ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

64 տարի առաջ ծնված, երեկ մահացած Ռայիսիի կյանքը՝ 5 պարբերությամբ

Իրանի ամենահեղինակավոր կրոնական ճեմարանի սանը, Իրանի դատական իշխանության երկարամյա ղեկավարը, Իրանի 8-րդ նախագահը երեկ մահացավ։ Աշխարհաքաղաքական վերլուծություններ անելուն, մեղավորներ փնտրելուն կամ պատահականությամբ ցնցվելուն զուգահեռ աշխարհը սկսեց վավերագրել Իբրահիմ Ռայիսիի կյանքը։ Փակ հասարակությունում ծնված-մեծացած լինելուն, փակ լինելու գաղափարը անբեկանելի ճշմարտություն համարելուն ու հասարակությունը ուժերի ներածին չափ ավելի փակ դարձնելու որոշմանը հավատարիմ՝ Ռայիսին փակ է պահել նաև իր կյանքի հիմնական մանրամասները։

Բայց նրա կյանքն ու գործը 5 պարբերությամբ ներկայացնել, ամեն դեպքում, հնարավոր է։

1) Կրոնական ճեմարանից՝ դատող ու պատժող

Իբրահիմ Ռայիսիի նախնական կրթությունը կրոնական էր, համալսարանականը՝ իրավաբանական։ 20 տարեկանում նա արդեն Համադան նահանգի դատախազ էր, 29-ում՝ Թեհրանինը, 44-ում դատական իշխանության ղեկավարի տեղակալ էր, իսկ 59-ում՝ 2019-ին դարձավ երկրի դատական իշխանության ղեկավարը։ Կարիերայի հիերարխիկ աճի կանոնները առեևույթ պահելով՝ Ռայիսին հավակնեց երկրի նախագահի պաշտոնին։

2) Պարտությունից 4 տարի անց՝ չքննարկվող հաղթանակ

Ռայիսին առաջին անգամ նախագահ դառնալու ձախողված փորձ արեց 2017-ին։ Իրանագետ Ժաննա Վարդանյանն ասում է՝ կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ՝ ով է հաղթելու հաջորդ ընտրություններում․

«Արդեն 2021-ին միանգամայն ակնհայտ էր, որ հաղթելու է հենց Ռայիսին, որովհետև ամբողջ համակարգը հենց դրան էր նախապատրաստվել։ Նախ պահապանների խորհուրդը, որը հաստատում է նախագահների թեկնածուներին, չէր հաստատել մի շարք բարեփոխականների թեկանծություններ, պահպանողականների մեջ էլ կային թեկնածուներ, ովքեր ձևական մասնակցություն էին ցուցաբերում, ու այդ ամենի նպատակը այն էր, որ Ռայիսին դառնա նախագահ»։

Սա Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների պատմության մեջ մասնակցության ամենացածր մակարդակ ունեցած ընտրությունն էր․ քվեարկել էր բնակչության ընդամենը 48.8 տոկոսը։ Սակայն Ռայիսին ընդունված էր ամբողջ պահպանողական թևի կողմից, լավ հարաբերություններ ուներ հոգևոր առաջնորդի հետ և ամեն բան հուշում էր, որ կվերընտրվի նաև 2025-ին նախատեսված ընտրություններում։

«Քաղաքական դաշտում երևացող կերպարը հենց Ռայիսին էր։ Արել էր հնարավոր ամեն բան, որ քաղաքական դաշտից մարգինալացվեն բարեփոխական ու չափավորական գործիչները, որոնք նույնպես բավականին հարուստ անցյալ ունեին, փորձառություն ունեին ու նաև հեղինակավոր էին»։

3) «Մահվան հանձնաժողով»-ը, սպանված կամ լռեցված մարդիկ

Իրանի քաղաքացիները գուցե ունեին ընտրության չգնալու բավարար հիմք․ հիմնական թեկնածուի՝ Ռայիսիի անունը կապվում է Իրանի հետհեղափոխական պատմության ամենատաբու թեմաներից մեկի հետ։

1988-ին Ռայիսին չորս դատավորներից մեկն էր, որոնք նստած էին, այսպես կոչված, «մահվան հանձնաժողովում»։ Այս հանձնաժողովը որոշեց հազարավոր բանտարկված ընդդիմադիրների ճակատագիրը․ մահապատժի ենթարկել նրանց Իրանի բանտերում պատժի ժամկետը լրանալուց հետո: Այս մահապատիժները երբեք պաշտոնապես չեն հետաքննվել:

Ռայիսիի նախագահության ընթացքում էլ այլախոհների մահապատիժներ արձանագրվել են։ Այսպես, օրինակ, 2020-ին մահապատճի ենթարկվեց ըմբիշ Նավիդ Աֆկարին, որը մասնակցել էր 2018 թվականին հակակառավարական ցույցերին և դրա համար ներողություն խնդրել։

4) Իսրայելից՝ ավելի հեռու, Ռուսաստանին՝ ավելի մոտ

Վերջին տարիներին Իբրահիմ Ռայիսին մշտապես կոշտ դիրքորոշում է ցուցադրել Իսրայելի և Արևմուտքի դեմ: 2022 թվականի ապրիլին, օրինակ, Ռայիսին նախազգուշացրել էր, որ Իսրայելը կհայտնվի իրանական զինուժի թիրախում՝  «ամենափոքր թշնամական քայլի» դեպքում։ Նույն թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Ռայիսին նպաստեց Թեհրանի և Մոսկվայի մերձեցմանը, որը հանգեցրեց Ռուսաստանին իրանական զենքի մատակարարմանը։

5) Հոգևոր առաջնորդի մահից հետո կփոխարիներ նրան, եթե չմահանար ավելի շուտ

«Ռայիսիին առաջ մղելու դրդապատճառներից մեկը նաև այն էր, որ հավանականություն կար, որ նրան նախապատրաստում էին Իրանի հոգևոր առաջնորդին փոխարինելուն, այսինքն՝ Իբրահիմ Ռայիսին ապագա հոգևոր առաջնորդի հնարավոր թեկնածուներից մեկն էր, քանի որ ընդունելի էր և՛ պահպանողականների կողմից, և՛ անձամբ հոգևոր առաջնորդի կողմից»։

2016 թվականի մարտին Ռայիսին նշանակվել է Իրանի ամենակարևոր և ամենահարուստ կրոնական հիմնադրամներից մեկի ղեկավար։ Ռայիսին ընտրվել է նաև Փորձագետների ասամբլեայի՝ 88 հոգուց բաղկացած հոգևոր մարմնի փոխնախագահ, որը պատասխանատու է հաջորդ Գերագույն առաջնորդի ընտրության համար:

Back to top button