Գերդաստաններ

Դարբնագործությունից մինչև «Կարապետյան բենդ». Կարապետյաններ

Այս գերդաստանում երեք սերունդ երաժիշտներ են։ Սկիզբը դրել է դարբին Կարապետ պապը, որի մուրճի ձայնը, կամաց-կամաց հղկվելով, դարձել է հարսանեկան պարեղանակ։ Հետո որդիները դարձան պրոֆեսիոնալ երաժիշտներ, իսկ թոռներն արդեն հիմնեցին «Կարապետյան բենդ»-ը։

1830-ական թվականներին էրզրումի հայության մեծ մասը գաղթեց Արևելյան Հայաստան։ Արհեստավորական խավի մի մասը հաստատվեց Ջավախքի տարածաշրջանի Փոցխով գետի ափին գտնվող Ախալցխայում և հարակից գյուղերում։

Օրինակ՝ Սուլխիս գյուղում էին հաստատվել Կարապետյանները, որոնց նախնիները Էրզրումում հայտնի դարբիններ էին և Ախցխայում էլ շարունակում էին նույն  պատվավոր արհեստով զբաղվել։ Կարապետյանները մեծ ավանդ ունեցան շատ կոլորիտային քաղաքի շինությունների արհեստագործական ձևավորման մեջ, և մինչև այսօր էլ նրանց ձուլած դարպասների դռները պահպանվել են։

Պատմում են, որ Կարապետ Կարապետյանը, որը շատ պահանջված դարբին էր Ախալցխայում, նաև շատ երաժշտական մարդ էր և մուրճի հուժկու հարվածներում էլ երաժշտություն էր զգում։ Եվ երաժշտության նկատմամբ սերն այնքան ուժեղ էր, որ շուտով նվիրվեց երգին ու երաժշտությանը։ Նա սկսեց նվագել դարբնի մուրճի նման ըմբոստ ու խրոխտ պարեղանակներ, աշուղական երգեր։ Նվագում էր գյուղի հարսանիքներին, տոնական օրերին։

Մի օր էլ, երբ ավանդույթի համաձայն, գյուղացիները պար էին բռնել գյուղի եկեղեցու հրապարակում, Կարապետի աչքից չի վրիպում գեղեցկատես մի աղջիկ, որը նաև հիանալի երգում էր։ Նվագող տղան, ինչպես հաճախ է պատահում, սիրահարվում է երգող աղջկան։ Աղջիկը Մանուշակն էր։

Կարապետն իր և նաև քրոջ ու եղբոր տղաների մեջ անսահման սեր էր արթնացնում դեպի երաժշտությունը։ Նա սովորեցնում էր նվագել նաև ընկերներին։ Մի օր, երբ երաժիշտ ընկերների հետ նվագում էր, հարսանքավորներն ապշում են, երբ մի մարդ, Կարապետի նվագից հիացած, դուրս է գալիս և մի զարմանալի նվեր բերում, պատմում է որդին՝ Կոնստանտինը։

Կոնստանտինը և եղբայրը՝ Մուկուչը,18 տարեկանից սկսել են ինքնուս նվագել, հետո Կարապետը նրանց տարել է Ախալցխայի երաժշտական դպրոցը, մասնագիտացել են, միասին խումբ կազմել, աշխատել են նաև «Բերդ» պարային անսամբլում։ Նրանց՝ որպես լավագույն երաժիշտների, ճանաչում էին արդեն շատերը։

Կոնստանտինը և Մկրտիչը չէին ուզում, որ որդիները երաժիշտ դառնային, սակայն նրանց բոլորի մեջ արթնացան այդ լավագույն գեները, զարգացան և ստեղծվեց «Կրապետյան բենդը»։

Մկրտիչի կինը երգչուհի Անուշիկ Աթանեսյանն է, նրանց որդին դուդուկահար Գևորգ Կարապետյանն է։ Գևորգը Կոնսերվատորիան ավարտեց և դարձավ փայլուն դուդուկահար։ Նա սկսեց նվագել ոչ միայն դուդուկ, այլև մյուս բոլոր փողային գործիքները։ Նա մինչ օրս սրբությամբ ու պատասխանատվությամբ է պահպանում  Ջիվան Գասպարյանի 30-ամյա դուդուկը, որը նվիրել է մեծ վարպետը։

Այսօր Լուսինե Զաքարյանին նվիրված՝ Առնո Բաբաջանյանի երաժշտության  լավագույն կատարողն է Գևորգը։ Այն սիրեց ոչ միայն երաժշտասեր, այլև ողջ  հանրությունը։ Կոնստանտինի և դաշնակահարուհի Իվետա Պետրոսյանի որդիներն են Կարոն և Էդգարը։  

Կարոն «Կարապետյան բենդի» դհոլահարն է։ Նա եղբայրներից մեծն է։ Պատմում է, որ  իրենց խումբը միշտ հավանության է արժանացել և՛ Հայաստանում, և՛այլ երկրներում։ Ամենուր սիրով են ընդունել նրանց։ Տղաների կյանքը լի է հետաքրքիր պատմություններով։ Դրանք հուզիչ են և գնահատանքի արժանի։

Կարոն մի անգամ տուն էր բերել գործիք, որին անվանում են տմբլակ, Դարբուկա, Փերկաշն։ Այն Էդգարը փորձեց նվագել։ Մինչ այդ մայրը՝ դաշնակահարուհի Իվետա Պետրոսյանը, նրան հորդորում էր ընտրել դաշնամուրը։ Այսօր «Կարապետյան բենդ»-ում նա Փերկաշն է նվագում։ Սակայն ափսոսում է, որ դաշնամուրից հրաժարվել է։

«Կարապետյան բենդը» կշարունակի իր երաժշտական ճանապարհը, կշարունակի հիացնել, բայց թե գերդաստանի երիտասարդներից ով կմիանա նրանց, դժվարանում են ասել։ Հավանաբար նա, ում մեջ կլինի անհաղթահարելի ցանկություն երգիչ կամ երաժիշտ դառնալու։

Back to top button