ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հնարավոր նոր հասցե՝ բանակցային  քարտեզում․ Բաքուն Աստանային կողմ է, Երևանը մտածում է

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի ու Բայրամովի Ղազախստանում բանակցելու առաջարկի վերաբերյալ Երևանում դեռ որոշակիություն չկա, մինչդեռ Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր հայտնել է՝ ղազախական կողմի առաջարկով արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուն պես:

Ղազախական հնարավոր հանդիպումից փորձագետները մեծ ակնկալիքներ չունեն, իսկ բանակցային հարթակի նոր հայտը գնահատելիս միանշանակ չեն։  Հիշեցնում են, որ ղազախ պաշտոնյաների այցելությունները Երևան ու Բաքու վերջին շրջանում խիտ գրաֆիկ են ունեցել։

Քաղաքականության մեջ հենց այնպես հարթակներ չեն տրամադրվում, և Ղազախստանն էլ այն դերակատարը  չէ, որ ինքնուրույն որոշում կայացնի հարթակ տրամադրելու հարցում ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ վերլուծելով Ղազախստանի կողմից հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակի տրամադրման առաջարկը։

«Աստանայի այս ակտիվությունը զուգորդվում է Կենտրոնական Ասիայի ուղղությամբ Բրիտանիայի անմիջական ակտիվությամբ։ Այս օրերին Ղազախստանում է Կենտրոնական Ասիա կատարած շրջագայության համատեքստում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, նախկին վարչապետ Քեմերոնը։ Մի հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի՝ բրիտանական մի ոչ կառավարական կազմակերպություն Կասպիցի ավազանում էկոպահպանության մեծ ծրագրի շուրջ պայամանգիր էր կնքել Թուրքմենիայի իշխանությունների հետ։ Եվ այս ակտիվության պայմաններում մենք տեսնու ենք Ղազախստանի այս հայ-ադրբեջանական հայտը, և ես հակված եմ մտածել, որ այստեղ թերևս կա բրիտանական անուղղակի աջակցություն»։

Ղազախստանում բրիտանական 600-ից ավելի ընկերություններ են աշխատում, ինչը ևս խոսուն փաստ է այդ երկրում  բրիտանական ներկայության ու դիրքերի ամրապնդման մասին՝ ասում է վերլուծաբանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, արձագանքելով ղազախական առաջարկին հստակեցնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի։ Մինչ այդ Երևանը հայտարարում է, որ կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների համար հարթակների տրամադրման առաջարկներին, որոնք միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին:Հայաստանի արտգործնախարարությունը դիտարկում է առաջարկը, դեռ հստակ պատասխան չկա, մինչդեռ ադրբեջանական կողմից արդեն շտապել են համաձայնել ղազախական առաջարկին ու պատրաստակամ են հանդիպել Աստանայում և եթե Հայաստանը ևս համաձայնի։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի համոզմամբ Ղազախստանում հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու հետևում ռուս-թուրքական ազդեցությունն է։

«Ամեն դեպքում, Ղազախստանը ԱՊՀ երկրների շարքում է, ՀԱՊԿ անդամ է, նաև չմոռանանք, որ Ռուսաստանի հետ ունի այլ մակարդակի հարաբերություններ։ Բայց այստեղ կա նաև հակառակ կողմը՝ վերջին տարիներին ղազախական կողմը Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի է խորացրել, ունի բաց և ուղիղ համագործակցություն Էրդողանի հետ ու նաև Ադրբեջանի հետ բազմապիսի պայմանագրեր ունի կնքված, օրինակ՝ օկուպացված Արցախում Ղազախստանը ֆինանսավորել է մեկ դպրոցի կառուցում, նաև այլ դպրոցների «վերականգնաման» համար պետք է ֆինանսավորում տրամադրի։ Հետևաբար այստեղ կա վարկած, որ Աստանայում  ռուսական և թուրքական միջնորդավորված ազդեցություն է ապահովվելու»։

Հայ-ադրբեջանական բանակցությունների համար  հարթակ տրամադրելու առաջարկի մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոսել էր Երևան կատարած վերջին  այցի ժամանակ։ Փորձագետ Գառնիկ Դավթյանը համոզված է, որ հայկական կողմը չի գնա Ղազախստան՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, քանի որ այն բավականին ռիսկային է։

«Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն արդեն մեծ ռիսկեր են պարունակում, քանի որ չգիտենք՝ մի որոշ ժամանակ հետո ինչ հայտարարություններ կանի, այսինքն բավականին ռիսկային  և մանիպուլյատիվ դաշտի լայն պլացդարմ է ստեղծում»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, սակայն, պետք է օգտագործել բոլոր հարթակները և աշխատել բոլոր ուժային կառույցների հետ, բայց նաև պետք է իրադարձությունների հաջորդականությանը հետևել։ Հարկ է դիտարկել ղազախական կողմի վերջին շրջանի ակտիվությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝

«Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ Աստանայի հարթակը, իրերի ներկա դրությունը կարող է էական փոփոխության ենթարկել, սակայն որոշակի իրավիճակի ու տրամաբանության ու սպասելիքների ինդիկատոր կարող ենք դիտարկել այն, որ ապրիլի 19-ի համաձայնությունը, փաստորեն, տեղի ունեցավ ղազախական նախաձեռնության ֆոնինմարտի վերջին Ղազախստանի նախագահը եղավ Բաքվում, երկու շաբաթ անց այդ երկրի արտգործնախարարը այցելեց Հայաստան, դրանից երկու շաբաթ հետո Հայաստան եկավ Ղազախստանի նախագահը, և նրա այցից մի քանի օր անց հայտարարվեց հայ-ադրբեջանական սահմանային այս համաձայնության մասին»։

Վերլուծաբանը նաև նշում է, որ Մեծ Բրիտանիայի համար  էական կարևորություն ունի «Միջին Միջանցքի» ստեղծումը, որը  Չինաստանից՝ Ղազախստանով,  Կասպից ծովով,  Ադրբեջանով ու Վրաստանով Եվրոպա ձգվող տրանսպորտային ուղի է լինելու։

Back to top button