ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Լոնդոնի կենտրոնակայանից՝ Երևան․ ՎԶԵԲ տարեկան միջոցառման «հայկական անկյունը»

Աշխարհի խոշոր վարկատու կառույցներից մեկը՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը, 2024-ի իր տարեկան համաժողովն այս շաբաթ կազմակերպել էր Երևանում։ Կառույցի կենտրոնակայանը Լոնդոնում է։ Այն Եվրոպայից և Միջին Ասիայից ունի 30 անդամ երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը։ Մայիսի 14-ից 16-ն ընթացած միջոցառմանն առանձին տաղավարներով ներկայացել են նաև կառույցի աջակցությունից օգտված և բիզնեսում կայացած  հայաստանյան ընկերությունները։

Փարաջանովի կոլաժներով շարֆերը արտադրաշարքի ամենապահանջվածն են Իտալիայի նորաձևության մայրաքաղաք Միլանում։

2016թ.-ից հայկական «Արտույտ» ընկերությունն արտադրում է հայ նկարիչների վրձնած նկարներով և հայկական զարդանախշերով շարֆեր ու աքսեսուարներ։ Ծավալը՝ տարեկան մոտ  32 հազար նմուշ։ Ղազախստանից մինչև ԱՄՆ ունենք գնորդներ, մասնակցում ենք «Միլան նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառմանը՝ պատմում է ընկերության հիմնադիր Արևիկ Առաքելյանը։

«Համագործակցում ենք Հայաստանի թանգարանների, նկարիչների, նրանց ժառանգների հետ, կնքում պայմանագրեր, ստանում հեղինակային իրավունքը և սկսում արտադրել շարֆեր։ Կարող եմ ցույց տալ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցության արդյունքը․ սա նրա կոլաժներից մեկն է, և մենք յուրաքանչյուր վաճառված շարֆից վճարում ենք սահմանված տոկոս, որը թանգարաններին բերում է արտաբյուջետային ֆինանսավորում»։

Ապրանքանիշի գրագետ մշակում՝ բրենդինգ իրականացնելու համար ընկերությունը դիմել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակ, ստացել համաֆինանսավորում և  այժմ համանուն թռչնի լոգոտիպով և հարակից մարքեթինգային լուծումներով է ներկայանում շուկային։

Նույն գրասենյակի հետ համագործակցության արդյունքում մեկ այլ հայկական արտադրող արդեն ունի օնլայն խանութ։ 

«Հալեպ խանութ» օնլայն հարթակում ներկայացված է Միջին Արևելքի քաղցրավենիքից մինչև ընդեղենի, համեմունքների տեսականի։ Դրանց մեջ է բարակ կեղևով, նեղ ու երկար հալեպյան հայտնի կարմիր պղպեղը։ Արտադրողն այն աճեցնում է Մասիս քաղաքում և տարեկան ստանում մոտ 80 տոննա վերամշակված հումք։

Ալին Սարյան Մասրլյանը պատմում է՝ առցանց խանութը բացել են մինչև համավարակը, երբ դեռ հայտնի չէր, որ մարդիկ կանցնեն օնլայն գնումների։

«Աջակցեցին ֆինանսապես և խորհրդատվություն տրամադրեցին։ Խանութը գործում է 2019թ.-ից։ Օնլայն վաճառքը «էյֆորիա» ապրեց, որովհետև կորոնահամաճարակ էր, հետո ծավալն իջավ և հիմա հանգիստ ընթացքի մեջ է։ Այժմ կազմում է ընդհանուրի  15-20%-ը։ Կարող են պատվիրել, վճարել օնլայն համակարգով և մենք առաքումն ապահովենք»։

ՎԶԵԲ-ը հայաստանյան փոքր  ձեռնարկություններին օգնում է մարքեթինգից մինչև ֆինանսական կառավարման հետ կապված հարցերով։ Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման համար էլ գործում է կառույցին առընթեր «Հայաստանի ներդրումային խորհուրդը»։

Մեր հիմնական մանդատը օրենսդրական բարեփոխումներին աջակցություն տրամադրելն է՝ նշում է խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը։

«Բիզնես համայնքի կողմից քարտեզագրում ենք խնդիրները և հանդես գալիս տարբեր տեսակի օրենսդրական փոփոխությունների առաջարկով։ Յուրաքանչյուր ամիսը մեկ առաջարկում ենք էկոնոմիկայի նախարարին և յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ փոխվարչապետի գրասենյակին»։

Ներդրումային խորհրդի միջամտությամբ տարեկան 22-25 բարեփոխում է հաստատվում։ Դրա արդյունքում, օրինակ, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվման պարագայում 3 տարի անընդմեջ տեղական բիզնեսը կարող է պետբյուջեից ստանալ տվյալ աշխատողի մասով աշխատավարձի մինչև 50% սուբսիդավորում։

«Մեկ այլ ծրագիր էլ, որ հաստատվել է, վերաբերում է ինժեներական ընկերություններում անփորձ մասնագետների ներգրավմանը։ Եթե նման մասնագետ են ներգրավում, բիզնեսները նրանց մասով 1 տարվա կտրվածքով հնարավորություն են ունենում ստանալ եկամտային հարկի վերադարձ»։  

Ներդրումային խորհրդի թիրախում հիմնականում մշակող արդյունաբերությունը, ՏՏ ոլորտն ու գյուղատնտեսությունն են։ Վերջին օրենսդրական փոփոխությունը, սակայն, առևտրի ոլորտում փոխհարաբերություններին է վերաբերվում։ Ըստ դրա՝ այսուհետ առևտրային ցանցերը պարենային ապրանքների համար բիզնեսներին վճարումները պետք է կատարեն մինչև 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ մինչև 60 օր ժամկետում։

Ներդրումային խորհրդի աշխատանքներին աջակցում է նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

Մենք հետաքրքրված ենք, որպեսզի մշակվող նոր օրենքներում հաշվի առնվեն «կանաչ տնտեսության» և «գենդերային հավասարության» բաղադրիչները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

«Կանաչ տնտեսության դեպքում պետք է հաշվի առնել, թե որքանով են ռեֆորմները համապատասխանում բնապահպանական զարգացմանը։ ՀՀ կառավարության հետ մեր ռազմավարական երկխոսության համատեքստում մի քանի ուղղություններով ցանկանում ենք նպաստել տնտեսության զարգացմանը։ Մենք օգնում ենք կառավարությանը տեքստիլ արդյունաբերության ռազմավարության մշակման հարցում։ Տեքստիլ արդյունաբերությունն աշխատատեղեր է ստեղծում հատկապես կանանց համար։ Նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք կարող են այս ճյուղում ավելի հեշտ ձևով աշխատանք գտնել։ Ուստի, որքան այս ոլորտը զարգացած լինի, այնքան ավելի շատ մարդու այն օգուտ կբերի»։

Դեսպանը հույս է հայտնում՝ հայաստանյան տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման  դեպքում հագուստի խոշոր բրիտանական ապրանքանիշերն ավելի  հետաքրքրված կլինեն հայկական ընկերությունների հետ համագործակցությամբ։

Back to top button