանց մաքրութենէն և գիներու չափաւորութենէն: Քաղաքներէ  ըլլալիք յանձնարարութիւնք փութով կը կատարունի:

Կոշկակարներ Ստեփան Խօրասանճեանը և Երանոսեանը ևս, օգտվելով «Հայելի»-ի գովազդային սյնուակներից, գովում էին իրենց կարած ոտնամանները՝  հրավիրելով գնումների:

Կոշկակար Ստեփան.Մուսալլա, Հաճի Հասան աղայի օթէլին տակ. Ճաշակաւոր, տոկուն, ձևաւոր կոշիկ շինել տալ ուզողը պէտք է դիմէ Պ. Ստեփան Խօրասանճեանի որուն ճարտարութիւնը մէկ փորձով երեւան կելլայ: Գիւերը դիւրամատչելի:

Մ. Երանոսեան կօշկակարի Խանութ, Ձար Պօրիս փողոց Աղջկանց վարժարանին կից: Կը պատրաստուին և կը գտնուին պատրաստ ամեն տեսակ Եւրոպական ճաշակաւ կօշիկներ, էրիկ մարդու, կանանց և տղայոց համար. ապրանք դիմացկուն գիներ խիստ չափաւ որ, առաջին դիմողը արդէն պիտի համոզուի:

Ըստ Հրաչյա Աճառյանի բուլղարական Ռուսճուկ, Շումլա կամ Շումէն՝քաղաքների հայ հին գաղթականները մեծ մասամբ կարնեցիներ են, «ինչպէս կհաստատեն գերեզմանաքարերը»:

Հանձնակատար Նշան Սարաֆեան  կը ծանուցանէ արգոյ հասարակութեան թէ Վառնայի, Շումլայի,Ռուսճուքի, Թրնովայի, Բլէվնայի և Սօֆիայի միջև շարունակաբար և կանոնաւոր երթևեկութիւն  հաստատած է: Կը խոստանայ գոհացուցիչ պայմաններով ճշդիւ գործադրել  իրեն ըլլալիք յանձնարարութիւնները: Իր կայարաններն  են, Վառնա՝ Զարպհանէլեանի գրատունը, ի Շումլա՝ Կոստան Պօզաճեանի խանութը, ի Ռուսճուգ՝ Գալֆաեան եղբարց ոսկերչատունը և ի Սօֆիա՝ Մարտիրոս Յովհաննէսեանի սրճարանը:

Կրկին Հր. Աճառյան: Գիտնականը գրում է, թե Բուլղարիայում «Հայոց ծառայութիւնը զինւորական գործերու մէջ ևս զգալի է. Սասունի անվեհեր ապստամբապետ Անդրանիկ, հոն ապստամբելով, երկրին մէջ առանձին պատիւ  գտաւ»:

Ի դեպ Բուլղարական բանակի մարզումների մաս է կազմել «Անդրանիկի Սիստէմը»: «Փոքրիկ հայ ազգին մեծ գործերը հիանալի են»,-վկայում է Աճառյանը:

          Մշակութային ծանուցումներ.

Թատերական.«Վէսէլօ», թատերախումբը այս գիշեր պիտի ներկայացնէ «Հայրասպանը»  անուն կատակախառն տրամը 3 արար: Վաղը գիշեր  ալ «Բարիզի լրագրավաճառը» բարոյալից կատակախառն տրամը 4 արարուած: Փորձի դրուած է «Չինաստանի կռփամարտիկները (Պոքսէռ), հետաքրքրաշարժ խաղը:

Շքեղ երեկոյթ  ի  սրահ Սայէտինէնիէի «ՎԷՍԷԼՕ» հայ դերասանական խմբի ի նպաստ տեղւոյն Ազգ. Երկսեռ վարժարանաց, 1900 Հոկտ, 29 Կիրակի, գիշեր ժամ 9 . «Կառապանը կամ Ծերունի Տասնապետը»: Թատրոն 4 արար. ծիծաղաշարժ զաւեշտ մը: Հոգաբարձութիւնս կոչում կընէ արգոյ հասարակութեան որ հաճի սոյն ներկայացման համար հրապարակ ելած տոմսակներէն գնել, որոնց  արդիւնքը յատկացեալ է բազմաթիւ որբ և աղքատ տղայոց կրթութեան:

ԹԱՏՐՈՆ ՊՈՒԼԿԱՐԻԱ Ի ՌՈՒՍՃՈՒԳ. 1901 Փետը, 8 Հինգշաբթի գիշեր ժամ 9

«Վառիեթէ» խումբին կողմէ մասնակցութեամբ Ռուսճուքի հայ երիտասարդութեան. Առաջին անգամ ըլլալով Նահատակութիւն Մեծին Վարդանայ: Ողբերգութիւն 5 արարուած Հայերէն լեզուաւ:

Կարեւոր ազդ «Ողորմութիւն արէք Հայուն  անտուն անտէր որբուկին»: Հրատարակուեցաւ ՈՐԲՈՒՆԻ կամ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԲԱՑԱՌԻԿ ԲԱԶՄԱՎԷՊԸ ի նպաստ հայ Որբիկներուն: Եօթանասուն գեղատիպ պատկերներէ և խիստ շահեկան յօդուածներէ բաղկացեալ սոյն երկը որ Վենետիկի Մխիթարեան Վերապատուելի Հայրերու փառքը կաւելցնէ, իր համեստ գնոյն տասնապատիկը աւելի արժէք ունի: Վստահութեամբ կըսենք թէ գրպանը մինակ 2,5 ֆրանք ունեցողն իսկ պիտի փափագի ունենալ այս սքանչելի հատորիկէն:  Դիմել ի Վենետիկ Ս. Ղազար, հետևեալ հասցէով Redaction de la revue Bazmaveb St. Lazar (ITALIE) VENISE:

Գուշակ ապագայի կամ՝ Զուարճալի բաղդացոյց ընտանեկան. Երկսեռ ամէն հասակի ընթերցողաց  զբօսալի ժամանցներ տուող սոյն գիրքը կը ծախուի մէկ ֆրանքի, թղթատարի ծախքով դիմել մեր խմբագրութեան:    

Երգարան մանկապարտէզի կամ դասագիրք ընթերցանութեան ի պէտս փոքրիկ տղայոց:

Այս երգարանը, իր տեսակին մէջ առաջինն է որ լոյս կը տեսնէ հայերէն լեզուով, կը պարունակէ մանկական զուարճալի երգեր ու քանի մը ոտանաւոր առակներ եւ կրնայ երախաներուն ծառայել նաեւ իբր ընթերցանութեան գիրք որուն պարունակութիւնը զբօսեցուցիչ եւ հրահանգիչ է միանգամայն անոնց համար:

Թուղթը ընտիր է, տպագրութիւնը՝ մաքուր եւ կազմը վայելուչ: ԳԻՆ 80 ՍԱՆԹԻՄ , Կեդրոն. Վառնա, Արեւելեան տպարան, 2րդ. թաղ, թիւ 1104:

Այսքանը Վառնայի «Հայելի» թերթի գովազդների և ծանուցումների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button