ԿարևորՄիջազգային

ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ջուլֆայի շրջանի Դիզմար անտառում

Երեկ ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռը եղանակային վատ պայմանների և մառախուղի պատճառով վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի շրջանի Դիզմար անտառում, հայտնում է parstoday.ir կայքը։

Նախագահ Ռայիսին մեկնել էր Իրանի հյուսիս-արևելք՝ մասնակցելու Ադրբեջանի հետ սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը։

«Էբրահիմ Ռայիսիից բացի, ուղղաթիռում եղել են նաև ԻԻՀ ԱԳ նախարարը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը։ Այս լուրը տխրեցրեց Իրանի ժողովրդին։ Էբրահիմ Ռայիսին ամենասիրված նախագահներից մեկն էր, ով իր նախագահության ընթացում կարողացավ շահել հասարակության բոլոր խավերի, հատկապես՝ բանվոր դասակարգի սերը։

Ռայիսին ժողովրդական մարդ էր, ով ապրում էր պարզ կյանքով, և աշխատում անգամ առանց հանգստյան օրերի։ Իրանցիների համար շատ դժվար էր նման ղեկավար կորցնելը։ Ուղղաթիռի վթարի օրը, երեկոյան, մարդիկ հավաքվեցին երկրի տարբեր շրջանների մզկիթներում ու աղոթավայրերում՝ մասնակցելու հավաքական աղոթքներին։ Իսկ հիմա այն մասին, թե ի՞նչ է նախատեսում ԻԻՀ Սահմանադրությունը նման իրավիճակում», — գրում է կայքը։

ԻԻՀ Սահմանադրության 131-դ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու և խոչընդոտների առկայության դեպքում, նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։

Այնուհետև, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձևավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։

«Այսօր Իրանը պետք է հաղթահարի հերթական մարտահրավերը և ծանր, բայց արժեքավոր փորձ ավելացնի անցած 5 տասնամյակների իր փորձառություններին: Իրանն այս տարիներին անցել է ավելի բարդ փորձառությունների միջով և ավելի հասուն դարձել։ Ինչպես ասում են՝ այն, ինչ քեզ չի սպանում, քեզ ավելի ուժեղ է դարձնում»,- գրում է parstoday-ին:

Back to top button