ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Չկա որևէ պետության՝ մյուսի վրա հարձակվելու միջազգայնորեն լեգիտիմ իրավունք․ փորձագետ

Ռիսկային է ոչ միայն սահմանազատման բացակայությունը, այլև հատվածական սահմանազատումը՝ ասում են փորձագետները՝ վերլուծելով ՀՀ վարչապետի ՝ սահմանազատումը կասեցնելու դեպքում պատերազմի հավանականության մեծացման  մասին հայտարարությունները։ Շատ երկրներ ճշգրտված սահմաններ չունեն, ինչը պատերազմ սկսելու բավարար հիմք չեն համարում։ Հակառակ օրինակները նույնպես բազմաթիվ են ՝ հիշեցնում են վերլուծաբանները։

Պատերազմ կարող է լինել միայն այն դեպքում, եթե հայ-ադրբեջանական բանակցությունները մտնեն փակուղի, ինչպես 2020-ին՝ համոզված է քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով վարչապետի այն թեզին, թե սահմանազատման կասեցման պահանջը համարժեք է պատերազմ սադրելու օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ նաև ընդգծել էր՝ սահմանազատման իրականացման դեպքում պատերազմը դառնում է անիրատեսական և  ոչ լեգիտիմ։

«Ռուսաստանն առաջարկում էր համապարփակ փոխզիջումային տարբերակ։ Համապարփակը նշանակում է, որ նախապես նստում, որոշում են, թե ով ինչ է տալու և ով ինչ է ստանալու, բոլոր ռիսկային և փոխզիջումային տարբերակները գնահատվում են, ապա՝ համապարփակ որոշման, հետո միայն՝ Խաղաղության պայամանգրի։ Եթե այդ համապարփակը չկա, ապա միակողմանի հանձնում է գնում, որի հովանավորը Միացյալ Նահանգներն է»։

Սահմանազատումը Մոսկվայի միջնորդությամբ կարող էր համապարփակ լինել՝ համոզված է Այվազյանը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ռիսկեր տեսնում է ոչ թե սահմանազատման, այլ գործընթացը հատվածաբար իրականացնելու մեջ։ Այս մոտեցումը կարող է նաև շանտաժի հիմք դառնալ՝ ասում է։

Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում նաև այլ փաստի վրա։

«Եթե այսպիսի հարցադրում է, ապա սա նշանակում է, որ միջազգային դերակատարները առնվազն լռության են մատնում այս շանտաժը։ Հակառակ դեպքում պետք է արտահայտվեին, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ չանելու դեպքում կլինի պատերազմ։ Նրանցից որևէ մեկը պետք է արտահայտվեր, որ պատերազմի լեգիտիմ առիթ չկա, եթե անգամ կա սահմանային վեճ։ Չէ որ իրենք են հայտարարում, որ բոլոր վեճերը, հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ավելին` ՀՀ-ն ու Ադրբեջանը, 2001 թ․–ին անդամակցելով ԵԽ-ին, պարտավորվել են հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման,  և Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունները՝ 44-օրյա պատերազմ սկսելով։ Այս հարցերն են, եթե իրականությունը դիտարկում ենք «լեգիտիմությունը, թե ոչ լեգիտիմությունը» տիրույթում։ Չկա որևէ պետության կողմից մյուսի վրա հարձակվելու միջազգայնորեն  լեգիտիմ իրավունք»։

Բադալյանը մատնացույց է անում Վրաստանի հետ սահմանային անորոշություններն ու հիշեցնում՝ չզատված հատվածներ կան, սակայն դա հիմք չէ պատերազմի մասին խոսելու համար։  Հակառակ օրինակները նույնպես բազմաթիվ են, երբ խախտվում են  հստակ որոշված և ճանաչված սահմանները։

«Այս պահի դրությամբ սա այլ բան չէ, քան պարզապես ուժի թելադրանքով իրականացվող գործընթաց , այսինքն՝ սա ոչ թե հավասարակշռության գործընթաց է, ինչի մասին խոսում են միջազգային դերակատարները, այլ հակառակը՝ ուժերի հավասարակշռվածության էական խախտվածության պայմաններում իրականացվող թելադրանք»։

Բադալյանը նաև այլ հարցադրում է անում՝ եթե սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ, դեռ չի նշանակում, որ չկա պետական սահման: Պետական սահմանը կարող է լինել դասական կահավորմամբ, և կարող է լինել շփման գծի տեսքով՝ խրամատավորված, ականապատված և այլն, բայց այն կա և այն պետական սահման է, նկատում է վերլուծաբանը հորդորելով քարոզչական պատերազմ  տանել ներքին մրցակիցների դեմ, բայց ոչ Հայաստանի Հանրապետության:

Back to top button