Ազդ անցյալից

Հայ Թիֆլիսի «ԵՐԿԻՐ»-ը․ «Ազդ անցյալից»

1906թ. աշնանից Թիֆլիսում սկսվում է հրատարակվել «Երկիր» թերթը: Ունենում է ոչ երկար կյանք, բայց բավական հետաքրքիր հրապարակումներ և, իհարկե, գովազդներ:

        Եվ այսպես «Երկիր», Թիֆլիս, 1906 թվական:

Բացուած է առաջնակարգ համարներ-հիւրանոց ԱՍԿԵՐԱՆ (Նախկին СЕВЕРНЫЙ КАВКАЗЬ) Վարանցովի արձանի դիմաց: Համարները 60 կօպէկից մինչև 3րուբլի: Ամսականներին զգալի զիջում: Ամեն տեսակ  յարմարութիւններ.Հիւրանոցատէր Վահրամ Յակոբեանց:

Շարունակելով հյուրանոցային թեման «Երկիր»-ը գրում է. Ի գիտութիւն կովկասցիների, Մոսկւայում, քաղաքի կենտրոնում, թատրօններին և առևտրական շուկաներին մօտիկ ՎԵՐՍԱԼ ՀԻԻՐԱՆՈՑ (Большан Димитровка) ԲԱՐՍԵՂ ԱՒԵՏԻՍԵԱՆԻ: Մաքուր կահաւորւած և մատչելի գներով 1-3 րուբլի  սենեակներ և յատկապէս կեցողների համար պատրաստւող մաքուր և թարմ ճաշ:

Յարմար է մանաւանդ ընտանիքների համար: Հեռախօս 15-28. 

«Երկիր» թերթի բազմաթիվ համարներում գովազդում են ամերիկառուսական ռետինե կրկնակոշիկներ: Վաճառքի պատասխանատուները հասկացել էին հավանական գնորդի ուշադրությունը գրավելու  գաղտնիքը՝ կրկնակոշիկները տալով  հայակական ազգային տարազով մի գեղեցկուհու ձեռքը:

Կրկնակօշիկների եւ րէզինի ուրիշ ապրանքների համար  ամենաբարձր պարգեւը Պարիզի ցուցահանդեսում տրւած է Ռուսաստանի համար միայն ռուս-ամերիկեան րէզինի մանուֆակտուրայի ընկերութեանը Պետերբուրգում հիմնւած1860թ.:  Խնդրւում է րէզինի կրկնակօշիկներ գնելիս ուշադրութիւն դարձնել  ընկերութեան հիմնւելու «1860» թւականի և «С. Петербург» բառերին, կարմիր եռանկեան մէջ(գործարանի դրօշմ): Մեծաքանակ վաճառում կատարում է Լէօպօլդ Նէյշէլլէր առեւտրական տունը:

Թիֆլիս-Սղնախ երթուղին սպասարկող հանրակառքերի  մեկնումների չվացուցակի մասին կարդում ենք «Երկիր»-ի ծանուցումների սյունակում.

 Սղնախի խճուղու գործակալութիւնը յայտնում է ի գիտութիւն պատւելի հասարակութեան, որ այս օգոստոսի 20-ից սկսած հասարակութեան յարմարութեան համար Սղնախից Թիֆլիս և Թիֆլիսից Սղնախ կերթևեկէ օրական մէկ հանրակառք. Մէկ տեղի գինը ներսում 2 րուբլի է, իսկ կառապանի կողքին՝ 1րուբլի 50 կօպէկ: Ինչպէս Թիֆլիսից, այնպէս էլ Սղնախից հանրակառքը կը մեկնի ճիշտ առաւօտեան  ժամի 6-ին: Տոմսակները ծախւում են գործակալութեան գրասենեակում:

          Մի տարօրինակ տեղեկություն.

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ. Երկու շաբաթ առաջ Թիֆլիսի թուրքերը բացել էին մի գրական կլուբ, միւսիւլման մատնութիւնների շնորհիւ  կլուբը փակւեց ու հիմնադիրները ձերբակալվեցին:

Մինչ Թիֆլիսում թուրքերի բացած գրական կլուբը  ժամեր անց փակվում է, հայկական Թիֆլիսը շարունակում է բուռն թատերական, գրական և մշակութային այլ հանդեսների իրականացումը:

ՀԱՒԼԱԲԱՐԻ ԹԱՏՐՕՆ, Շաբաթ, հոկտեմբերի 7-ին Հայ Դրամատիկ ընկերութեան խումբը կը ներկայացնէ  «ԱՒԱԶԱԿՆԵՐ»: Ողբերգութիւն Շիլլերի 5 արար և 8 պատկեր: Թարգմանութիւնը Փ. Վարդանեանի: Սկիզբը ճիշտ ժամը 8-ին երեկոյեան: Տեղերի գները անցեալ  տարւանն են: Վարչութեան հերթապահ անդամ՝ Ռ. Յովհաննիսեան, Ռեժիսսեօր՝ Յ. Աբէլեան:

Նկարիչ  Ա. Ֆէթվաճեանի  ակվարելներից ֆաքսիմիլէ պատրաստված Անիի տեսարաններից գունատիպ ալբօմները ստացվել են արտասահմանից և ծախվում են Թիֆլիսում՝ Գուտենբերգի գրավաճառանոցում, Գնունու և Մարիմի վիմագրական արհեստանոցում, Բաթումում՝  Արմենակ Ֆէթվաճեանի մօտ, Օդեսսայում՝ Զարեհ Սարգսեանի մօտ: Ալբոմի հատը 1 րուբլի 20 կօպ: Անիի պատկերները ծախվում են իբրեւ պօստ-կարտեր, բաց նամակներ, զույգը 14 կ., ժանրային պատկերենը ՝ հատը 10 կօպ.  Հազարով գնողները կստանան 2 տոկոս զեղջ: Պօստի, ծրարման և փոխադրութեան հարկավորված  ծախսերը գնողների հաշվով են: Արտասահմանում ապրողներին ձեռնտու է դիմել Վիեննա ՝ Բօղոս Քյիւրքջեանին:

«Երկիր» թերթի համարներից տեղեկանում ենք, որ 1906 թ. Թիֆլիսում քութեշի տարածման մեծ վտանգ կար: Ուստի՝ թերթի միջոցով քաղաքային Առողջապահական բժշկական խորհուրդը հասարակությանը հրահանգում է.

1) Չարգելել հիւանդներին հիւանդանոց տանել, համոզւած լինելով, որ այդ առանձնացնելու միակ արմատական միջոցն է, որով բազմաթիւ  մանուկներ վարակւելուց կազատուեն, միաժամանակ հիւանդը ոչ մի վնաս չի ունենայ, որովհետև նրան հիւանդանոցում  կանոնաւոր հոգ կը տանեն, և վրան մշտական յատուկ  բժշկական հոկողութիւն կը լինի:

2) Չը թաքցնել հիւանդներին, այլ ամեն մի դէպքում  յայտնել  թաղական  բժշկին, հաստատ իմանալով, վերջինիս կողմից ոչ մի բռնի միջոց չի գործադրւի, և ամեն ինչ  շրջապատողների համաձայնութեամբ կը կատարւի, իսկ ամեն մի ձեռնարկ այդ միջոցին միայն հիւանդի օգտին կը ծառայէ:

3) Եթէ ծայրայեղ դէպքում հիւանդը տանը մնայ, անհրաժեշտ է կատարել  բժշկի բոլոր առաջարկութիւնները, կը վերաբերեն հիւանդին առողջներից զատելուն, միւս երեխաներին առանձնացնելուն, ոչ մի տեսակցութիւն չը թոյլատրելու և առանց բժշկի թոյլատրութեան  կամ ախտահանութեան վարակւած բնակարանի երեխաների դպրոց  յաճախելուն են և այլն:

4) Ամեն կերպ նպաստել, որ խնամքով ախտահանում  են բնակարանները, առանձնապէս հիւանդի անկողինն ու իրերը, որովհետև ամեն  մի այդ տեսակ չախտահանւած իր վարակման բուն է դառնում:

Ընդ սմին Խորհուրդը կարևոր է համարում յայտնել ընդհանրութեանը, որ այն հիւանդանոցը, ուր քութէշով հիւանդներն են ընդունում (ձրի), Հաւլաբարում  է գտնւում (Троицкое поселенiе) և համապատասխան բժշկական միջոցներով ընձեռած է, կայ նոյնպէս և կաշու սրսկման բժշկութիւն: Հիւանդներին տեղափոխելու (ձրի) համար ախտահանութեան սենեակը (հեռախօսի համարն է 172) յատուկ կառք ունի:

Նախագահ Առողջապահական-բժշկական  Խորհրդի՝  Տ. Ստեպանով

Քարտուղար Խորհրդի՝  Տ. Խարազով

Կրկին այս թերթի շնորհիվ իմանում ենք, որ Թիֆլիսում գործում է «Բանդաժ շինող Ի. Ս. Տէր Ասատուրեանի Կովկասում առաջին օրթոպէդիկական (մարմնի տձեւութիւններն ուղղող իրերի) արհեստանոցը Միքայէլեան փող, տուն 45 հասցեում:

20-րդ դարասկզբի քաղաքական և սոցիալական հարաբերությունների նոր մշակույթը արմատավորովում էր հայկական միջավայրերում: Ամենաբազմազան գովազդների կողքին հայտնվում են ծանուցումներ և հիշեցումներ քաղաքացիական պարտքի, ընտրության իրավունքի, ինչպես նաև աշխատանքի և մրցակցության հավասար պայմանների ապահովման անհրաժեշտության  մասին:

        ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Մօտ օրերս քաղաքային վարչութիւնը յայտարարելու է ընտրողական ցուցակները:  Հետաքրքրւեցէ՛ք: Ով իրաւունք ունի, բայց ցուցակի մէջ չէ մտցրած, թող բողոք ներկայացնէ ուր հարկն է: Քաղաքացինե՛ր, օգտւեցէք ձեր իրաւունքներից. Անտարբերութիւնը դատապարտելի է:

Ակտիվանում էին արհմիությունները, աշխատողները գիտակցում էին իրենց ոտնահարված իրավունքների համար բողոքելու կարևորությունը:

Բոյկօտը վերացված է Կարապետեանցի կօշկեղէնի ֆիրմայից, որը գոցելով արհեստանոցը, փոխադարձ համաձայնութեամբ տւեց բաւարարութիւն իր բանւորներին վճարելով 160ր.: Կօշկակարների արհեստակցական միութեան բիւրօ:

Թամամշեւի քարավանսարայի գործակատարները  յայտարարում են ի գիտութիւն հասարակութեան, որ 1906թ. սեպտեմբերի 20-ից իրենց խանութներում վերացւած է սպառողներին ներս հրաւիրելու սովորութիւնը և պարտավորիչ է դարձած առևտուր առանց սակարգութեան: Ով այս վճիռը կը քանդի,  լինի  նա գործակատար թէ խանութատէր, բօյկօտի է ենթարկւելու:

      Այսպիսին էր 1906թ. Թիֆլիսում մի կարճ ընթացքում հրատարակված «Երկիր»-ը:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում  Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button