ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք:

«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Բացի անձնական օգտագործման առարկաներից՝ հայտնաբերվել է 23 գրամ և 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ և հաշիշի յուղ` 24 գրամ քաշով:

Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 3 քաղաքացի: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիները ձերբակալվել են:

Տվյալ առաքանին ՀՀ ուղարկող անձի տվյալները պարզվել են: Ճշտվել է նաև, որ նշված թմրամիջոցները պետք է իրացվեին տելեգրամյան ալիքի միջոցով:

Դատարանի որոշմամբ, ձերբակալվածներից մեկի` Ն. Ա.-ի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է 1 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև կոկաին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ինքնակպչուն ժապավենով ամրացված 38 փաթեթ` ընդհանուր 66 գրամ քաշով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են նաև ստացվել, որ ՀՀ են ներմուծվելու նույն անձի անունից ուղարկված թմրամիջոցով առկա ևս երկու առաքանի։

Նշված տեղեկություններն իրացնելիս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները «Ապավեն տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված սուրհանդակային առաքանիները:

2 ծանրոցում էլ, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերվել են 1035 և 492 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ:

Մաքսանենգության այս դեպքով Երևանի թաղամասերից մեկում մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Լ. Խ-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԱՄՆ-ից, նույն անձի անունից, կրկին ՀՀ է ներմուծվելու թմրամիջոցի պարունակությամբ ևս մեկ առաքանի:

Նշված օպերատիվ տվյալներն իրացնելիս ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները համատեղ «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` ուղարկված միջազգային սուրհանդակային առաքանին: Հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, յուրաքանչյուրը` 530 գրամ քաշով:

Հիշյալ մաքսանենգության դեպքով թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված ծանրոցը ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ Ա.Ա-ն իրեն պատկանող բջջային հեռախոսահամարից կապ է հաստատել ոմն Գ. Մ-ի հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է և պետք է փոխանցի նրան:

Այնուհետև Երևանի թաղամասերից մեկում մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ սուրհանդակային առաքանին վերցնելուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Գ. Մ.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում վերջինս ձերբակալվել է:

Հիշյալ դեպքերով, ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 4 կգ մարիխուանա, 24 գրամ հաշիշի յուղ և 66 գրամ կոկաին տեսակների թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button