Գերդաստաններ

Ֆիզիկան հեքիաթի վերածող ուսուցիչն ու գիտնական որդին․ Աթայաններ. «Գերդաստաններ»

Նրանք ֆիզիկոս-մանկավարժներ են ու գիտնականներ։ Իվան Աթայանը ժողովրդական ուսուցիչ էր, Արցախի ազգային-ազատագրական պայքարին նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, իսկ որդին՝ Կամո Աթայանը, մանկավարժական գիտությունների դոկտոր է, թոռը՝ Արա Աթայանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նրանք նշանակալի ավանդ են ունեցել Արցախում՝ մանկավարժության զարգացման, ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների դասավանդման մեթոդիկաների ուղղությամբ։

Արցախում՝ Ասկերանի շրջանում, Քիրս լեռան ստորոտին 17-18-րդ դարերից հայտնի մի գյուղ կա՝ Ավետարանոցը։ Բնակիչները քրիստոնեություն ընդունելու հետ կապված այսպես են անվանել գյուղը։ Այստեղ էին հաստատվել Աթայանները, որոնց նախնիները՝ Հայրապետ պապն ու Գալյա տատը, ապրել էին այս գյուղից փոքր ինչ հեռավորության վրա գտնվող Ջրաղացներում, և քանի որ այդտեղ դպրոց չկար և իրենք էլ շատ ուսումնատենչ մարդիկ էին, որոշում են գալ և հաստատվել Ավետարանոցում։ Իվան Հայրապետի Աթայանից, քանի որ նա երկար տարիներ զբաղվել է հասարակական-քաղաքական  գործունեությամբ և եղել էր ժողովրդական ուսուցիչ ու շատ հայտնի էր դասավանդման հետաքրքիր ու արդյունավետ մեթոդներով՝ պատմում է որդին՝ մանկավարժական գիտությունների դոկտոր Կամո Աթայանը։

Նրանց ջանքերով էր Ստեփանակերտում հիմնադրվել «Կրթությունը և գիտությունը Ղարաբաղում» պարբերականը, իսկ հետագայում, արդեն Երևանում, «Բնագետ» գիտահանրամատչելի և գիտամեթոդական հանդեսը։ Այս երկու հրատարակումներն էլ չէին զիջում արտերկրում հրատարակվող «Քվանտ» պարբերականին, ինչպես վկայում էին ժամանակի շատ մասնագետներ՝ շարունակում է Կամո Աթայանը։

Իվան Աթայանը Բաքվի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո  Ավետարանոցում մանկավարժ էր աշխատում։ Ֆիզիկան ինքը հեքիաթի էր վերածում, և դրանով իսկ հետաքրքիր ու մատչելի դարձնում աշակերտներին, սիրել տալիս առարկան։ Նրա  աշակերտներից գրեթե բոլորը դարձան ֆիզիկոսներ, նրանցից շատերը՝ հայտնի գիտնականներ, օրինակ՝ Սուվարյան եղբայրները և ուրիշներ։

Իվան Աթայանը գտնում էր, որ դպրոցի գլխավոր խնդիրը ոչ միայն սովորողներին գիտելիքների որոշակի պաշար տալն է ու նրանց միտքը զարգացնելը, այլև նրանց՝ որպես հայրենասերներ, աշխատավորներ դաստիարակելը։Նա գտնում էր, որ յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր առանձնահատկությունները, չկրկնի մեկը մյուսին, որ դպրոցը մանկավարժության կենդանի դասագիրք է, որի հեղինակները դպրոցի ուսուցիչներն են։

Հայտնի մաթեմատիկոս Շաբո Ասլանի Մուսայելյանն ուզում էր Իվանին տանել Մոսկվա՝ կրթությունը շարունակելու, սակայն Աթայանը չէր կարող առանց Արցախի, առանց մոր, առանց իր հայրենիքի համար աշխատանք կատարելու։

Իվան Աթայանը և կինը՝մաթեմատիկայի ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, որդիներին՝Կամոյին և Կարենին, դաստիարակում, կրթում էին հենց դպրոցական նստարանից, նրանց մեջ սերմանում մաթեմատիկայի ու ֆիզիկայի ճշգրիտ օրենքները։ Իր համեստ  ուսուցչական վաստակից Աթայանն առաջին հերթին մի կողմ էր դնում որդիների ուսման ծախսերի համար։

Կամոն Երևանում ընդունվում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցը, հետո Երևանի պետական համալսարանի Ֆիզմաթ ֆակուլտետը և դառնում մանկավարժական գիտությունների դոկտոր։ Նրա ներդրումն այս ոլորտոմ նվիրված էր ֆիզիկայի ուսուցման գործընթացում փորձարարության սկզբունքին, քանի որ այն արդեն վերացման եզրին էր։

Կամոյի որդին՝ Արան, շարունակեց պապի և հոր ճանապարհը։ Նա երբեք չէր  մտածում, որ կշարունակի նույն ճանապարհը, միայն թե պապի պատգամը միշտ հիշում է. «Ցանկացած աշխատանք կատարելիս պետք չէ սպասել գնահատականի»։

Աթայանները որտեղ էլ լինեն, Արցախ աշխարհի ու արցախցիների հետ են, և նրանց նման այս դժվար ժամանակներում ուզում են միաբանվել, դժվար բացվող օրվա մեջ նորից առաջ նայել, նորից ապավինել Ոգու Կենաց ծառին և, հաղթահարելով տագնապները՝ կրկին ելք գտնել փարվելու հին հողին, տներին ու աղբյուրներին։

Back to top button