ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն»․ մարզերի մի շարք դպրոցներ ներառվել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրում

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ԿԳՄՍ նախարարությունը Եվրոպական Միության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև Արցախից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր։ Ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը ինչպես ֆորմալ այնպես էլ ոչ ֆորմալ կրթությունում։

Աշխարհի տարբեր երկրներում կրթությանն ուղղված բյուջեները կրճատվում են։ Ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանում կրթությանը հատկացված գումարը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է։ Միայն այս տարի նախորդի համեմատ այն 38 տոկոսով աճել է, ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։ 

Բայց նախարարը կարծում է, որ որակյալ կրթության հաջողությունը նաև գործընկերներից է կախված, ուստի «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն»-ը լավ հարթակ է ևս մեկ անգամ անդրադառնալու նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն ՀՀ-ում կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքին, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը։

«Գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ուղղությամբ։ Նոր օրենքն ամբողջությամբ ընդունելու ճանապարհին ենք, առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրման ճանապարհին ենք։ Բարձրագույն կրթության բարեփոխումները, որոնք ն որ օրենքի շրջանառմամբ նաև նոր բովանդակություն ու թափ կստանան։ Սրանք նույնպես քննարկման օրակարգում են։ Շատ բան կա խոսելու, ու հուսով եմ՝ ժամանակը կբավականացնի»։

Գործընկերների հետ քննարկվեցին են նաև Արցախից բռնի տեղահանված աշակերտների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ բռնի տեղահանված դպրոցահասակ գրեթե բոլոր երեխաները՝ շուրջ 17 հազար աշակերտ, ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Իրականացվել է ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը:Ինչ վերաբերում է բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Կառավարությունը վերջերս երկարաձգել է ծրագրի գործողության ժամկետը մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

«Այսօր արդեն ավելի քան 500 ուսուցիչներ աշխատում են դպրոցներում, խոսում ենք ուսանողների և աշակերտների կրթության իրավունքի ապահովման մասին։ Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման որոշումներ ընդունեց կառավարությունը, և մենք նաև կարիք ունենք հասկանալու հետագա անելիքները։ Դպրոցական կրթությունն իհարկե ապահովում ենք, բայց այստեղ էլ լրացուցիչ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագերի, այլ ծառայությունների ուժեղացման կարիք կա։ Այստեղ ներկա մեր որոշ գործընկերների մենք ունենք համատեղ ծրագրեր նաև այդ ուղղություններով»։

Կարևորելով գործընկերների հետ կրթական երկխոսությունը, նախարարը կարևորեց ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը, որն ուղղված է կրթության ռազմավարության իրականացմանը թե՛ նոր չափորոշիչների ներդրման, թե՛ դպրոցների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Ընդգծելով բարեփոխումների կարևորությունը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նկատեց, որ առանց կրթական համայնքի ակտիվ մասնակցության, մեծ հաջողությունների չեն հասնի։

«Պետք է ամենի ինչ անենք, որ այս պրոցեսը դառնա ներառական, ներառի ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին, աշակերտներին, ծնողներին։ Սա չափազանց կարևոր է այս բոլոր բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար։ Այսօրվա հանդիպումը մեզ հնարավորություն կտա հասկանալու՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ մարտահրավերներ կան»։

Կրթության ոլորտի բարեփոխումները նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում են, ուստի կարևորելով իրականացվող բարեփոխումները Հայաստանում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը հույս հայտնեց, որ այս և հաջորդ նմանատիպ հանդիպումները կնպաստեն, որ Հայաստանում որակյալ կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի։

Back to top button