Երաժշտական եռանկյունի

Դասարանական համերգի ավանդույթը. «Երաժշտական եռանկյունի»

Ցանկացած երաժշտական կրթական հաստատությունում ընդունված է կես տարին մեկ անցկացնել «դասարանական համերգներ»,  որոնց շնորհիվ ամփոփվում է կրթական ընթացքը և արձանագրվում է ուսանողների առաջընթացը։ Սովորաբար նման համերգների մասնակիցները երաժշտության տվյալ ոլորտի պրոֆեսորի արվեստանոց-դասարանի սաներն են։

«Սա ընդունված պրակտիկա է, որը նաև մեր կոնսերվատորիայի կրթական պրոցեսի անբաժանելի մաս է կազմում։ Ընդունված է նման համերգներն անցկացնել հենց բուհի ներսում, և հաճախ այդ համերգները տեղի են ունենում «փակ» ռեժիմով։ Այսինքն՝ ներկա են դասախոսական կազմի ներկայացուցիչները և, օրինակ, երիտասարդ երգիչների ընտանիքի բարեկամներն ու դասընկերները։

Բայց չէ՞ որ դասարանային համերգը նաև հաշվետվություն է, որը կարող է ներկայացվել լայն լսարանի առջև, համերգասրահում, հանդիսանալով նաև ուսանողի մոտ բեմական հմտություններն ու կուլտուրան դաստիարակելու միջոց», — ասում է ԵՊԿ պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը, որը տարիներ ի վեր կազմակերպում է նման համերգները բեմական տարբեր հարթակներում, մեծ հանդիսավորությամբ և երաժշտասեր բազմության ներկայությամբ։

2024-ի գարնանային նման համերգ տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և հաղորդման մյուս մասնակիցները՝ Դոնարա Ադամյանը, Շուշան Այվազյանը և Մարիա Դավթյանը, ընգծում են իրենց պրոֆեսորի նախաձեռնության բացառիկ կարևորությունը իրենց կատարողական աճի և վարպետության համար։

«Այն հանգամանքը, որ դու, ուսանող լինելով, պետք է հանդես գաս պրոֆեսիոնալ համերգային բեմում, մեծաթիվ հանդիսատեսի ներկայությամբ, հատուկ պատրաստված և՛ հոգեպես, և՛ նույնիսկ արտաքնապես՝ ստիպում է յուրաքանչյուրիս ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ ելույթին և վերաբերվել դրան ոչ թե որպես հերթական ուսումնական իրադարձության, այլ զգալ լուրջ համերգին մասնակցելու բերկրանքն ու վայելքը», — խոստովանում են ուսանողները։

Համերգին մասնակցել են Աննա Մայիլյանի դասարանի տարբեր կուրսերի 12 ուսանողներն ու ասպիրանտները, կատարվել են օպերային արիաներ և այլ ժանրերի ստեղծագործություններ համաշխարհային և հայկական երաժշտական շտեմարանից։

Զրույցի ընթացքում բազմիցս կարևորվեց ապագա երաժիշտների բեմական փորձառության և հմտություններին տիրապետելու նշանակությունը։ Նման «դասարանական համերգների» անցկացումը համերգասրահներում, բացի մանկավարժական, կրթական նպատակներից, նաև երիտասարդ երգիչներին հասարակությանը ներկայացնելու և երգարվեստում սերնդափոխությունը առավել տեսանելի դարձնելու լավ միջոց է։  Նրանք լավ ընդունելության են արժանանում մայրաքաղաքի երաժշտասեր հանդիսատեսից և սպասված են նրա կողմից։

Back to top button