ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Իրանը փորձում է ուշքի գալ աղետից, վերլուծաբանները՝ կանխատեսել զարգացումները

Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված անձանց նույնականացումը․ բոլոր զոհերի ինքնությունը պարզվել է, երկրում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Մինչ Իրանում վաղը պատրաստվում են հուղարկավորել ավիաաղետի հետևանքով զոհված պաշտոնյաներին, վերլուծաբանները կատարվածի տարբեր վարկածներ են դիտարկում, նաև փորձում հասկանալ՝ ինչ զարգացումներ են սպասվում Իրանում և ով կփոխարինի Ռաիսիին Իրանի նախագահի պաշտոնում։

Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարար Աբդոլահիանի և ուղղաթիռում գտնվող մյուս անձանց ողբերգական մահը ոչ միայն ցնցել է Իրանն ու տարածաշրջանը, այլև բազմաթիվ հարցեր առաջադրել։  Ամուր պետության համարում ունեցող Իրանի նախագահի մահվան կապակցությամբ շրջանառվող հիմնական վարկածները երկուսն են՝ հնարավոր ահաբեկչություն կամ պարզապես ողբերգական պատահար։ Փորձագիտական վերլուծություններում երկու վարկածներն էլ դիտարկվում են։

Իրանագետ Արմեն Վարդանյանը հակված է տեղի ունեցածը զուտ աղետի հետևանք համարել՝ չդիտարկելով անգամ ահաբեկչության վարկածը։ Նրա հիմնավորմամբ՝ միջազգային պրակտիկայում նախագահներին չեն սպանում, առավել ևս Իրանի պես պետության դեպքում, որտեղ գլխավորը հոգևոր առաջնորդն է։ Հենց Խամենեին է որոշում երկրի քաղաքական ուղղությունը։

«Միջազգային պրակտիկայում  նախագահներին վերացնելն ընդունված չէ, դա չգրված օրենք է։ Իսրայելն անգամ Բաշար Ասադին չվերացրեց։ Որևէ նախանշան չկա, որ դա կարող է ահաբեկչություն կարող է լինել, կարծում եմ դժբախտ պատահար էր։ Ինչ վերաբերում է հետագա սցենարներին, կարծում եմ որևէ արտառոց բան չի կարող լինել, որովհետև Իրանում իշխանությունը պատկանում է Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին, նրա ձեռքում է կենտրոնացված և կարծում եմ նա լիարժեք տիրապետում է իրավիճակին, ուժային կառույցները նրա ազդեցության տակ են և որևէ նախանշան, որ այնտեղ կարող է այնտեղ ֆորս մաժորային իրավիճակներ ստեղծվել, այնտեղ չկա»։

Իրանի հոգևոր առաջնորդն արդեն խոսել է և հստակեցրել, որ Իրանի ժողովուրդն անհանգստանալու խնդիր չունի․ համակարգը շարունակում է բնականոն աշխատել։

Ահաբեկչության վարկածի  հաստատման դեպքում, սակայն, փորձագետները որոշակի զարգացումներ կանխատեսում են․ եթե պարզվի, որ կատարվածն ահաբեկչություն է, Իրանը այն անպատասխան չի թողնի, ու սա լրիվ այլ իրավիճակի կհանգեցնի։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ավիաաղետին ու ահաբեկչության հավանականության վարկածին, ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք է հայտնել, որ Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու է թե՛ իրանական, թե այն հավանական կողմը, որն իր «ներդրումն» է ունեցել այդ գործում։

«Իրանական կողմը թաքցնելու է, որ չկոտրի այն բարձր ոգին, որը կա Իրանում, այն մեծ հավատը սեփական ուժերի նկատմամբ, որը կա Իրանում, և դա ճիշտ է։

Իսկ հավանական կողմը, որի մատը կարող է խառը լինել այս ամենում, չի ինքնաբացահայտվի, որովհետև գիտի, թե Իրանը ինչի է ընդունակ, ինչ մասշտաբների ցնցումներ առաջացնելու է ընդունակ»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ նկատել է, որ եթե Իրանի նախագահի հետ տեղի ունեցածը մահափորձ է, այլ ոչ դժբախտ պատահար, ապա կարելի է ասել, որ դրա կազմակերպիչները, ըստ էության, «չեն խնայել» նաև Իլհամ Ալիևին։

«Չէ՞ որ Իբրահիմ Ռայիսին Իրան էր  վերադառանում ադրբեջանական սահմանին Ալիևի  հետ հանդիպումից։ Դա էր այդ գոտի Ռաիսիի այցի հիմնական նպատակը։ Ընդ որում, այդպիսի հանդիպման մասին խոսվում էր շատ վաղուց, թերևս տարի, կամ ավելի էլ առաջ, բայց այն հետաձգվեց, հետո առաջացավ հարաբերության լարում, և այս օրերին ըստ էության որոշակիորեն նաև անսպասելի եղավ այդ հանդիպումը։ Մահափորձի վարկածի պարագայում, Ալիեւը կամ կստացվի կամա, թե ակամա հանցակից, մեղսակից, կամ «խայծ»։ Դա, ըստ իս, մանրուք թվացող, առավել ևս անուղղակի, պայմանական, բայց երևի թե բավականին նուրբ դետալ է»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, սակայն,  նկատում է՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունները զիգզագաձև են զարգանում, և տարաձայնությունները բացահայտ առճակատման չեն հասցնում այս երկրներին։

«Իրոք, իրենց հարաբերությունները վայրիվերումներով են եղել, մեկ նորմալ են եղել, մեկ վատացել են, բայց երբեք բանը չի հասել ռազմական բախման։ Հիմա էլ սա կարող է լուրջ պատերազմ սկսելու առիթ լինի, սակայն պետք չի ընկնել ծայրահեղությունների գիրկը, պետք է ռացիոնալ լինենք, ադեկվատ մտածենք՝ Իրանը Ադրբեջանի հետ չի պատերազմելու և պետք չի ընկնել ծայրահեղությունների գիրկը»։

Իրանի նախագահ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ իրանաադրբեջանական սահմանին մասնակցեց ՀԷԿ-ի բացման արարողությանը, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացավ։ Ռաիսիին ուղեկցող մյուս 2 ուղղաթիռները բարեհաջող, առանց որևէ խնդրի հասան Իրան։

Իրանում վերլուծաբանների մի մասը  նույնպես խոսում է հնարավոր ահաբեկչության մասին, և սա փաստարկում այն հանգամանքով, որ արցախյան վերջին պատերազմից հետո այն տարածքներում, որտեղ կայացել էր հանդիպումը, տեղակայվել են իսրայելական հատուկ ծառայություններ։ Իսրայելն ի դեպ դեպքից անմիջապես հետո շտապել է պարզաբանել, որ Թել-Ավիվը կապ չունի կատարվածի հետ։

Ի՞նչ կփոխվի Իրանի կյանքում և իրանական դիրքորոշման մեջ Նախագահ Ռաիսիի ու արտգործնախարար Աբդոլահյանի մահից հետո։ Փորձագետների հիմնական մասը հիշեցնում  է, որ Իրանում գլխավորը Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է, որն էլ որոշում է երկրի քաղաքական կուրսը։ Ի դեպ, որպես Իրանի 85-ամյա հոգևոր առաջնորդի հնարավոր փոխարինող դիտարկվում էր հենց նախագահ Ռաիսիի թեկնածությունը։

Իսկ առայժմ ԻԻՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ 68-ամյա Մոհամմադ Մոհբերին։ Նա 50 օրվա ընթացքում Մեջլիսի նախագահի և դատական իշխանության հետ պատասխանատու կլինի նոր ընտրություններ կազմակերպելու համար։  

«Շատ լուրջ խնդիր առաջացավ իրոք։ Ռաիսին, որ պետք է նախագահ դառնար, այն ժամանակ բոլորը գիտեին։ Հետո էլ քննարկում էին, որ ինքը պետք է լիներ հաջորդ Գերագույն հոգևոր առաջնորդը։ Իրոք, այս ավիավթարը շատ խաղաքարտեր խառնեց։ Հիմա Խամենեին պետք է փորձի իրեն հետնորդ գտնի, միգուե ունի թեկնածուներ աչքի տակ։ Բայց քանի որ անսպապելի էր այս իրավիճակը, շատերը դեռ գլուխ չեն բարձրացրել։ Իրանական մամուլում նյութերը ուսումնասիրելով՝ կարող ենք ասել, թե ովքեր են հավակնում նախագահի կամ ապագայում հոգևոր առաջնորդի թեկնածությանը»։

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել, իսկ առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Back to top button