Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մա՛մ, արի շրջվենք, որ պապան իմանա՝ մենք առաջ ենք գնում, բայց իրեն չենք մոռանում․ Նոնա Հովսեփյան․ «Կյանքին ասել այո՛»

Նոնան և Վաղարշակը աշխատանքային ընկերներ էին, իսկ 2010-ին դարձան ամուսիններ։ Արդյունքը՝ երեք զավակներն են։ «Ամեն անգամ տուն մտնելիս նայում էր երեխաներին ու հպարտությամբ ասում՝ էս իմ ստեղծածն է»,-պատմում է է 44-օրյա պատերազմում զոհված Վաղարշակ Գրիգորյանի այրին։

Նոնան մասնագիտությամբ դեղագետ է, իսկ Վաղարշակը արևելագետ էր։ Հասակակիցներ են, երկուսն էլ ծնվել են 1984 թվականին։ Վաղարշակն ավարտել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, բայց մասնագիտությամբ երբևէ չի աշխատել։ Բանկային համակարգում էր աշխատում, իսկ 2018-ին որոշեց զբաղվել գյուղատնտեսությամբ։

Եղվարդում հողամաս գնեց ու հիմնեց խնձորի այգի։ Այգով ապրում էր, 2020-ին հասցրեց անգամ առաջին բերքը վայելել, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Վաղարշակն Արցախ մեկնեց «ՈՄԱ» կամավորական գումարտակի կազմում։ Երկու ընկերների՝ Կարենի ու Դավիթի հետ նա զոհվեց միևնույն խրամատում, նոյեմբերի 10-ին՝ զինադադարից մոտ մեկ ժամ անց։

Ամենածանրը իննամյա որդու՝ Րաֆֆիի աչքերին նայելն էր, մեղքի զգացում կար։

«Վաղարշակի գնալու օրը տղաս գիշերը լացելով եկավ ինձ մոտ ու ասաց՝ մա՛մ, մեր պապան չի մեռնի չէ՞։ Գրկեցի ու ասացի՝ ես քեզ խոստանում եմ, քո պապան հետ է գալու»,-պատմում է Նոնան։

Դեպքից հետո Րաֆֆիի առաջին արձագանքն էր՝ ես քեզ չեմ ների։ Հետո ոչ միայն ներեց, այլև մոր հենարանը դարձավ։ Երբ Վաղարշակը զոհվեց, շատերը Նոնային խորհուրդ էին տալիս վաճառել այգին, բայց ամուսնուն հրաժեշտ տալիս խոստացել էր՝ և՛ զավակներիդ կմեծացնեմ, և՛ այգիդ կպահեմ։ Տեսանյութի վերջում Նոնայի և երեք զավակների՝ դեպի հետ նայող լուսանկարն է։

Գաղափարը Րաֆֆիինն էր։ Ասել էր՝ մա՛մ, արի շրջվենք, որ պապան իմանա՝ մենք առաջ ենք գնում, բայց իրեն չենք մոռանում։ Այս ընտանիքում չի փոխվել նաև արտահայտությունը՝ գնանք պապայի այգին։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր Հանրային հեռուստաընկերության «Իմ գործը» հաղորդաշարից։

Back to top button