Ազդ անցյալից

Նոր նախիջևան. «Մեր Ձայնը»․ «Ազդ անցյալից»

1762-1774թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Եկատերինա 2-րդ որոշեց հայերին Ղրիմից կամ Խրիմից տեղափոխել Դոնի ափերը: Տեղահանված հայերը հիմա էլ սկսեցին շենացնել այս հողերը: Հովսեփ սրբազան Արղությանցը ջանաց, որ Նոր նախիջևանը և շրջանի քաղաքները դառնան լուսավորության կենտրոններ: Հիմնվեցին տպարաններ: 20-րդ դարի սկզբին սկսեցին տպագրվել «Լույս» և «Մեր Ձայնը» պարբերականները:

1907-09թթ. Նոր Նախիջևանում հրատարակիչ Հովհաննես Մալխասյանի գլխավորությամբ հրատարակվում է «Մեր Ձայնը» թերթը: Թերթի գովազդատուները նաև Դոնի ափերի հայաշատ այլ քաղաքների գործարարներն էին:

ՈՎ ՈՐ ԿՈՒԶԷ լաւ մաքրած կաթ, սեր, սերուցք, տվարոգ, պրոստակվաշ, անուշ սուրճ, թրքական սուրճ, կակաօ, թէյ, համով նախաճաշ, թող  հրամմէ ամեն օր նոր բացուած «ՀԻԳԻԷՆԱ» ԿԱԹՆԱՏՈՒՆԸ. Ռաստով, Սադովայա, տուն Մաներակիի,  Սեվերնի Բանկին դիմաց: Գները խիստ չափաւոր:

«Մեր Ձայնը» թերթը գրեթե ամեն համարում գովազդել  է  ոմն Ասլանովի գործարանի գինին և կոնյակը: Թերթից իմանում ենք նաև, որ այս քաղաքում հայերը հիմնել են մի քանի գործարաններ.

Ներկերի շոգեգործարան Մ.Ղ. Շապովալեանի. որ վաճառում է Ղ. Լ. ՇԱՊՈՎԱԼԵԱՆԻ և ընկերութիւն  անուան տակ: Ու պահեստ ամեն տեսակ չոր ներկերի, մուսկատային ապրանքների, ու գեղարուեստական պիտոյքների: Ռաստով Դոնի ափին, Տագանրոգսկի պրասպեկտ: Լոյս են տեսել 1909 թ պրէյսկուրանտները պահանջողին կուղարկուին ՁՐԻ:

Նոր Նախիջևանցի գործարար Խախլաջյանը հիմնում է բամաբկի գործարան, միաժամանակ շարունակելով զբաղվել առևտրային տնով:

Միմիայն 4 օր Վ. ԽԱԽԼԱՋԵԱՆԻ գլխաւոր մագազինում (Ռաստով-Դոնի ափին, Տագանրոգսկիյ պրոսպէկտ  սեպ. տուն) ՅՈՒՆՈՒԱՐԻ 2-ԻՑ 1908 Թ. 4 ՕՐՈՎ նշանակուած է մեծ վաճառք բոլոր ապրանքների մնացորդների, նմանապէս և սեզոններից մնացած ռուսական եւ արտասահմանեան ապրանքների և կանացի ձմերային, աշնանային ու ամարային պատրաստի վերնազգեստների:

Բայց Խախլաջեանը միակը չէր, որ քաղաքի կենտրոնում մեծ վաճառատուն ուներ: Հունանով եղբայրների առևտրական տունը ևս հայտնի էր քաղաքում: Ինչպես նաև հայր և որդիք Բաղարսուկեաններինը :

Մկրտիչ Բաղարսուկեան եւ որդիք ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ յայտարարում է ի գիտութիւն Նոր-Նախիջևան և Ռաստով քաղաքների և նրանց շրջակայքի յարգոյ հասարակութեան, որ շուտով Ռաստովում, Մոսկովսկայա փողոցում, կը բացուի ՀԱՏԱՎԱՃԱՌ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻՆ ԽԱՆՈՒԹռուսական և արտասահմանետն գործարանների բազմազան ապրանքների: Պահեստներ եւ խանութներ ԵԿԱՏԵՐԻՆԱԴԱՐՈՒՄ, ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ, ՄԱՅԿՈՊՈՒՄ  ԵՒ ՍՈՒԽՈՒՄՈՒՄ:

 -Ուզում ենք ունենալ գեղեցիկ կուրծք,-հարցնում է «Մեր Ձայնը» թերթը 1908թ. համարներից մեկում: Ուրեմն՝ ուշադրություն.

 Ինչ եղանակով ունենալ գեղեցիկ կուրծք. Կանայք և դեռատի օրիորդները կարող են գեղեցիկ իրան ունենալ Մարբօր հաբերի միջոցով: Այս հաբերը բարերար ազդեցութիւն են ունենում առողջութեան վրայ. Կուրծք զարգացնելու, ամրացնելու և կազմելու ,նրան համաչափութիւն, սէգ փարթամութիւն տալու և միաժամանակ մէջքը չհաստացնելու մէջ մրցակից չունեն: Սրուակը հրահանգի հետ ծախվում  է 3 ր. 50  կոպէկ: Պահեստը դեղատնային ապրանքների վաճառքի Կովկասեան ընկերութեան մէջ:

Թերթի տարբեր համարների գովազդային բաժնում կարդում ենք  լավագույն կրկնակոշիկների՝ «Պրովոդնիկ»  գալոշների մասին.

  Պատենտ ունեցող աշխարհիս ամենէն լաւ գալօշներն Պրովոդնիկ: Անհամեմատ գերադասելի են իրենց տոկունութեամբ  ձեւերու  վայելչութեամբ եւ գործածուած նիւթերու ընտիր յատկութեամբ: Լիուլի երաշխաւորութիւն կը տրուի ամէն մէկ զոյգին յանչափս  տոկուն ըլլալուն: Գործածողներունանձնական շահն ի նկատի առնելով՝ Ընկերութիւնն իր պարտքն կը համարի առաջարկել որ միմիայն պահանջուին Պրովոդնիկ գալօշները: Ներկայացուցիչներ Միւնխ եւ Նեյգ, Ռաստով Դոնի ափին:

         Կենցաղային սարքերի նորություններ.

Էպիլիատոր  ՆԻԼ. ոչնչացնում  է րոպէապէս բոլորովին և անցավ մազերը եւ աղուն, որ տգեղացնում են դէմքը և մարմինը: Չի  գրգռում էպիդերմիսը, կաշին դառնում է կակուղ և թաւշանըման, գործադրում են արտիստները և բարձր արիստոկրատիան: Միակն է, որ հաւանել են երևելիները: Սրուակի գինը ճանապարհածախսով 4 րուբլի:

Պատէֆոն. թիթեղները նուագում է առանց ասեղի: Առաջարկում ենք պլաստինկաներ ամենանոր գրուած, զանազան երգեր հայերէն, պարսկերէն,վրացերէն և ուրիշ լեզուներով: 28- տրամագծով ԵՐԿԵՐԵՍ ԹԻԹԵՂԻ գինը ամեն տեղ 2ր. 20կ.: Ամենաընդարձակ ռեպերտուար բոլոր լեզուներով: ՊԱՀԱՆՋԵՑԷՔ ՑՈՒՑԱԿԸ ՁՐԻԱԲԱՐ: Գնչուների ռօմանսներ, խմբական երգեցուղութիւն: Եկեղեցական խմբերգեր, ամենատեսակ օրկեստրային իրեր:  

Թերթից բավական հետաքրքիր տեղեկություններ են ստանում Դոնի ափին գտնվող հայկական քաղաքների կրթական-մշակութային և ժամանցային կյանքից:

 Ձիարշաւները խրախուսող Ռաստով-Նախիջեւանի Ընկերութիւն. ՀԻՆԳՇԱԲԹԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին 1908 թ. ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՁԻԱՐՇԱՒՆԵՐ (СКАЧКИ): Ձիերը  բաց կրթողուեն օրուայ ժամը 24-ին: Կայ տոտալիզատոր: Ձիարշաւներին կընուագէ երաժշտական խումբ: Հետեւեալ  ձիարշաւները հինգշարթի, սեպտեմբերի 25-ին:

Նոր-Նախիջեւանի   քաղաքային թատրոն. 1909 թ. յունուարի8-ին, հինգշաբթի ՀԱՅՈՑ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ Հայ դրամատիկ խմբի դերասաններ S.S. ԱԶՆԻՒԻ, ՍՏԵՓԱՆԵԱՆԻ,Պ.Պ . ԱՆԴՐԱՆԻԿԻ և ՎԱՐԴԱՆ ՄԻՐԶՈՅԵԱՆԻ առաջին անգամ կը ներկայացնէ «Արցունքի հովիտը» դրամա 4 արարով, հեղինակութեամբ Ա. Ահարոնեանի: Ասլանի դերը կը կատարէ դերասան Վ. ՄԻՐԶՈՅԵԱՆԸ: Տեղերի գները սովարական են:

Սկիզբն է 8/2 –ին երեկոյեան: Նախագահ վարչութեան Գ. ՉՈՒԲԱՐ:   

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՐՔՈՅԿՈՎ -ՄԵՐ ՁԱՅՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՄԲ ՄԱՏԹԷՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  ԻԶՄԻՐԼԵԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԻՐ ՊԱՏԿԵՐՈՎ :Կազմեց ՇԻՐՎԱՆԶԱԴԷ: ԳԻՆՆ Է 15 ԿՈՊ. Մեծ քանակութեամբ առնողներին կը լինի 20% զիջում: Վճարը կանխիկ: Ցանկացողները կարող են դիմել Нахичевань на-Дону,  редакция — Мерь Дзайнь.

Նկարիչ  Բ. Ճէպյեանի հայկական եկեղեցական պատկերների, խաչվառների, խաչկալների եւ ոսկեզօծելու արհեստանոցը առ այժմս  Թիֆլիսից  տեղափոխուած է Ստաւրոպոլ, որտեղ առաջուայ պէս ընդունւում են միմիայն պատուէրներ: Չունևոր եկեղեցիներին տրւում է ապառիկ:Պատուէրները կատարւում են ընտիր ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՇԱԿՈՎ, Ցուցակը և պայմանները ուղարկւում են ձրի:  

«Մեր Ձայնը»-ից իմանում ենք , որ.  Խայրկովի ուսումնական շրջանի հոգաբարձուի թոյլտւութեամբ 1908-9 ուս. տարւա  սկզբից Նոր- Նախիջեւանում բացւում է Ս.Ա. Եաղուբեանցի առաջին կարգի մասնաւոր արական դպրոցը: Լուսաւորութեան մինիստրութեան ՌԷԱԼԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ:  Ստորին, միջին, բարձր պատրաստութիւն և Ա. Դասարան  մտնելու խնդիրներն ընդունւում են դպրոցի գրասենեակում ամեն օր, բացի տոներից, ցերեկուայ ժամը10-2-ը. Ստորին պատրաստութեան դասարան  ընդունւում են գրել-կարդալ  չիմացող երեխաներ: Դպրոցը պահում է գիշերօթիկներ: Ուսման թոշակն ստորին և միջին պատրաստութեան դասարան 50-ական րուբլի,բարձր պատրաստութեան  75 րուբլի  և Ա. դասարան100 րուբլի տարեկան: Դպրոցը գտեւում  է Պօլիցէյսկայա հրապարակի վրայ՝ տիկ. Խալիպեանի N5 տանը (գործակատարների ակմբանոցի հանդէպ): Ամենակարճ ժամանակում դպրոցը կը վերածուի լուսաւորութեան մինիստրութեան զուտ ռէալական դպրոցի՝ պետական այդ դպրոցներին վերապահուած ու աշակերտների համար ամեն իրաւունքներով:

Այսքանը Նոր Նախիջևանում  1907-09 թթ. լույս տեսնող «Մեր Ձայնը» թերթի ծանուցումների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button