Ազդ անցյալից

Հետևելով Նիկոմեդիայի և Ատաբազարի «Բիւթանիա» թերթի ծանուցումներին․ «Ազդ անցյալից»

«1328 թուին Նիկոմեդիա և ամբողջ Բիւթանիոյ թեմը  օսմանեան տիրապետութեան տակ մտաւ:…Հայերի թիւը հետեզհետէ շատցաւ այս կողմերը Հայաստանէն, Փոքր Ասիոյ ներսերէն և մանաւանդ Պոնտոսէն եկած գաղթականներով»,-գրում է Հրաչյա Աճառյանը:

Նիկոմեդիայի շրջանում գտնվող Արմաշի Չարխափան Ս. Աստվուծածնի վանքը ամենահայտնի ուխտատեղին էր Երուսաղեմից հետո:

Այսօր անդրադառնալու ենք 1910-11թթ. Նիկոմեդիայում, որ  թուրքերը կոչում են Իզմիտ, ապա 1911-1912թթ. Ատաբազարում հրատարակվող «Բիւթանիա» անունով թերթին: Մինչ բուն գովազդներին անցնելը 2 հաճելի ծանուցում.

Օրիորդ Իսկուհի Մարտիկեան եւ Զարեհ Կէննեան ամուսնացած Ատաբազար 20 Օգոստոս 1910:

Օրիորդ Էլիզ Զանըմեան եւ Պր. Աշոտ Պաղպաղեան ամուսնացած Ատաբազար 17 հոկտ. 1910:  

 Նորապսակ Իսկուհին և Էլիզը վստահաբար պիտի փափագեին, որ  «Նոր արդուկարանը», Իզմիտի փոխարեն բացված լիներ իրենց քաղաքում՝ Ատաբազարում.

Անոնք որ կը փափաքին ունենալ մաքուր ու փայլուն օսլայուած օձիքներ, շապիկներ, ճերմակեղէններ, կանանց պլուզներ և շրջազգեստներ, թող անկասկած դիմեն Կարապետ Թէրզիեանի նոր արդուկարանը, ուր իրենք աշխատակից ունին նաև վարժ արդուկարարուհի մը:

1910 թ. համարներից մեկում քաղաքի ժամագործներից պարոն Թիրեաքեանը գովերգում է իր ունեցած ապրանքը և, ի մասնավորի, հիշատակում օսմանյան երկաթգծերի գրասենյակի մատակարար հռչակավոր Սարգիսօֆի ժամացույցները:

Ժամագործ Բենիամին Ս. Թիրեաքեան, Իզմիտ, Օրթաճամիի վարի դրան կից. կը վաճառուին ամէն տեսակ պատի ու գրպանի ժամացոյցներ,ինչպէս նաև շղթաներ՝ գոհացուցիչ գներով: Նորոգութիւնները կը կատարուին արվեստին պահանջած նրբութիւններով և խղճամտօրէն:Ճոխ մթերք Սարգիսօֆ ժամացոյցներուն:

1910թ.Նիկոմեդիայում կամ Իզմիտում հրատարակվող «Բիւթանիա» թերթի համարներից մեկում կարդում ենք.

 Չագըրեան մանկապարտէզ Իզմիտ, Գօզլուգ փողոց: Վերեւ յիշուած մանկապարտէզը որ կը գտնուի բարձրահայեաց և գեղատեսիլ դիրքի վրայ, Օգոստոսի կէսին կը վերաբացուի և կը մտնէ իր 10-րդ տարեշրջանը: Այն ծնողքներ որոնք կ՛ուզեն խնամուած կրթութիւն մը տալ  իրենց պզտիկներուն,պէտք է նախամեծար սեպեն Չագըրեան մանկապարտէզը:

Թերթի ծանուցումներից մեկում  մի շատ հետաքրքրական տեղեկություն ենք կարդում  Նիկոմեդիա քաղաքի կրթամշակութային և ժամանցային կյանքից: Այստեղ 1910 թ. բացվել է մի ժամանակակից ընթերցասրահ ճիշտ և ճիշտ այսօրվա ոճով:

 Բիւթանիա ընթերցարան. Իզմիտ երկաթուղիի կայարանին դէմ. Ժողովրդային ժամադրավայր մը ըլլալու սահմանուած սոյն ընթերցարանը տրամադրելի ունի աւելի քան երեսունը հինգ տեսակ օրաթերթ և պարբերական, ամէն տեսակ բառագիրք և մատենադարան մը:

Սուրճ, թեյ, լօգում, օշարակ 10 փարա, բասթա 30 փարա եւ գարեջուր գաւաթը 40 փարա: Յաճախորդներուն իբր դիւրութիւն ձրի են թուղթ և պահարան նամակագրութեան համար: Մօտ օրէն հաճելի անակնկալ. Մանրամասնութիւն յառաջիկային:

Մշակութային ծանուցումները շարունակվում են. Իզմիտի ազգային թատրոնի բեմում  ներկայացվում է Վարդանանց պատերազմը:

       Աւարայրի ռազմադաշտը բեմի վրայ. Յառաջիկա փետ.21 կիրակի ժամը 8-ին.

Մեծաշուք հանդիսութեամբ պիտի ներկայացուի Քաջն Վարդան Մամիկոնեան կամ Աւարայրի արծիւը երգախառն ողբերգութիւնը 5 արար եւ 4 պատկեր: Առաջնորդութեամբ տիար Օ. Շահինեանի

«Բիւթանիա»-ն պատմում է, որ Նիկոդմեդիայի Արամեան վարժարանի սրահի մեջ խմբավար Արշամ  Մինասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել մեծ հայկական համերգ, որի ընթացքում «երգեցին մեծաւ մասամբ Կոմիտաս Վարդապետի հեղինակած Հայ-գեղջուկ  երգերէն …Բոլորն ալ  քառաձայն: Երեկոյթը՝ իր աննախընթաց կարգապահութիւնովը բաւական փայլուն անցաւ: Երեկոյթը սարքուած էր ի նպաստ նոյն թաղի վարժարաններուն: Ընդհանուր հասոյթ եղած ըլլալ կը թուի մօտաւորապէս 2000 ղրուշ»:

 

Ուրարտու Հայաստանի արձանագրական պատմութիւնը. Ամէն կողմէ գնահատուած սպառելու վրայ է արդէն: Պատկերազարդ, քարտիսաւոր, ընտիր տպագրութեամբ,224 էջ, արժէքաւոր երկասիրութիւն մըն է այս գործը: Հայաստանի ամէնաստոյգ պատմութիւնն է ան, որ գրուած է միայն բեւեռաձեւ արձանագրութիւններու համեմատ: Գինը 10 ղրուշ, մէկ րուպլի, կէս տոլար և կամ 2 ֆրանք: Դիմել հեղինակին՝ Գէորգ –Մեսրոպ:

Լոյս տեսաւ Ցեղին սիրտը 1906-1909 Երգեց՝ Դանիէլ Վարուժան: Ճոխ հատոր մը մաքուր տպագրութեամբ՝փայլուն թուղթի վրայ: Հատորը բաժնուած է երեք մասերու՝ Բագինին վրայ, Կրկէսին մէջ, Դիւցազնավէպեր և կը պարունակէ 42 քերթուածներ ու բանաստեղծութիւններ: Գինն է 9 ղրուշ:

Հրատարակուեցաւ Սուրէն Պարթեւեանի Կիլիկեան արհաւիրքը բազմաթիւ պատկերներով Գին 7/2 ղրուշ: Լաւագոյն և կատարեալ գործ մը Ատանայի աղետի վրայ՝ զոր ամեն հայ պետք է ունենայ: Դիմել Նշան Պապիկեան գրատուն:

Բացուած է բաժանորդագրութիւնը «Շանթ» գրական, հասարակական եւ գիտական ամսաթերթի. Խմբագիր Շահան Նաթալի, կանխիկ տարեգին՝ Ամերիկա 1 տոլար,անկէ դուրս 6 ֆրանք: Հասցէ Shahan Natalie 126 P.O. Box, Essex St. , Station USA Boston, Mass.

1911-ին Նիկոմեդիայում հրատարակվող «Բիւթանիա» թերթի խմբագրությունը  տեղափոխվում է Ատաբազար:

Օթէլ Արարատ, Ատաբազար. Խնամուած եւ մաքուր սպասարկութիւն: Այցելուները միշտ գոհ մնացած են և իրենց գոհունակութիւնը գրաւոր կերպով յայտնած են: Այցելեցէք անգամ մը և պիտի համոզուիք:

«Բիւթանիա»-ն գովազդում է նաև Կոստանդնուպոլի Օսմանիյէ պանդոկը, որի սեփականատերը ատաբազարցի Ներսես Փափազեանն է, որ բռնապետական ճնշման տակ ակամայ թողած էր իւր ասպարէզը, այժմ քաջալերուծ Սահմանադրութեան ընձեռած բարիքներեէն այս անգամ հիմնած է դարձեալ  պանդոկ մը: Սոյն պանդոկը ունի սքանչելի դիրք մը. Ամբողջ Ոսփորը, կղզիները ու Մարմարայի ծովը  իւր առջեւն է: Եւրոպական նուրբ ճաշակով կահաւորված, ելեկտրական զանգակներով ու օդային կազերով լուսաւորուծ է. Սպասարկութիւնը անթերի և մաքրութիւնը կատարեալ է. Մանաւանդ ճերմակէղեններու մասին վերջին ծայր խնամք տարուած է: Մէկ խօսքով յաճախորդի մը հանգստութեան համար ամէն կարելի միջոցներ ձեռք առնուած է: Գործի մարդոց համար գրասենեակ և ընտանեօք եկող անձնաւորութեանց համար ալ  լաւ կահաւորուած ընդարձակ սալօն մը կայ յաճախորդներու տրամադրութեան տակ. Հոն իրենց եկող հիւրերը իրենց տանը պէս կրնան ընդունիլ: Սալօնը ունի պատշգամբ մը ընտանիքի մը համար: Կ՛արժէ  նստիլ, բնաւ նեղութիւն չ՛զգար, չափազանց գոհ կը մնայ և իրաւ ալ Պոլիս  եկած ըլլալը կը հասկնայ: Ամեն անոնք որ օդափոխութեան համար Պոլիս կուգան և գիւղերը կը քաշուին, սուղ վարձքերով օտար պանդոկներ կը յաճախեն մեր պանդոկը գալով այլևս գիւղագնացութեան պէտք չը պիտի զգան: Ուստի Ներսէս Փափազեան իւր արհեստին մէջ ունեցած փորձառութեամբը և գործելակերպովը ծանոթ ըլլալով ամնեուն, կը խնդրէ իւր նախկին յաճախորդներէն և ամեն անոնցմէ որոնք Պոլիս կուգան բարեհաճին անգամ մը Ղալաթիոյ Եիւքսէք Գալտըրըմ Օսմանիյէ պանդոկը յաճախելու անձամբ ստուգելու համար իր ըսածներուն ճշմարտութիւնը: Գիները սովորական:

        Առողջապահական երկու գովազդ.

 Տօքթ. Կ. Աթանասեան Իզմիտ. Կը ծանուցանէ թէ նորահնար գործիքով մը վայրկեանապէս եւ առանց ցաւի կը հանէ կոկորդի մէջ խոշորցած նշիկները (պատէմճիք) եւ ամէն տեսակ վիրաբուժական գործողութիւններ կը կատարէ առանց ցաւի: Կը դարմանէ նաեւ ամէն տեսակ արտաքին, ներքին և կանացի հիւանդութիւններ:

Արանց համար միայն. Կարեւոր ծանուցում մը անոր՝ որ կորսնցուցած է իր ֆիզիքական կարողութիւնը: Անոնց համար, որոնք կը տառապին անկարողութենէ, ես պատրաստած եմ դեղ մը, որ կը բերէ և՛ ուրախութիւն և՛ յոյս:  «Ամրիթա»-ն պիտանի է ամէն տարիքի մարդոց համար: «Ամրիթա»-ն աղբիւր ապաքինման: Ան ուժ կուտա սեռական գործարաններուն, նոր կենսունակութեան մը համար: «Ամրիթա»-ն անդամալոյծին առնականութիւն և պատանեկան  առույգութիւն կը ներշնչէ: «Ամրիթա», խնամքով փաթթուած, այնպէս որ ոչ ոք կրնայ իմանալ թէ ի՞նչ է ձեր ստացածը: Մի՛ յետաձգէք և արհամարհանքով մի՛ վերաբերիք դէպի իմ առաջարկս, այլ փութացէք օգտուիլ պատեհ առիթէն՝ դարմանուելու համար: Քարթէր կ՛ըսէ՝ «այլեւս մի՛ տառապիք, գրեցէ՛ք ինծի և կը ստանաք այն, ինչ որ կը փնտռէիք:

Ավարտեցինք ծանոթությունը 1910-1912թթ Իզմիտում, ապա Ատաբազարում հրատարակված «Բիւթանիա» թերթի գովազդների հետ:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button