ԿարևորՀասարակությունՌադիոլուր

Արմավիր քաղաքի ծայրամասային թաղամասը ֆուտբոլի նոր խաղադաշտ ունի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Արմավիրի մարզի 10 բնակավայրերում համայնքների հետ ֆուտբոլի խաղադաշտեր է կառուցել, որոնցից երեքը՝ քաղաքային, մնացածը՝ գյուղական բնակավայրերում: Խաղադաշտերն ունեն արհեստական խոտածածկ, ցանցապատված են ու լուսավորված: Ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել նաև Արմավիր քաղաքի ծայրամասային արևելյան թաղամասում, որը տարիներ շարունակ անուշադրության էր մատնված:

«Բանգլադեշ»․ այդպես են անվանել Արմավիր քաղաքի  1970-ականների վերջին կառուցված արևելյան թաղամասը, որտեղ հիմնականում բազմահարկ շենքեր են: Երեխաների միակ խաղատեղը բակամիջյան խաղադաշտն է, որը տարիների ընթացքում դարձել էր անբարեկարգ:

«Դաշտի մեջը սև էր ու հող էր: Էդ սևերը դրել էինք, որ ընկնեինք, մեզ բան չլինի, բայց մեկ-մեկ ընկնում ենք ու իմ  ճակատը կարմրել էր: Հիմա լավ է: Ես ու Սուրենը գնացինք տեսանք, որ  սարքել վերջացրել են, եկանք ու ֆուտբոլ խաղացինք: Ես այնքան լավ եմ խաղում, որ կարող եմ խաբս տամ: Երեխեքի խաղը նայել, սովորել եմ»: «Ես էլ սովորել եմ, որ  Մեսսիի պես խաղամ:» «Իսկ ես Մեսսիի թիմից եմ լինելու, որ Մեսսիին պաս տամ, ինքն էլ ինձ ու ես արագ վազեմ, գոլ խփեմ»: «Ընկերների հետ ենք խաղում ֆուտբոլ, բայց մեկն իր ձեռքը կոտրել է: Ինքը ստադիոնում է ֆուտբոլի գնում: Լավ է, որ այս դաշտը սարքել են, բայց ինձ շատ են ծեծում, ես էլ իրենց»       :

Երեխաները, իրար հերթ չտալով, պատմում էին իրենց սիրելի զբաղմունքի մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Արմավիրի համայքապետարանի հետ ֆուտբոլի հին  խաղադաշտի մի հատվածում նորն է կառուցվել: Թաղամասի բնակիչ Արգիշտի Իսախանյան.

«Այս թաղամասում խաղադաշտ կար, բայց շատ վատ վիճակում էր, անմխիթար: Հետո որոշեցին կառուցել նոր տեսակի խաղադաշտ: եթե կեսօրից հետո կամ երեկոյան գաք, կտեսնեք, որ երեք թաղամասերի բոլոր  երեխաներն այստեղ են: Հիմա անվտանգ է, ընկնելուց չեն վնասվում: Մեր թաղամասում այսպիսի բան չկար, հիմա մեկ եկեղեցին է, որ կառուցում են, ու այս խաղադաշտն է: Ողջունելի է»:    

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլի խաղադաշտեր է կառուցում նաև Արմավիրի մարզի  10 բնակավայրերում, որոնցից երեքը Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում: Արմավիրում  ֆուտբոլի խաղադաշտեր են կառուցվում նաև  Սարդարապատ և Հացիկ գյուղերում՝ ասում է համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:

«Շինարարական աշխատանքները սկսել են նախորդ տարվա երկրորդ կիսամյակում, և մեկ ամսվա ընթացքում հույս ունենք, որ կավարտեն: Իրականացվում է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու համայնքի   համատեղ ֆինանսավորմամբ՝ 90/10 հարաբերակցությամբ․10 տոկոսը մեր մասնաբաժինն է»:

Ֆուտբոլի խաղադաշտերի ցանկապատումն ու լուսավորությունն իրականացնում է համայնքը: Արմավիր քաղաքի արևելյան թաղամասի նախկին ֆուտբոլի դաշտի մի հատվածը չի վերանորոգվել, այնտեղ շարքից դուրս եկած, հին  մարզասարքեր են։

«Դա սկզբից փոքր երեխաների համար խաղահրապարակ էր՝ երկաթե ու շղթայով ճոճանակներ էին: Մի երկու-երեք տարի խաղացին, պոկվեց ու հետո հավաքեցին տարան»:  

Նույն հատվածում բնակիչներն առաջարկում են խաղահրապարակ կառուցել:

«Այս նույն տեխնոլոգիայով, որ խաղադաշտը կառուցեին, շատ լավ կլիներ: Խաղահրապարակը նույն ձևով ու անվտանգ լիներ, ոչ թե ասֆալտապատ, որովհետև  հիմա թաղամասում շատ փոքր երեխաներ ունենք»:

«Կուզեմ, որ երեխաների համար խաղահրապարակ լինի,  բալիկները շատ են, բայց խաղալու տեղ չկա: Չէ որ մեր երեխաներն էլ դրա կարիքն ունեն, անպայման պետք է իջնենք կենտրոն, որ խաղան: Կան մարդիկ, որ հնարավորություն չունեն անընդհատ ներքև իջնելու: Կամ, որ իջնում են կենտրոնական, այնտեղ ավելի շատ զվարճանքի խաղեր կան, բայց գումար չունեն»:

Քաղաքի  ծայրամասային թաղամասում նաև եկեղեցի է կառուցվում: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքը նախկինում վերածվել էր աղբանոցի, հիմա ոգևորությամբ են հետևում շինարարության ընթացքին:  

«Դա մեզ համար կլինի մեծ հանգստություն: Ես իմ բալիկին կվերցնեմ ու կգնամ այնտեղ, մեզ  մի քիչ լավ կզգանք: Շատ լավ բան են կառուցում: Իմ պատուհանը, որ բացում եմ, նայում է եկեղեցուն»:   

Եկեղեցին կառուցվում է բարերարների միջոցներով:  Թաղամասի բնակիչներն առաջարկում են նաև  ոռոգման ցանց անցկացնել ՝բակային կամաչ տարածքները ոռոգելու համար, փոխել կոյուղու և խմելու ջրի համակարգերը:

Back to top button