Գերդաստաններ

Փայտագործներից մինչև կրկեսի արտիստներ. Վարդանյաններ. «Գերդաստաններ»

Մինչև 1915 թվականի ցեղասպանությունը Սեբաստիայի և Կարինի միջև գտնվող փոքրիկ բերդաքաղաքում՝ Տավրիկում, ապրում էին 4000 հայեր, որոնք զբաղվում էին, հիմնականում արհեստագործությամբ  ու առևտրով։ Այստեղ ապրող հմուտ արհեստագործներից էին Վարդանյանները, որոնք ցեղասպանությունից հետո գաղթեցին Արևելյան Հայաստան և հաստատվեցին Ապարանի Մռավյան գյուղում։ Լյուդվիգ Վարդանյանը, որն այսօր աշխարհի շատ երկրներում և արդեն նաև Երևանում հայտնի կրկեսային դերասաններ, ուժային ակրոբատներ՝ Վարդանյան եղբայրների պապն էր, հայտնի փայտագործ վարպետ էր և իր երեք տղաներին՝ Արամին, Վարդանին, Հայկին էլ սովորեցնում էր այդ արհեստը։

Ընտանիքը Լյուդվիգի մահից հետո թողնում է Ապարանի տունը, տեղափոխվում է Երևան և բնակություն հաստատում Արաբկիրում՝ Մինաս Ավետիսյան 22 շենքում։ Այստեղ եղբայրները միասին են ապրում և զբաղվում են փայտագործությամբ։ Մի օր Լյուդվիգի որդիներից Վարդանը, որը բացի փայտագործությունից նաև   գիմնաստիկայով ու ակրոբատիկայով էր զբաղվում և ուզում էր նաև կրկեսի դերասան դառնալ, որոշեց աթոռներ պատրաստել, որոնք կրկեսում նախատեսված բարդ վարժությունների կատարման համար էին։

Այսօր և՛ Լյուդվիգ պապի, և՛ նրա որդիների պատրաստած սեղաններն ու աթոռները և նաև մրգամանները կան։ Այդ իրերն այս գերդաստանի պատմության անխոս վկաներն են և ապրում են այդ երկու տներում, որտեղ երբեմն-երբեմն այցի են գնում հանրահայտ Վարդանյան եղբայրները, պարտավորվում վերանորոգել իրենց՝ այսքան մեծ հեղինակություն ու հաջողություն պարգևած  հնամենի ապարանյան տունն ու  Երևանյան բնակարանը։

Հորեղբայր Վարդանն այսօր հպարտանում է իր սաներով։ Տղաները հիշում են, թե ինչպես էր իրենց հետ պարապում, տանջվում, մինչև, որ նրանք ձևավորվեցին, իրական երազանք ու նպատակ ունեցան։ Տղաները սկզբում չէին հասկանում՝ ինչու են այդքան սովորում, չարչարվում, հասկացան միայն այն ժամանակ, երբ ընդամենը ինը տարեկան էին ու հորեղբոր հետ մեկնեցին Թավրիզ՝ հյուրախաղերի։

1990-ական թվականներից հետո էր, երբ երևանյան կրկեսի շենքը գրեթե չէր գործում։ Եղբայրները Վարդան հորեղբոր հետ մեկնեցին Մոսկվա և անմիջապես անցան աշխատանքի։ Նրանք անընդհատ մեկնում էին հյուրախաղերի, հաջողությամբ վերադառնում:

Աշխարհով մեկ շրջած Վարդանյան եղբայրները ցավում են, որ հայաստանյան հանդիսատեսին ուշ են ներկայացել և ցավ են ապրում նաև նրա համար, որ հայաստանյան կրտսեր սերունդը քիչ բան գիտի կրկեսի մասին, չգիտի, որ դա մի իմաստուն աշխարհ է՝ ձեռնածուներով, ծաղրածուներով, տրապիզիստներով, բարդ ու վտանգավոր ցուցադրություններով հանդես եկող ակրոբատներով, որ դա մի զարմանահրաշ աշխարհ է՝ ուժի, կամքի, հաղթանակի դրսևորումներով։

Վարդանյան եղբայրները հմայել ու զարմացրել են աշխարհին իրենց կրկեսային շոուներով։ Ներկայացումներից հետո և՛ մեծերը, և՛ փոքրերը պատմում են նրանց մասին… Սա է իսկական կրկեսը, որն այսօր ներկայացվում է Հրազդան մարզադաշտի մոտակայքում տեղակայված մի փոքրիկ վրանում։

Back to top button