ԿարևորՀասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համազգային հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատմանը և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման տարբերակին, որը համաձայնեցրել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները, և որոշում էին կայացրել մայիսի 6–ից երթով շարժվել դեպի Երևան։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել էին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորել է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ կառույցը զգուշացրել է՝  նաև սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում է ակնկալում, «իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ»։

Back to top button