ԿարևորՀասարակություն

Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը․ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է արել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

«Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն՝ սահմանափակումները կապված են Կիրանց գյուղի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հետ:

Մայիսի 20-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության կողմից ԱԺ պատգամավորների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը Կիրանց ևս արգելվել է: Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ոստիկանության ծառայողները փորձել են Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին տանել բնակավայր, բայց այլ լրատվականների լրագրողները տեսել են և թույլ չեն տվել։

Վերոգրյալ հանգամանքները նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ է պահանջել Ներքին գործերի նախարարությունից:

Պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:

Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,-ասված է հայտարարության մեջ:

Back to top button