ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին․ Կիրանցում ավարտվում է սահմանազատումը

Ուժեղացված ոստիկական ծառայություն և տեղադրված վերջին սահմանային սյուներ․ Տավուշի մարզի Կիրանց գյուղում կրկին լարվել է իրավիճակը։ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման այդ հատվածը մոտենում է ավարտին։

Սահմանազատված հատվածներում ծառայության են արդեն անցնում ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դա է պատճառը, որ ժամանակավորապես փակվել էր Կիրանցի ելք ու մուտքը։

Խնդրահարույց վերջին 3 կետերում այլընտրանքային լուծում չի գտնվել, ընդդիմադիրները պնդում են, որ Կիրանցը բաժանվել է 2 մասի։ Արդեն սկսվել է գյուղի այլընտրանքային ճանապարհի վերանորոգումը։

Ոստիկանական ուժերով շրջափակված Կիրանց գյուղում տեղարդվեցին սահմանային վերջին սյուները, որոնք մինչև մայիսի 15-ը՝ արձանագրություն-նկարագրությունների ստորագրման պահը, տեղադրել չէր հաջողվել։ Այժմ այդ սահմանային սյուների մոտակայքում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվեց Կիրանցի մուտքը։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը դժվարանում է ասել, թե որքան ժամանակ է տևելու երթևեկության արգելափակումը դեպի Կիրանց։

 «ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրություն կա համապատասխան կարգով, տարածքը փակված է, միջոցառում են իրականացնում, ժամանակավորապես ոստիկանության կողմից դադարեցված է։ Կավարտենք, կթույլատրենք»։

Կիրանց գյուղի ներսից հողորդվող տեղեկությունների համաձայն, տեղադրված սյուներից մեկը մի քանի մետր հեռավորության վրա է գյուղի ճանապարհից։ Սյուների տեղադրման ընթացքը Կիրանցի բնակիչները չեն տեսել, առավոտյան փաստի առաջ են կանգնել՝ տեսնելով և՛ տեղեդրված սյուները, և՛ սահմանապահներին։

-Էս մի հենասյունը չենք տեսել, ոնց որ վաղ առավոտյան են դրել։

Էն մյուսները գոնե մի քիչ հեռու են։

Մի հատն էլ էն գետի կողքով է։

Մեկ տուն, մեկ կացարան, մեկ չգործող խանութ-վագոն և ավտոտնակ, ընդհանուր առմամբ 4 շինություն էր նախապես հրապարակել կառավարությունը՝ ներկայացնելով, թե Կիրանցի բնակիչների ինչ սեփականություն է անցնում Ադրբեջանին։ Կառավարությունը պատրաստվում է բոլոր նման դեպքերում փոխհատուցել քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության՝ գույքային կամ ֆինանսական եղանակով:

Խնդիր էին նաև դպրոցն ու ճանապարհը։ Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը արդեն սկսվել է, տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների ղեկավարների՝ մայիսի 15-ի հանդիպումից հետո պաշտոնապես հաստատվել էր, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է։ Հայկական կողմը այն հնարավոր է համարել իրականացնել 2-3 ամսում։

Դեռ մայսի 15-ի հանդիպումից հետո նշվում էր, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով։

Ինչ իրավիճակ է այժմ Կիրանցում՝ ո՛չ ընդդիմադիր պատգամավորներին, ո՛չ Բագրատ սրբազանի առաջնորդած խմբին պարզել չհաջողվեց։ Ճանապարհները փակ էին նաև նրանց համար։ Տավուշի թեմի առաջնորդը 2 շաբաթ Երևանում բողոքի ակցիաները ղեկավարելուց հետո որոշել էր վերադառնալ Կիրանց, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ դեռ գիշերվանից հերթապահում են կամրջի մոտ։

-Երկու շաբաթ է այստեղ չէինք, էս ինչո՞ւ են փակել։ Գյուղ ենք ուզում գնանք։

Չենք կարող թողնել, Բագրատ սրբազան, որովհետև ԱԱԾ-ն հայտարարությունը տարածել է, ժամանակավորապես դադարեցված է մուտքը գյուղում, բացառությամբ գյուղի բնակիչների։

Գյուղի բնակիչ եմ։

Գյուղի բնակիչ չեք։

Ես թեմի առաջնորդն եմ։ Պարոն Մկրտչյան, խոսեք, հանգիստ գնալու ենք գյուղ, գյուղացիներին տեսնենք, վերադառնանք։

Չի թույլատրվում, Բագրատ սրբազան։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան․ «Պատգամավորներին հետապնդել են։ Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցները։ Գյուղ չեն թողնում մտնենք, մենք կամրջի մոտ ամբողջ գիշեր հերթապահել ենք։ Այսօր առավոտվանից գործողություններ էին արվում այդ սյուների պահով։ Դպրոցի շրջակայքում էլ է սյուն տեղադրվել, «Կիրանց գյուղ», որ գրված է այդ տնակներից այս կողմ էլ է մեկ հատ տեղադրվել։ Այս պահի դրությամբ եթե սյուներով նայես, գյուղը փաստացի կիսվում է երկու մասի»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ընդդիմությունը համարում է ապօրինի, որն իրականացվում է նաև ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ։ Ընդդիմադիրները շարունակում են պնդել, որ պետական սահմանը կարող է սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա: Մինչդեռ արդարադատության նախարարությունից պարզաբանում են․

«Իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Երկու երկրների հանձնաժողովների ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ նշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից»:

Իրականացվող գործընթացը արդարադատության նախարարությունը ամբողջությամբ իրավաչափ է համարում: Տեղեկացնում է, որ գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը։

Խորհրդարանական մեծամասնությունից պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ադրբեջանի հետ աշխատանքը հաջողություն է համարում։ Համոզված է, որ սահմանի առկայությունը կարող է զսպող դեր ունենալ հակամարտության էսկալացիայի համար։ Ընդդիմադիրների դժգոհություններն ու քննադատությունները դիտարկում է բացառապես ներքաղաքական տիրույթում, քանի որ իրավական տեսանկյունից համոզված է, որ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր ընդդիմադիր պատգամավորները չունեն՝ պնդելով, որ Հայաստանի տարածքի որևէ միլիմետր չի խախտվում։

«Շահարկումները պարզապես նրա համար են, որպեսզի հարցը տեղափոխեն Երևան, դարձնելով իշխանափոխության հնարավորություն, որը, ըստ էության իրենք իրացնում են, բայց գործողությունների տրամաբանությանը հուշում է, որ սխալ ձևաչափով են շարժվում»։

Հանգստյան օրերին Բագրատ սրբազանը հանդիպեց մտավորականների և քաղաքական տարբեր ուժերի հետ։ Հանդիպման հրավեր, օրինակ, ստացել է նաև «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը։ Կողմ լինելով ընդդիմության օրակարագին, նա ամենայն հավանականությամբ, չի ընդունի ստացված հրավերը։ Ընդգծում է խորքային խնդիրները։

«Միայն այն հանգամանքը, որ հոգևորականը հայտ է ներկայացրել քաղաքականությամբ զբաղվելու և այսօր քաղաքական գործընթաց է գեներացնում, սա նշանակում է ՀՀ–ում քաղաքական գործընթացի վախճանի մասին։ Քաղաքական իշխանության, ընդդիմության, քաղաքական էլիտայի, քաղաքական համակարգի բացակայության մասին։ Բայց դրա մասին թող մտածի Նիկոլ Փաշինյանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կառավարման ըթնացքում քաղաքական դաշտը այնպես ամայացվեց, քաղաքական դաշտի առաջին պլան մղվեցին այնպիսի դերակատարներ, ծաղրածուներ, որոնք դարձան քաղաքական մտքի իբր կրողներ, որի հետևանքով էլ մենք ունենք այն, ինչ ունենք»։

Նորիկյանի կարծիքով՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը «լակմուսի թուղթ» է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության համար։ Ըստ նրա՝ այս շարժումով ցուցադրվեց նաև խորհրդարանական ընդդիմության անկարողությունը։

Ամեն դեպքում ընդդիմությունը պատրաստվում է մեկ շաբաթից անցնել ավելի ակտիվ գործողությունների, որոնք կսկսի ծրագրված մեծ հանրահավաքով։ Իշխանական թիմում, սակայն, այս առումով անհանգստություններ չկան։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ընդդիմության գործողությունները անգամ խմբակցության նիստում չեն քննարկել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները համոզված են, որ իմպիչմենտի և իշխանափոխության իրական օրակարգ Հայաստանում չկա։

Back to top button