ԿարևորՀասարակություն

Վերջին զանգը՝ մայիսի 26-27-ին, առաջին դասարանցիների հայտագրումը՝ հունիսի 12-ից

2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու շուրջ 39.500 աշակերտ: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար։

Եթե դպրոցն աշխատում է հինգօրյա գրաֆիկով, ապա այդ կրթօջախներում Վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին, իսկ եթե դպրոցը վեցօրյա է, ապա հրաժեշտի արարողությունը կլինի մայիսի 27-ին։ Այս տարի Հայաստանում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: 

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյան․ «Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»:

Նախարարությունում տեղյակ են, որ վերջին դասի հետ կապված բազմաթիվ ծախսեր են արվում։ Փոխնախարարը նկատում է, որ ծախսերի նվազեցման առումով իրենք ամեն տարի շրջաբերականներ են ուղարկում դպրոցներ, բայց ոչինչ անել չեն կարող, եթե այդ ծախսերը ցանկանում են իրականացնել ծնողները․

«Այս պահին չեմ կարող հստակ վիճակագրություն ասել, թե որ դպրոցում ինչ պատկեր ունենք, բայց մի բան հստակ է՝ որևիցէ բողոք, որևիցէ հայտ չի եկել նախարարություն»։

Վերջին զանգից անցնենք կամավոր ատեստավորման գործընթացին։ Այն կշարունակվի մինչև հուլիսի 15-ը։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի
10-ը, եթե չեն ատեստավորվել։

Իսկ ի՞նչ է սպասվում այն ուսուցիչներին, որոնք կրկին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը․ փոխնախարարը չբացառեց, որ նրանք կարող են զրկվել աշխատանքից․

«Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները չպետք է շարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ուսուցիչը, որը երկու անգամ, առավել ևս վերապատրաստում անցնելուց հետո, իր առարկայի դասավանդման գիտելիքների նվազագույն շեմը չի հաղթահարում, կասկածի տակ է դնում իր մասնագիտական գիտելիքները, և հարց է առաջանում, թե նա ինչ գիտելիքներ է փոխանցում իր դասարանում սովորող աշակերտներին» ։

Ի դեպ՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և հավելավճար ստանալու հնարավորություն ունենալ:

Back to top button