ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վարորդների հոգսը կթեթևանա. գույքահարկը կվերանայվի

Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների համար կապահովվեն ավելի հարմար պայմաններ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, ըստ որոնց՝  առաջարկվում է տեխզննման ժամանակ պարտադիր դարձնել նախորդ տարվա գույքահարկի պարտքի վճարումը: Կառավարությունն էլ առաջարկում է հնարավորություն ընձեռել և’ փոխադրամիջոցների գույքահարկը, և’ անշարժ գույքի հարկը մինչև օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը՝ տվյալ դեպքում դեկտեմբերի 1-ը, կամավորության սկզբունքով մաս-մաս վճարել: Չի բացառվում, որ առաջինից երկրորդ ընթերցում քննարկվեն նաև վաղ վճարելու խրախուսական մեխանիզմները։ 

Եթե գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք ավտոմեքենաների գույքահարկի տարեկան գումարները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, որից հետո միայն կարող են անցնել տեխզննման գործընթացը, ապա ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը Նարեկ Զեյնալյանի հետ համահեղինակությամբ ներկայացված նախագծով առաջարկվում է այսուհետև տեխզննում անցնելիս պահանջել նախորդ տարվա գույքահարկի պարտքի վճարումը: Եթե օրենքով հնարավորություն կա գույքահարկը վճարել մինչև տարեվերջ, ընթացիկ տարվա վճարը պահանջելն արդար չէ՝ կարծում է Բաբկեն Թունյանը։

«Օրենքով առաջարկում ենք, որպեսզի պարտադիր լինի վճարել նախորդ տարվա պարտքը, ոչ թե ընթացիկ տարվանը։ Որովհետև եթե համայնքներն ունեն ֆինանսների խնդիր ու ցանկանում են իրենց գումարները հնարավորինս արագ հավաքել և տնօրինել, քաղաքացիները նույնպես ունեն այդ գումարների կարիքը»։

Ժամանակին տեխզննումն ու գույքահարկը միացրել են, որպեսզի համայնքները կարողանան գույքահարկի գծով հավաքագրումներն իրականացնել ամբողջ ծավալով: Մի կողմից գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, մյուս կողմից, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, ենթադրենք հունվար կամ փետրվար ամիսներին, նրան ստիպում են վճարել տվյալ՝ ընթացիկ տարվա գույքահարկն ամբողջությամբ:

«Կան դեպքեր, երբ օրինակ քաղաքացին փետրվարին կամ մարտին կարող է գույքահարկն ամբողջությամբ վճարել, հետո մեքենան օտարել ու ընկնել ավելորդ գլխացավանքի մեջ»։

Հիմնական նպատակը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների համար ավելի հարմար, իրատեսական և առավել արդար պայմաններ ապահովելն  է: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ նախագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մեկ տեխնիկական առաջարկ, որը կշտկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ողջունելով նախագիծը՝ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչ կարգավորումներ են նախատեսվում  հին մեքենաները տարիներով չշահագործող  քաղաքացիների  համար։

«Տարիներով մնում են մեքենաներ, որոնց պետհամարանիշները վաղուց հանձնել են, բայց բազայից հանված չեն։ Այսինքն՝ այդ մեքենաները որպես գույք են դիտարկվում և գույքահարկ է հաշվարկվում։ Միգուցե գտնենք մի մեխանիզմ, որով այդ պրոցեսը դադարեցվի»։

Թունյան․ «Չնայած նախագծին չի վերաբերում, բայց հարցը հրատապ է, և ես ինքս էլ եմ բազմաթիվ նամակներ եմ  ստացել քաղաքացիներից։ Այս դեպքում ոչ այնքան օրենսդրական փոփոխության կարիք կա, որքան ընդհանուր գույքագրման ու հասկանալու, թե ինչ լուծումներ կարելի է տալ։ Միայն այդ մեքենաները փաստացի խոտանվելու դեպքերը չեն, լինում են գողացված մեքենաներ, կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել, բայց սեփականատերը փաստացի մեքենա չունենալու, պարզվի, որ ինքը մի քանի տարվա պարտք ունի համայնքին»։  

Բաբկեն Թունյանը խոստացավ հարցին անդրադառնալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Կքննարկվի  նաև գույքահարկը ամսական կտրվածքով վճարելու հնարավորությունը։ Չի բացառվում, որ գույքահարկը շուտ վճարողները խրախուսվեն։ Թունյանը կարծում է, որ առաջարկը լավ առիթ կարող է դառնալ ոչ միայն տեխզննման գործընթացը, այլև գույքահարկի ինստիտուտն առհասարակ վերանայելու համար, այդ թվում՝ անշարժ գույքի պարագայում։  Հարակից զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝  Կառավարության համար ներկայացված հիմնավորումները հասկանալի և ընդունելի են : Ներկայացնելով գործադիրի առաջարկությունները՝ նկատեց, որ նախագծի շրջանակում գուցե հնարավորություն ընձեռվի և փոխադրամիջոցների գույքահարկը, և անշարժ գույքի հարկը մինչև օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը՝ տվյալ դեպքում դեկտեմբերի 1-ը, կամավորության սկզբունքով մաս-մաս վճարելու:

«Մենք արդեն իսկ կատարված օրենսդրական փոփոխություններով աստիճանաբար վերանայում ենք անշարժ գույքի մասով գույքային հարկի բեռը, և գործընթացը շարունակվելու է մինչև 2026 թվականը։ Սատանում ենք նաև արձագանքներ քաղաքացիներից, որոնք առաջարկում են հնարավորություն ընձեռել մաս–մաս վճարելու։ Սա երկու խնդիր կլուծի։ Նախ՝ այդ բեռը չի կենտրոնանա որևէ կոնկրետ ժամանակի վրա, և երկրորդ կնպաստի այդ համայնքների ֆինանսական իրացվելիության խնդիրների մեղմմանը»։

Կարևորելով օրենսդրական նախաձեռնությունը՝ ֆինանսների փոխնախարարն ընդգծեց, որ ըստ էության իրական հնարավորություն է ստեղծվում, որ ընթացիկ տարվա հարկը չլինի պարտադրանք՝ մեքենայի տեխնիկական զննությամբ պայմանավորված։

Back to top button