ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՀԱԷԿ-ը արդիականացված է, անվտանգ․ Արարատ Միրզոյանը՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովում

Վիեննայում ընթացող միջուկային անվտանգության «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկացվող միջազգային համաժողովը սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Մասնակիցները հարգել են Իրանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների հիշատակը։ Համաժողովին մասնակից բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ելույթները նույնպես սկսել են Իրանում տեղի ունեցած ողբերգության մասին հիշատակելով։ Համաժողովը անցկացվում է մայիսի 20–24–ը, ունի երկու հիմնական մաս՝ նախարարաան հատված, որը հնարավորություն կտա նախարարներին ուղերձներ հաղորդելու ձեռքբերումների մասին և ընդունելու նախարարական հռչակագիր.ինչպես նաև գիտական ​​և տեխնիկական ծրագիր, որով կքննարկվեն միջուկային անվտանգության հիմնական խնդիրները։

Բոլոր ելույթները սկսվում են ցավակցական խոսքերով։ Դրանք ուղղված են նախօրեին Իրանում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևաքով զոհված Իրանի նախագահին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես ցավակցական խոսքով սկսեց իր ելույթը։ Այս շաբաթ Վիեննայում անցկացվում է Միջազգային անվտանգության գործակալության նախաձեռնած «Ձևավորելով ապագան» խորագրով միջուկային անվտանգության համաժողովը։ Հայկական կողմից համաժողովին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին: Վերջին տասնամյակում գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից, ասել է Միրզոյանն ու կարևորել այն, որ ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին:

Համաժողովն իր մեջ ներառում է տարբեր թեմաներ՝ միջուկային անվտանգության քաղաքականության ու կանոնակարգերից մինչև նորագույն տեխնոլոգիաների, առաջացող սպառնալիքների պատճառով փոփոխվող պահանջների բավարարման մարտահրավերները։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար: Ընդհանուր առմամբ համաժողովին մասնակցում են ինչպես զարգացած երկրները՝ Սինգապուր, Շվեդիա, Շվեյցարիա, Ճապոնիա, այնպես էլ զարգացող երկրները՝ Հայաստան, Ղազախստան։ «Վերջին տասը տարիներին փոխվել է աշխարհը, նոր դժվարություններ են ի հայտ գալիս՝ իր խոսքում նշեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Արարատ Միրզոյանն ընդգծեց երկրների՝  նոր տեխնոլոգիաներին ու մարտահրավերներին արագ արձագանքելու կարևորության մասին։ Իր խոսքում արտաքին գործերի նախարարն անդրադարձավ Հայասատանի ատոմակայանի գործունեությանն ընդգծելով՝ ՀԱԷԿ-ը անվտանգ է.

«Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ Ատոմային

Էներգիայի միջազգային գործակալության  առաջարկություններին համապատասխան: Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով»:

Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են:

Համագործակցությունը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ կարևոր է՝ ասաց Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ակտիվորեն համագործակցում է գործակալության հետ։

Հայկական փորձագիտական դաշտում կարծում են, որ հայկական կողմը նման հարթակները պետք է օգտագործի՝ միջազգային ատյաններում բարձրացնելով միջուկային էներգաբլոկի կարևորության հարցը։ Սա նախ և առաջ ազգային անվտանգության հարց է։ Էներգիայի ոչ մի այլ տեսակ Հայաստանի համար չի կարող փոխարինել միջուկայինին։ Դա Հայաստանի ամենաակնհայտ համեմատական առավելությունն է տարածաշրջանում որպես տեխնոլոգիական առումով զարգացած պետության։ Միջուկային էներգետիկայի զարգացումն առաջին հերթին ազգային անվտանգության համար է։  

Դեռ մարտին Միջուկային էներգետիկայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետը հայատարարեց, որ միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը։

Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից՝ ասաց վարչապետն ու նշեց, որ Հայաստանը որոշել է երկարացնել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը։

«2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար»։

2021-ին արդիականացվել է ատոմակայանի ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը՝ ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյան.

«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։

Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։

Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար: Մասնակից երկրները պատրաստ են աջակցելու Միջազգային անվտանգության գործակալության աշխատանքներին։

Back to top button