Գերդաստաններ

Եղեռնամահ գրողն ու Տիտանիկի հայ ուղևորը. Բյուրատներ. «Գերդաստաններ»

Սմբատ Բյուրատն իր ժամանակի չափազանց ուսյալ և գրագետ հեղինակներից է, նրա «Լեռնականին հուշատետրը» ինքնակենսագրական վեպը բացառիկ փաստագրական նյութ է Կիլիկյան Հայաստանի և մասնավորապես Զեյթունի հայերի ավանդույթների և առօրյա կյանքի վերաբերյալ, իսկ «Յըլդըզե Սասունը» և մյուս վեպերը մեր ողբերգական և նաև հերոսական անցյալի մասին են։

Նա փրկեց Թալեաթին Սուլթան Համիդի ճանկերից, մինչդեռ Թալեաթը 1915 թվականին Բյուրատին սպանել տվեց։ Բյուրատի որդին՝ Վաղինակը, գրող, հրատարակիչ, թարգմանիչՎաղինակ Բյուրատն է, որը Տիտանիկի նավից մի քանի փրկվածներից մեկն էր։

Սրակատար լեռների ու թավուտ հովիտների, ապառաժների կարծր կողերի վրա նստած Զեյթունն էր Բյուրատների ծննդավայրը։ Զեյթունի բնակիչնեչից շատերը՝այդ թվում Տեր-Ղազարյանները, սերում էին Անիից։

Ղազար Տեր-Ղազարյանը տեղի քահանաներից էր և պատվելի հոգևորական։ Ինչպես բոլոր զեյթունցիները, Տեր-Ղազարյաններն էլ ունեին տուն, պարտեզ, այգի, ջորի։ Սակայն տունը խարխուլ էր ու նեղ բազմանդամ ընտանիքի համար։ Ղազարն ուներ 5 որդի և 6 դուստր, որոնք բոլորն էլ ունեցան իրենց կյանքի դաժան օրերը, ինչպես  զեյթունցիներից շատերը։ Հետագայում զեյթունցիների դառը ճակատագիրը պատճառ դարձավ, որ Տեր-Ղազարյաններն իրենց կոչեցին Բյուրատ, ինչը նշանակում է տասնյակ հազարավորներից կտրված, իր ազգից հատված, որոնց երկնային բանակին 1915 թվականին միացավ նաև ինքը՝ Սմբատ Տեր-Ղազարյանը, որին նաև Լեռնորդի էին անվանում։Սմբատը Տեր Ղազարի 5 որդիներից մեկն էր։

Մեծ եղավ Սմբատի հիասթափությունը, երբ տեսավ, թե ուսուցիչը ինչպես է ծեծում  աշակերտին երկաթե թաթանման գործիքով, ու որոշեց ի նշան բողոքի, այլևս դպրոց չգնալ։ Նա, իհարկե, հաճախեց այլ կրթական հաստատություններ, մինչև որ ընդունվեց Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը։ Ավարտելով այն՝ 1882 թվականին վերադարձավ հայրենիք և սկսեց դասավանդել Զեյթունի «Միացյալ ընկերության» կենտրոնական վարժարանում։

Այդ ժամանակահատվածում Բյուրատն ամուսնանում է Խաս գյուղի Գալֆայան որբանոցի վարժուհի Եվդոքսիա Շիշմանյանի հետ, որը նույնպես հեղափոխական գործունեությամբ էր զբաղվում։ Դրանից հինգ տարի անց ամուսնու հետ ձերբակալվում են։ Նրանց կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկն է կատարվում բանտում՝ պատմում է Սմբատ Բյուրատի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Գաբրիելյանը:

Սուլթան Համիդի վարչակարգի կողմից հետապնդվում էր Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթը։ Բյուրատը Թալեաթի հետ ընկերներ էին ու նրա խնդրանքով թաքցնում է իր տանը հետապնդումից։

Ի ծնե անհանգիստ մարդուն հետաքրքրում էր նաև երեխաների ուսումը, ուստի, չնայած հետապնդումներին, մեկնում է Իտալիա իր երկու զավակներին Մուրադ Ռաֆայելյան դպրոց ընդունելու համար։

1887 թվականին՝ Զեյթունի մեծ հրդեհից հետո, Բյուրատը մեկնում է Պոլիս և այստեղ շարունակում իր մանկավարժական գործունեությունը։ Այստեղ հիմնում է լեզվագիտական վարժարան։ Այս հարցում նրան օգնում է նաև հանրությունը։

Բյուրատը Հնչակյան կուսակցության հայտնի գործիչ էր և 1890 թվականին՝ Գում-Գաբուի հայտնի ցույցից հետո, նա մեկնում է Կիլիկիա, սակայն ճանապարհին ձերբակալվում է, ընտանիքով տեղահանվում է Մարաշ, հետո՝ Հալեպ, այստեղ դատապարտվում է ցմահ բանտարկության, սակայն հինգ տարի բանտում տառապելուց հետո համաներմամբ ազատ է արձակվում և կնոջ և երեխաների հետ մեկնում է Պոլիս և աշխատում Արամյան վարժարանում։

Սմբատ Բյուրատն անընդհատ ստեղծագործական կյանքով էր ապրում։ Նա ստեղծեց ահռելի մեծ գրականություն, որն ունեցավ պատմագրական, ազգագրական, գեղարվեստական մեծ արժեք։ Նրա ողջ ֆոնդը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ «Լեռնականին հուշատետրում» հիանալի հետաքրքիր բացահայտումների ենք հանդիպում, այն փաստագրական արժեք ունի նաև Զեյթունի ավանդույթները, կենցաղն ու սովորույթները ներկայացնելու իմաստով։ Օրինակ՝ ինչպես էին լողալ սովորում Կիլիկիայում ՝դդումների օգնությամբ, պատմում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը։

Սմբատ Բյուրատի՝ մեր հերոսական անցյալին վերաբերող գործերը հետաքրքիր են ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական առումովч ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Տաթևիկ-Մարիամ Մերջանյանը։

Հայտնի «Ադանայի ողբը» երգի խոսքերի հեղինակը Սմբատ Բյուրատն է, սակայն, ափսոս, մինչ այսօր չի հաջողվում պարզել, թե ով է երգի երաժշտության հեղինակը։

1915 թվականի ցեղասպանությանը զոհ գնաց նաև Սմբատ Բյուրատը։ Նրան չփրկեց իր ընկեր Թալեաթը՝ ասելով. «Չեմ կարող, Էնվերի հրամանն է»։

1912 թվականին, երբ հայտնի Տիտանիկը առաջին անգամ իր ծովային շքեղ ուղերթն էր կատարում, ինչի հետևանքով դաժան ճակատագրի զոհը դարձան գրեթե բոլոր ուղևորները, մի քանի փրկվածների մեջ էր Սմբատ Բյուրատի որդին՝ Վաղինակը։

Սմբատ Բյուրատի գրահրատարակչական աշխատանքը հետագայում շարունակեց որդին՝ Վաղինակ Բյուրատը։ Նա ոչ միայն հրատարակիչ էր, մշակութային գործիչ, այլև մի շարք գրքերի հեղինակ։ Նրա «Ընտիր Էջեր» գիրքը պարունակում է  գեղարվեստական գործեր և հուշագրության ընտիր նմուշներ, որոնց հիմքում ընկած են իրական պատմություններ, ինչպես օրինակ՝ «Թեզպիհը»՝ պատմում է Սմբատ Բյուրատի ծոռը՝ կրտսեր Սմբատի որդին, Վաղինակի թոռը՝ Հայկ Բյուրատը։

Հայկ Բյուրատը մինչ այսօր զբաղված է գերդաստանի գրական հսկա ժառանգության ուսումնասիրման, հրատարակման և վերահրատարակման գործերով և անընդհատ ձգտում է հանրությանը ճանաչելի դարձնել Բյուրատներին։ Նրանք, ովքեր շատ են կարդացել Բյուրատների կյանքի ու գործունեության մասին, միշտ մտածում են՝ մի՞թե մեր ռեժիսորներն ու սցենարիստները չեն մտածում, այն ֆիլմի վերածել։ Չէ՞ որ կունենանք մի անկրկնելի, մնայուն, փաստագրական հարուստ տեղեկություններով, հետաքրքիր, անմոռանալի դրվագներով մի պատկեր, որը կմատուցվի աշխարհին, որպես մարդկային ողբերգական ու զարմանալի ճակատագրի վառ ապացույց։  

Back to top button