ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քննական սթրեսը հաղթահարելու համար. ԵՊՀ ներկա ուսանողների ջանքերով ապագա ուսանողները  փորձնական քննություններ են հանձնել

Մայր բուհի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի» ուսանողական խորհուրդն արդեն  3-րդ տարին անընդմեջ կազմակերպում է ընդունելության փորձնական քննություններ։ Նպատակը ապագա ուսանողներին «քննական սթրեսը» հաղթահարելու հարցում օգնելն է։ Փորձնական քննությունները 2-ն են՝ մաթեմատիկա և անգլերեն։ Այս տարի դրանց մասնակցել է ավարտական դասարանների համապատասխանաբար 800 և 1100 աշակերտ։

Ուսանող ինֆորմատիկները ստեղծել են քննության արդյունքները ստուգող ծրագիր, դիմորդների հետ կապուղիներ, մասնակցել քննության օրվա կազմակերպչական հարցերին։

Հայաստանում ընդունելության միասնական քնությունների ապագա մասնակիցներին օգնելու գաղափարի հեղինակը նույն ֆակուլտետի ուսանող Կարեն Բաղդասարյանն է։

«Երբ ես էի դիմորդ, հնարավորություն չկար, որ ուժերս փորձեի և հաղթահարեի մինչքննական վախը։ Փորձնական քննությունը հենց միասնական քննության ձևաչափին համապատասխան է կազմակերպվում։ Բայց մուտքում ավելի քիչ են սպասում երեխաները, քան իրական քննության ժամանակ։ Պատասխաններն ուղարկում ենք քննության ավարտից հետո 7 ժամվա ընթացքում, իսկ միասնական քննության ժամանակ ավելի երկար է տևում պրոցեսը»։

Հարցաշարերը նույնպես կազմել են ուսանողները։ Հիմք են ընդունել  միասնական քննության նախորդ տարիների թեստերի նմուշներն ու շտեմարանային առաջադրանքները։

Թեստերը տպել են 2 տարբերակով, քննափորձի համար ընտրել մայիս ամսվա առաջին 2 կիրակիները՝ անգլերենի քննության օրը պատմում է «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ուսխորհրդի նախագահ Նանա Վիրաբյանը։

«Այսօր 1000-ից ավելի աշակերտներ են եկել ուժերը փորձելու համար։ ԵՊՀ տարբեր մասնաշենքերի շուրջ 33 լսարաններում մենք տեղավորել ենք աշակերտներին։ 100-ից ավելի աշխատակազմ կա այս պահին, որպեսզի հսկեն աշակերտներին, ինչպես իրական քննության ժամանակ է տեղի ունենում։ Հսկեն, որ չարտագրեն։ Բոլորի հեռախոսները հավաքած են, որ մաքսիմալ այդ մթնոլորտը ապահովվի,  իրենք կարողանան սթրեսը հաղթահարել և իսկական քննությանն ավելի պատրաստ լինել»։

Գլխավոր մասնաշենքի309 լսարանում տեղավորվել է փորձնական քննության  30 մասնակից, յուրաքանչյուրը զբաղեցրել է 1-ական նստարան։ Աշակերտների համար այս տարվա նորությունը վերջնական ձևաթղթի վրա հարցաշարի ընտրած պատասխանի համարն անցկացնելու կարգն է։ 2024թ.-ի միասնական քննությունների ձևաթղթերում սովորական վանդակների փոխարեն կլինեն կետագծեր։ Դիմորդը դրանք միացնելով պետք է գրի ճիշտ պատասխանի համարը։

Որոշված ժամին ուսխորհրդի նախագահը՝ փորձնական քննության գլխավոր կազմակերպիչը,  անցնում է գործի․

«Հիմա այն չատում, որտեղ գրանցված է աշխատակազմը, գրում եմ «սկսում ենք», որպեսզի բոլոր լսարաններում քննությունը միաժամանակ սկսվի և միաժամանակ էլ ավարտվի»։

Փորձի մասնակիցներն ստացած գնահատականներն իմանում են նույն օրը։ Օպերատիվությունն ապահովվում է պատասխանների ստուգումն ավտոմատացնող սեփական ծրագիր ունենալու միջոցով։ Ծրագրավորողների լեզվով՝ այն «գրել է» նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արթուր Պետրոսյանը։

«Խնդիրն այն էր, որ ունեինք մեծ քանակի ուսանողներ, թեստերը շատ էին, բանականաբար ձեռքով այդքան թեստ ստուգելը շատ ժամանակ կխլեր։ Ծրագրին նախօրոք տալիս ենք ճիշտ պատասխանները, մեջը կա միավոր հաշվելու ալգորիթմ։ Դիմորդի նշած պատասխանն ենք գրում, լրացնելուց հետո սեղմում համապատասխան կոճակը, և ինքն ավտոմատ ստուգած թեստի պատասխանը տալիս է մեզ։ Այս պահին սքանավորելու հնարավորություն չկա, ձեռքով ենք մուտքագրում պատասխանները, բայց միասնական քննության դեպքում նման հնարավորություն, կարծեմ, կա»։

Այս տարի մաթեմատիկայի փորձնական քննության շուրջ 800 մասնակիցներից գերազանց գնահատական է ստացել 24-ը, 8-ից մինչև 18 միավոր՝ 517–ը, անբավարար՝ 241-ը։ Կազմակերպիչներն անվավեր են ճանաչել 4 ձևաթուղթ։

Back to top button