ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կապավորները նշել են Մեծ հայրենականում հաղթանակի 79-ամյակը

EK79V։ Հայաստանի մի խումբ ռադիոսիրողներ այսօր Կոտայքի մարզի Գետարգել գյուղում հնչեցրել են օրվա այս տարվա ազդականչը, որը խորհրդանշում է Հայրենականն պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձը: Առաջին անգամ չէ, որ հայ ռադիոսիրողները «Հիշողության ժամեր» են անցկացնում։ Արդեն ավանդական դարձած միջոցառմանն ամբողջ աշխարհի ռադիոսիրողները Հայաստանից շնորհավորանքներ են լսել Հաղթանակի օրվա առթիվ։ Հաղորդագրությունն ընթերցել են մի խումբ ռադիոսիրողներ, որոնք հավաքվել էին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է EK8A վարչության պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը, ռադիոսիրողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակին` մեկ անգամ ևս անդրադառնալով հայերի մասնակցությանն ու սխրագործություններին: 

Ռադիոկապի բացառիկությունը գնահատող մասնագետներն իրենց գիտելիքներով և հմտությամբ կիսվել են նաև միջոցառմանը ներկա աշակերտների հետ: Ռադիոկապով հետաքրքրված աշակերտները որոշակի առաջադրանքներ կատարելու հնարավորություն են ունեցել, փորձելով են ռացիաներով աշխատելու իրենց կարողությունները: Սա բաց դռների յուրօրինակ օր է եղել ներկաների համար Ռուս -հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնա-վարժական տարածքում:

«Մենք դաշտային պարապմունքներ ենք անցկացրել, ոնց են ճաշ պատրաստում զիվորները, ոնց են դաշտում ապրում։ Հետո կրակային առաջադրանքներ ենք կատարել։ Հենց հիմա ԱԻՆ–ի բազայում ենք, որտեղ սովորացնում են երեխաներին փրկարարական աշխատանքներ, ոնց են պատ բարձրանում, ոնց են վերևից պարանով կապվում, սղալով իջնում ցած։ Փոքրիկ, մանկապարտեզի երեխա էլ կա, սղալով իջնում է։ Այսինքն՝ նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի 79-ամյակին։ Բայց նպատակն է ցույց տալ, թե զինվորը ինչ պատրաստվածություն պետք է ունենա լեռնային պայմաններում, տարբեր իրավիճակներում, թե պատերազմի ժամանակ ինչպես կատարել փրկարարական աշխատանքներ։ Հենց հիմա պարաններն ենք կապել, ու երեխաները ուղիղ պատեր են բարձրանալու»։

ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիան տարբեր ծրագրեր է իրականացնում, ներգրավելով դպրոցականների և ուսանողների, դրանով նաև հետաքրքրություն առաջացնելով ռադիոսպորտի և ռադիոկապի նկատմամբ։ Արդեն 10 և ավելի տարիներ ֆեդերացիայի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցում գործում է ռադիոտեխնիկայի խմբակ:

Ֆեդերացիայի երիտասարդ անդամները տպավորված են հատկապես Ամբերդում և Բյուրականում անցկացված մրցույթներից. «Աղվեսաորսի» մասնակիցները պետք է որոշակի տեղանքում կարողանային «որսալ» թաքնված ռադիոընդունիչները: Նման մրցույթները հետաքրքրում են հատկապես այն աշակերտներին և ուսանողներին, որոնք ինժեներական գիտության մեջ առաջ գնալու հավակնություններ ունեն:

Back to top button